Մատչելիության հղումներ

Զուրաբյանը իշխանությանը բանակցությունների գրավոր առաջարկ է ներկայացնում


ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր դիմել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

Զուրաբյանն առաջարկել է բանակցել Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների, նաև հասարակական կազմակերպությունների չորսական ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հայաստանում զանգվածային ընտրակեղծարարության վերացման եւ ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտության ապահովման, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հանրության հավատի վերականգնման նպատակով առաջարկում ենք նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը կառուցել լայն հանրային եւ քաղաքական կոնսենսուսի վրա: Որպես նման կոնսենսուսի կառուցման համար առանցքային գործիք, առաջարկում ենք բանակցությունների 4+4+4 ձևաչափը», - նամակում գրել է Զուրաբյանը:

«Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը նշեց․ - «Նախապատրաստական ամբողջ աշխատանքը այդ կոնսենսուսի կառուցման բանակցությունների համար արված է: Գնդակը հիմա գտնվում է իշխանության խաղադաշտում: Ես ուղարկել եմ կոնկրետ գրավոր առաջարկ, ինչպես իշխանությունները խնդրել էին՝ ասելով, որ բանավոր ընդունում են մեր առաջարկը, բայց ցանկանում են ստանալ գրավոր առաջարկ»:

Ավելի վաղ Լևոն Զուրաբյանն ասել էր, որ խորհրդարանի չորս ընդդիմադիր խմբակցությունները համաձայնել եմ մասնակցել իշխանության հետ քննարկումներին:

Հասարակական 12 կազմակերպություններ այսօր հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններին՝ հրապարակելով քվեարկությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների անունները․ Սոնա Այվազյան («Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն), Լևոն Բարսեղյան (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ), Տիգրան Եգորյան («Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ), Արտակ Զեյնալյան («Իրավունքի գերակայություն» ՀԿ): Փոխարինողներ են ընտրվել Իրազեկ քաղաքացիների միության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության ներկայացուցիչ Ստեփան Դանիելյանը:

Բանագնացների շարքում է նաև բազմաթիվ ընտրություններ դիտարկած «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, ով «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Նախ, նախագծի որակն է բավականին անհաջող: Ոչ թե գրագիտության առումով, այլ հենց առաջարկվող մեխանիզների առումով: Անընդունելի շատ բաներ կան այնտեղ: Եվ մեծ չափով հաշվի առնված չեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի) առաջարկությունները: Երկրորդը՝ գործընթացն այնքան փակ էր, որ հնարավորություն չեն ունեցել շահագրգիռ կողմերը առաջարկություններ ներկայացնել: Իշխանությունները կարող են ցույց տալ, որ դեռ բաց են, որ իրենք պատրաստ են իրականացնել ներառական գործընթացը, որն իրենց առաջարկել են նաև բազմաթիվ միջազգային կառույցներ, պատրաստ են իրականացնել: Սա այդ մեխանիզմն է, որ, մենք կարծում ենք, այս պահին այլընտրանք, կարծես, չկա: Ավելի հարմար բան, կարծես, ոչ ոք դեռ չի առաջարկել»:

Լևոն Զուրաբյանը կարծում է, թե իշխանությունը փորձում է արժեզրկել իր առաջարկած ձևաչափը, և եթե նույն ոգով շարունակեն, ապա իրենք դա կընկալեն որպես գործընթացը վիժեցնելու փորձ․ - «Իրենք փորձում էին անդրադառնալ այն հանգամանքին, որ, գիտեք ինչ, հասարակական կազմակերպությունների 5 հազար գրանցված միավոր կա, և, բնականաբար, բոլորը ներկայացված չեն լինի այդ չորսհոգանոց ֆորմատում: Դա դեմագոգիա է: Հասարակական կազմակերպությունները ստեղծվում են բազմաթիվ թեմաների շուրջ՝ կենդանիների պաշտպանության, աղբահանության գործընթացի բարելավման․․․ Շատ կարևոր է նրանց կարծիքն էլ, բայց մենք չենք կարող լրիվ իմաստազրկել այս գործընթացը: Եթե մենք ուզում ենք, որ քաղաքացիական հասարակությունը ներկայացված լինի, ուրեմն պիտի գործ ունենանք այն կազմակերպությունների հետ, որոնք բազմամյա փորձ ունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և ընտրությունների օրինականության վերահսկման գործում, որոնց ճանաչում է միջազգային հանրությունը: Այս կազմակերպությունների հետ են հանդիպում Վենետիկի հանձնաժողովը կամ ԵԱՀկ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները»:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) «Ազատության» հետ զրույցում այսօր կրկին պնդեց, թե Հանրապետական պատրաստ է բանակցել․ - «Եթե այդքան մտահոգ էիք, կամ եթե այդ խնդիրները կար, շատ ավելի ուղիղ ճանապարհ կար․․․ Կարելի էր այդ նույն կազմը հավաքել, քննարկում կազմակերպել, և այդ նույն կազմով ասել, որ պատրաստ ենք քննարկման»:

Հարցին, թե արդյոք քննարկումը ենթադրում է նախագծում փոփոխություններ կատարելու հնարավարություն, Սահակյանը պատասխանեց․ - «Իհարկե․․․ Եթե կառուցողական, ողջամիտ, ընկալելի առաջարկներ կլինեն, կընդունենք»:

XS
SM
MD
LG