Նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում առնվազն երկու ընդդիմադիր երիտասարդներ են ծեծի ենթարկվել, մեկը՝ հենց Ամանորի գիշերը՝ Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման անդամների և ոստիկանների միջև բախումների ժամանակ, երբ ուղեղի ցնցում ստացավ Սևակ Մանուկյանը, մյուսը՝ օրեր անց՝ նույն շարժման ակտիվիստ Սյուզի Գևորգյանը: Երիտասարդ աղջկա ծեծի հեղինակները նույնպես ոստիկաններն են, հայտարարում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, կոչ անելով ոստիկանապետին՝ բացահայտել ու պատժել Սյուզի Գևորգյանին ծեծողներին: Հակառակ դեպքում կասկածները է՛լ ավելի են խորանում, ընդգծում է իրավապաշտպանը:
Ժաննա Ալեքսանյանը նաև հայտարարում է, որ Նոր տարվա գիշերը տոնածառի տեղադրման համար Ազատության հրապարակում ընդդիմադիրների ու ոստիկանների միջև բախումներից հետո ձերբակալված, այնուհետև կալանավորված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է:
«Նույն ձեռագիրն է, իհարկե, որը շարունակվում է արդեն վերջին մի քանի տարին: Որևէ դեպք չի բացահայտվում, ինչպես հայտնի է, և անպատժելիությունը խորանում է: Աղջկան ծեծել են մնացածի վրա ճնշում գործադրելու համար, որովհետև կին է՝ պետք է բոլորը վատ զգան, հուզվել, և ակնհայտ է, որ ծեծողը ոստիկանական բանդաներն են, որոնք, ինչպես խոստովանել էր ոստիկանապետը, կարծեմ անցյալ տարի, որ հատուկ ինչ-որ ջոկատներ ունի ստեղծած», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
«Որևէ մեկը ինչո՞ւ պետք է ծեծեն այդ աղջկան, այսինքն՝ ի՞նչ պատճառ կարող է լինել՝ ծեծել էսպիսի մաքուր, գրագետ աղջկա, որն իրոք լուսավոր Հայաստան է երազում: Եվ այս ակտիվիստների պարբերաբար ծեծը, որը ոստիկանության միակ միջոցն է՝ կա՛մ անթաքույց է ծեծում, կա՛մ էսպես բանդաներով, որևէ դեպք թող բացահայտեն՝ էսպիսի կարծիք չի ձևավորվի», - ընդգծեց Ալեքսանյանը՝ շարունակելով․ - «Եթե նրանք կրկնակի անգամ են սպառնալիքներ և ծեծի ենթարկում, նշանակում է՝ սա թիրախավորված է իրոք, ինչպես պնդում է «Նոր Հայաստան»-ը, և որևէ մեկը չի ասում՝ «էս ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ չեք բացահայտում», ասենք՝ շեֆը՝ Սերժ Սարգսյանը, չգիտեմ, կառավարությունը․․․»:
Նրա խոսքով, այդ դեպքերին իշխանությունների կողմից քաղաքական գնահատական «որևէ կերպ չկա, և, այսպես ասած, վայելում և հաճույք են ստանում այդ ծեծերով այս տոնական օրերին»:
«Սուրբ Ծննդյան օրը, Աստվածաշունչ նվիրող ոստիկանապետը թույլ է տալիս, որ էսպիսի երիտասարդներին․․․ Գիտեք, ատելություն եմ նկատում վերջին շրջանում էս երիտասարդ ակտիվիստների նկատմամբ, Գևորգ Սաֆարյանին [ձերբակալությունը և կալանավորումը] ակնհայտ ատելության դրսևորում էր», - նշեց իրավապաշտպանը:
Հարցին՝ Ամանորի գիշերը առանց քաղաքապետարանի թույլտվության տոնածառ Ազատության հրապարակ տանելը օրինակա՞ն է արդյոք, Ալեքսանյանը արձագանքեց․ - «Գիտեք ինչ, սա մառազմ է ուղղակի, որ տոնածառ տեղադրելու համար պետք է գան և մարդուն բռնության ենթարկեն, թույլ չտան․․․ Ծիծաղելի է նույնիսկ քաղաքապետի վիճակը, որը չի միջամտում և ոչինչ չի ասում»:
«Գևորգ Սաֆարյանը քաղաքակա՞ն բանտարկյալ է», - «Ազատության» այս հարցին իրավապաշտպանը պատասխանեց․ - «Իհարկե, Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է՝ միանշանակ, և իրենք ամեն օր նոր քաղբանտարկյալների են սարքում և հետո հրաժարվում են, թե քաղբանտարկյալներ կան, ինչպես ասեց արդարադատության նախարարը՝ ինչ-որ չափորոշիչներ գիտի, որոնց չի համապատասխանում, չնայած չի ասում՝ դրանք ինչ չափորոշիչներ են»:
Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի՝ ամանորյա ուղերձում արած հայտարարությանը՝ «ոստիկանության նոր քաղաքականության շնորհիվ աննախադեպ աճել է հասարակության վստահությունը մեր հանդեպ», Ժաննա Ալեքսանյանը հակադարձեց․ - «Ոստիկանապետը իր երազանքները, իր մտքերը ունի երևի, չգիտեմ, ինչպիսի մտքեր՝ չեմ ուզում ինչ-որ որակավորումներ տամ, նա պետք է իրականությանը նայի: Այսինքն՝ ի՞նչ քաղաքականություն․ եթե բռնությունից բացի մենք ուրիշ բան չենք տեսնում ոստիկանությունից, ի՞նչ վստահության մասին է խոսքը»:
«Հասարակությունը մերժում է ոստիկանությանը: Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր էսպիսի ոստիկանություն չի եղել, որը տարիներ շարունակ արտահայտված, ընդգծված բռնության է ենթարկում քաղաքացիներին», - համոզված է իրավապաշտպանը:
«Եվ հավելեմ նաև, որ շատ ուրախ եմ, որ Եվրոպական դատարանը կառավարության հետ հարցուպատասխանի մեջ է [Վահան] Խալաֆյանի՝ ոստիկանության բաժնում սպանության համար, և որ այդ դատը Հայաստանի Հանրապետությունը չի կարող պատասխանել այդ հարցերին, և վերջապես Եվրոպական դատարանում կորոշվի մի հարց, որ մտածում ես, հույս ես տածում, որ վերջապես ինչ-որ զսպող բան կլինի ոստիկանության համար», - հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը: