Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը իրեն համարում է իշխանությունների հաշվեհարդարի զոհը


Հաշվեհարդարի պատճառը, ըստ ակտիվիստի, իր քաղաքական գործունեությունն է:

«Այս ամեն ինչը Գևորգի համար, իր բառերով եմ ասում` պարզ է, որ ընդգծված իր անձի նկատմամբ հաշվեհարդար է: Ինքը չի կասկածում, որ վաղը դատարանում մեղադրանք կառաջադրեն իրեն, հետո միջնորդություն կներկայացվի` կալանավորումը խափանման միջոց ընտրելու, և վստահ է, որ դատարանը այդ պատվերը կկատարի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Ակտիվիստին բերման էին ենթարկել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Ազատության հրապարակում ամանորի գիշերը ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել. «Նոր Հայաստան» շարժման անդամները փորձել էին տոնական եղևնի բերել հրապարակ, ոստիկանները դա թույլ չէին տվել, և արդյունքում 5 քաղաքացիներ տարվել էին ոստիկանություն, 4-ը ազատ էին արձակվել, իսկ Սաֆարյանը ձերբակալվել էր։

Ազատության հրապարակից ամանորի գիշերը բերման ենթարկված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, իրեն համարում է իշխանությունների հաշվեհարդարի զոհը` իր քաղաքական գործունեության պատճառով:

«Գևորգի ասելով` այս ամեն ինչը ոնց որ լավ բեմադրված ներկայացում լինի», - փոխանցեց փաստաբանը: - «Այս սցենարը դեռ երեկ ինքը կանխատեսել էր: Անգամ սպասում է, որ մի քանի ոստիկաններ են կգան, կմիանան, որ ավելի մանրամասնեն, թե ինչ է եղել, ինչպես է եղել: Այն պայմաններում, երբ որ Գևորգը բազմաթիվ ականատես վկաների անուն-ազգանուններ է տվել: Բացի այդ էլ, նույն հանցագործության մասին հաղորդումը Գևորգն է ներկայացրել»:

Բողոքը ներկայացրել է ոստիկանության «Հրեշտակներ» ջոկատի անդամ Գեղամ Խաչատրյանը: «Նոր Հայաստան»ի անդամը, փաստաբանի փոխանցմամբ, սա ծիծաղելի է համարում, քանի որ իրեն են բռնունցքով հարվածել, շուրթը վնասված է:

Գեղամ Խաչատրյանը և Գևորգ Սաֆարյանը այսօր առերես հարցաքննության են եղել: Խաչատրյանը պնդել է, որ Գևորգն է իրեն հարվածել, իսկ Սաֆարյանը խնդրել է ուսումնասիրել տեսանյութերը։

Վաղը դատարանում կորոշվի Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը:

«Մտավախությունը նա էր, որ էլի կտեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, քրեական տարրերին օգտագործելով բռնություններ կգործադրեն: Անգամ իր կյանքին վտանգ է սպառնում», - եզրափակեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG