«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբը հայտարարում է, որ այսօր հարձակվել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գևորգյանի վրա և ծեծի ենթարկել նրան:
Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «Այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ հետապնդել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանին, այնուհետև, վրա հասնելով, գետին են տապալել և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երիտասարդ աղջնակի վրա հարձակվողները հեռացել են միայն այն ժամանակ, երբ նրա օգնության կանչերի վրա մարդիկ սկսել են մոտենալ»:
Ըստ «Նոր Հայաստան»-ի, հարվածներ հասցնելու ժամանակ հարձակվողներն ասել են՝ «քեզ ասացինք, որ հեռու մնաս, ինչո՞ւ չլսեցիր»:
Շտաբը նշում է, որ Սյուզի Գևորգյանն այն արտերկրաբնակ երիտասարդներից մեկն է, որ Հայաստան է ժամանել հանրաքվեի ընթացքում «Ոչ»-ին աջակցելու համար և շարունակում է պայքարը հանրաքվեի արդյունքների կեղծման դեմ:
«Նոր Հայաստան»-ը հիշեցնում է, որ Սյուզի Գևորգյանի վրա 2015 թվականի օգոստոսի 14-ին նույն սցենարով հարձակվել էին և ծեծել ու ահաբեկել՝ պահանջելով հեռու մնալ պայքարից: Ըստ հաղորդագրության, այդ ժամանակ նրան փորձում էին հետ պահել «Հիմնադիր խորհրդարան»-ին աջակցելուց:
«Ինչպես Գևորգ Սաֆարյանի պարագայում, Սյուզի Գևորգյանին թիրախավորելը ևս պատահական չէ: Սյուզի Գևորգյանը հատուկ պայքարի նպատակով հայրենիք եկած արտերկրաբնակ երիտասարդի այն տեսակն է, որ նաև Հայաստանից դուրս բնակվող հայ երիտասարդությանն անընդհատ կոչ է անում վերադառնալ իրենց երկիր և պայքարել նրա ապագայի համար: Այս բռնությունները վկայում են այն մասին, որ վարչախումբն արբեցել է հանրաքվեի կեղծված արդյունքներով և համարում է, որ արդեն կարող է բացահայտ ու ցինիկ կերպով անցնել օրենքի և բարոյականության բոլոր սահմանները՝ նպատակ ունենալով հնարավորինս շուտ ձերբազատվել հանրքավեի արդյունքները վիճարկող և միակուսակցական համակարգի կայացմանը խանգարող բոլոր ուժերից և անհատներից», - ասված է հաղորդագրությունում: