Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները ընտրակեղծարարության նոր մեխանիզմ են տեսնում էլեկտրոնային գրանցման համակարգում


Ընդդիմադիրներն ահազանգում են՝ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրմամբ իշխանությունները կրկնակի քվեարկության մեխանիզմը կանխելու փոխարեն իրականում կեղծարարության նոր մեխանիզմ են ստեղծում:

Ըստ նախագծի, տեղամաս այցելած քաղաքացին քվեարկությանը մասնակցելու իրավունք ստանալու համար առաջինը մոտենում է տեխնիկական մասնագետին, վերջինս ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը ներմուծում է ստուգող սարքավորման մեջ: Եթե փաստաթղթի իրական տերը գրանցված է տվյալ տեղամասի ցուցակում և մինչ այդ պահը չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին վառվում է կանաչ ազդանշան ու ավտոմատ կերպով տպվում քվեարկության կտրոնը: Քվեաթերթիկները ստանալու համար նա հանձնաժողովի անդամներին է ներկայացնում արդեն տպված կտրոնը:

«Ինքը հնարավորություն է ընձեռում՝ գնամ, իր փոխարեն ID քարտով գրանցվեմ՝ թեկուզ ID քարտը դրվի որևէ սարքի մեջ, նկարը էկրանին երևա կամ կանաչ լույս վառվի, և իր փոխարեն ես գնամ ընտրեմ», - պնդում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: - «Ըստ էության՝ հանձնաժողովը երկու մասին է բաժանվում․ բուն հանձնաժողովը և տեխնիկական մասը: Տեխնիկական մասը արդեն դառնում է մեկ այլ օղակ, որը, իհարկե, ընդդիմության համար շատ ավելի դժվար է լինելու վերահսկել», - հավելում է նա:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ պնդում է՝ տեխնիկական սարքավորումներից բացի, հանձնաժողովի անդամները նույնպես պետք է ստուգեն ընտրողի փաստաթուղթը:

«Կարող է՝ դու այնտեղ թույլտվություն ստանաս, բայց այս մյուս հանձնաժողովի անդամը ինչ-որ բան բացահայտի և չգրանցի: Վերջում, որ պետք է պատասխանատվության ենթարկես, հո համակարգչին չպիտի՞ ենթարկես պատասխանատվության», - հավելում է նա:

Ըստ նախագծի, ցանկության դեպքում հանձնաժողովի անդամները կարող են ստուգել ընտրողի փաստաթուղթը, սակայն ընդդիմադիրները նշում են՝ մի բան է դա որպես պահանջ ամրագրել օրենքում, այլ բան՝ թողնել հանձնաժողովականների կամքին:

«Բոլոր այն վայրերում, որտեղ հանձնաժողովի անդամների նկատմամբ ճնշումները կամ գայթակղությունները արդյունք տված կլինեն, բոլոր այդ տեղամասերում ընտրակաշառքի մեխանիզմը 100 տոկոսանոցի կհասցնեն», - վստահ է Արմեն Մարտիրոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում նույնպես էլեկտրոնային գրանցման համակարգում թերություններ են տեսնում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատում է՝ ընտրակեղծարարության դեմ պայքարում գլխավոր գործող անձինք, ըստ էության, տեղամասում դառնում են տեխնիկական մասնագետները, մինչդեռ նրանց ընտրության ու նշանակման կարգի վերաբերյալ նախագծում խոսք չկա:

«Ո՞վ է նշանակում այդ աշխատողին, այդ էլեկտրոնային կառավարման սերվերի անվտանգության համար ովքե՞ր են երաշխիքներ տալու․․․ լուծված չէ․․․ սա նշանակում է, որ էլեկտրոնային գրանցման և դրա սպասարկող բոլոր ատրիբուտները՝ վարչարարությունը, վստահություն չի ներշնչում», - հավելում է պատգամավորը:

Իշխող Հանրապետականում, մինչդեռ, անհեթեթ են որակում ընդդիմադիրների քննադատությունը:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը պնդում է՝ էլեկտրոնային համակարգը ներդրվում է կրկնակի քվեարկությունները կանխելու նպատակով: Առաջիկա օրերին ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկման կդրվի Պետաիրավական հանձնաժողովում։ Սահակյանը վստահեցնում է՝ տեխնիկական մասնագետների ընտրության կարգը և էլեկտրոնային համակարգի սպասարկման հարցերը օրենքում դեռ կհստակեցվեն:

«Թե ինչպիսի կառույցներ կստեղծվեն՝ կարծում եմ դա ապագայի խնդիրն է, որովհետև և՛ Ընտրական օրենսգիրքը քննարկելուց, և՛ դրանից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես պատասխանատու մարմին ունի նաև տարբեր իրավական ակտեր ընդունելու իրավասություն, որով, կարծում եմ, կկարգավորվի այդ ամբողջ գործընթացը», - պարզաբանում է Սահակյանը:

XS
SM
MD
LG