Պատմության ուսուցիչն ասում է՝ «այո»-ին ընդդիմանալու համար զրկվել է աշխատանքից

Կարպիս Փաշոյան

Պատմության 24-ամյա ուսուցիչ Կարպիս Փաշոյանը արդեն մոտ մեկ շաբաթ ստիպված է հեռակա շփվել աշակերտների հետ. դպրոց մտնելու հնարավորություն չունի: Պնդում է՝ հանրապետական տնօրենը նրան անցանկալի անձ է համարել, երբ ինքն հրապարակավ ընդդիմացել է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, հետո էլ կռիվ է տվել կեղծիքների դեմ:

«Դասղեկներին հրահանգել է, որպեսզի հանդիպումներ ունենան ծնողների հետ, ես հրաժարվել եմ: Դեռ ավելին՝ արդեն դպրոցից դուրս, ծնողներին ասել եմ` գնացեք և քվեարկեք «ոչ»: Այլևս չէին ուզում ինձ տեսնել կոլեկտիվում», - պատմում է Փաշոյանը:

Երիտասարդ ուսուցչի խոսքով՝ ամիսներ շարունակ նախազգուշացումներ է ստացել տնօրենից՝ իշխանությունների դեմ բողոքի ակցիաների չմասնակցել: Չի ենթարկվել, ավելին՝ աշակերտներին է հորդորել անտարբեր չմնալ Հայաստանի նորագույն պատմությանն ու տեր կանգնել իրենց իրավունքներին:

«Հայոց պատմության դասերը նպաստել են երեխաների մոտ այն մտածելակերպին, որ յուրաքանչյուր փաստի պետք է վերաբերվել քննադատաբար»

Փաշոյանի առջև փակված դպրոցի դուռն այսօր մեր առջև էլ չբացվեց, ասացին` տնօրեն Ռիմա Դավթյանը դասալսման է, հետո էլ թե՝ տեղում չէ:

Ճաղերից այն կողմ՝ աշակերտներն այսօր էլ շարունակում են պայքարել: Փաշոյանը ցույց տվեց հեռախոսով ուղարկված նկարներ, պատերին իր ազգանունով փոքրիկ թռուցիկներ են, որ շատ կարճ են մնացել, մի քանի րոպե: Փաշոյանի ֆեյսբուքյան էջն էլ չի լռում, աշակերտները ետ են կանչում, նախկին գործընկերները՝ նույն համառությամբ մեղադրում շարունակական բացակայությունների և ուշացումների համար:

«Դասերից անհարգելի, առանց զգուշացնելու բացակայել եմ, աշխատանքի չեմ ներկայացել 3-4 անգամ: Առաջին անգամ բերման եմ ենթարկվել, ամբողջ գիշեր անցկացրել եմ ոստիկանական բաժանմունքում», - պատմում է նա:

Փաշոյանը չի ափսոսում կայացրած որոշումների համար, մեկ տարվա ընթացքում սովորեցրել է աշակերտներին պատմությունը միանշանակ չրնդունել, քննադատաբար մոտենալ թե՛ ռազմավարական դաշնակիցներին, թե՛ պատմական իրադարձություններին․ - «Ռուսաստանի հետ կապված ստրկամիտ մոտեցումը ես միշտ փորձում էի երեխաներից արմատախիլ անել, և այդ ամեն ինչը նպաստել է, որպեսզի երեխաների մոտ նման տրամադրություններ ձևավորվեն: Ես երբևէ չեմ զբաղվել իշխանությունների կողմից հռչակված այդ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ»:

Փաշոյանը հետապնդումների մասին ահազանգող միակ ակտիվիստը չէ: Դեկտեմբերի 6-ին ընտրատեղամասերից մեկում քվեարկության ընթացքը դիտարկած ծրագրավորող Արսեն Օհանյանը ևս պնդում է՝ գործազուրկ է դարձել քաղաքական հայացքների պատճառով: «Ազատության» հետ զրույցում Արսենն ասաց, որ IT ոլորտում ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներն աշխատանքից ազատելու երկու պատճառ են բերել, որոնցից մեկը եղել է նրա ընդդիմադիր գործունեությունը:

Արսեն Օհանյան

«Քանի որ դու ակտիվ քաղաքացիական կյանք ես վարում, իսկ մեր բիզնեսի հաճախորդների մեծ մասը օլիգարխներ են ու իրենց բիզնեսներն են, քո աշխատանքը և քո սպասարկումը այդ բիզնեսներին անվստահության պատճառ կարող է դառնալ, ու նաև այդ ակտիվ քաղաքացիական գործունեությունը դիր մի կողմ, այլապես մեզ մոտ չես կարող աշխատել: Ու ես ընտրեցի երկրորդ տարբերակը», - պատմում է նա:

Արսենի գործատուն՝ Գոռ Իսավերդյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ երիտասարդը պարզապես փորձաշրջան է անցել և չի կատարել տրված առաջադրանքները՝ այլ գործերով զբաղվելու պատճառով․ - «Հասկացանք, որ մարդը լրիվ ուրիշ գաղափարներ ունի: Մենք դա ողջունում ենք: Ինձ համար, իրականում, կապ չունի՝ եթե աշխատանքի 80 տոկոսը կիթառ է նվագում, թե ակտիվիստություն է անում՝ դա իր գործն է, իր խնդիրն է: Ինքը իմ բիզնեսը հետ է գցում»: