«Նոր Հայաստան»-ի ակտիվիստները պատրաստվում են ոստիկանության դեմ բողոք ներկայացնել՝ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում իրենց իրավունքները ոտնահարելու և բռնություն գործադրելու համար:
Ընդդիմադիրների փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, իրավապահների գործողությունների հետևանքով հինգ հոգի մարմնական վնասվածք է ստացել:
«Քաղաքացիները, լինելով գաղափարակիցներ, լինելով «Նոր Հայաստան» շարժման անդամներ, փորձել են իրականացնել իրենց խոսքի ազատությունը, հանրահավաքներին մասնակցելու, միջոցառում իրականացնելու ազատությունը։ Քաղաքապետարանը արտոնել է, բայց բիրտ ձևով, այսինքն ապօրինի կանգնեցվել է իրենց ազատություններն իրականացնելը»,- ասաց փաստաբանը։
Դեկտեմբերից իշխանափոխության պահանջով հրապարակում ցույցեր անցկացնող «Նոր Հայաստան»-ի ակտիվիստները տարեմուտին փորձել էին տոնական եղևնի տեղադրել Ազատության հրապարակում, ոստիկանները, սակայն, խոչընդոտել էին: Հինգ հոգի բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել: Մինչդեռ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը երեկվանից երկամսյա կալանքի տակ է՝ ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով: Սաֆարյանի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանության հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:
«Թե սահմանափակել են իրենց ազատությունների և իրավունքների արտահայտման իրականացումը, բացի այդ նաև, ըստ մեզ, կեղծ փաստեր են փորձում ներկայացնել և սուտ մատնություն իրականացնել նույն Գևորգ Սաֆարյանի նկատմամբ»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։
Այսօր փաստաբանի գրասենյակում «Նոր Հայաստան»-ի անդամները, ովքեր Ամանորի գիշերը Ազատության հրապարակում էին, թղթին էին հանձնում իրենց տեսածը՝ ոստիկանության դեմ բողոքին կցելու համար:
Ակտիվիստ Հովհաննես Ղազարյանը պատմեց, որ հրապարակում ոստիկանները իրենց գցել էին գետնին ու ծեծում էին ոտքերով.- «Իհարկե, ոստիկանները հարվածել են, կադրեր կան։ Մեր կողմից ոչ մի բռնություն չի եղել, քանի որ մենք լավ գիտենք օրենքները, գիտենք՝ ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել»։
Ոստիկանության լրատվական ծառայությունից այսօր փոխանցեցին, որ չեն արձագանքի հնչող մեղադրանքներին՝ Հատուկ քննչական ծառայությունում շարունակվող նախաքննությանը չխոչընդոտելու նպատակով:
Մինչ այդ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գևորգ Սաֆարյանին, ով երեկ հացադուլ էր հայտարարել՝ իրեն մենախուց տեղափոխելու պահանջով: Սաֆարյանը պնդում է, որ քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ նախկինում բռնություն է գործադրվել:
«Այս պահի դրությամբ, ես կարծում եմ, որ պահանջը բավարարված է և բանտային պայմանները նրա համար հնարավորինս բարենպաստ կլինեն։ Ես կարծում եմ, անցած գիշերվա ընթացքում ճնշումների չի ենթարկվել, որովհետև նման հայտարարություն չի արել։ Հացադուլի հետ կապված կարող եմ ասել, որ հիմա այդ խցային պայմանները կլինեն, կարծում եմ, նա այլևս չի շարունակի հացադուլը»,- ասաց պատգամավորը։
Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները այսօր մեր զանգերին չարձագանքեցին:
«Նոր Հայաստանի» անդամի կալանավորումը Զարուհի Փոստանջյանը գնահատեց որպես իշխանության հերթական բռնաճնշումը ընդդիմադիր շարժման նկատմամբ: «Կրկնողություն է, տարիներ շարունակ մենք դրա ականատեսն ենք եղել, երբ ոստիկանների ցուցմունքների հիման վրա քաղաքացին հայտնվում է բանտախցում։ Միանշանակ է, որ սա ապօրինի քրեական հետապնդում է և միանշանակ է, որ այս որոշումը ոչ թե կայացվել է դատարանի որոշման տեսքով, այլ կայացվել է այլ տեղում, որը հրահանգված է, որը միտում ունի ուղղակի վախեցնել ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք հնարավորինս պասիվ դիրքորոշում դրսևորեն գործող ապօրինի ռեժիմի դեմ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։