Մատչելիության հղումներ

Շարմազանովն անլուրջ է համարում 480 հազար կեղծված քվեների մասին պնդումները


«Հանրությունը հանրաքվեի արդյունքների հետ կապված լուրջ կասկածներ չունի»,- այսօր տված հարցազրույցում պնդեց իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, թե 480 հազար կեղծված քվեների մասին ընդդիմության պնդումները պարզապես անլուրջ են:

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ իշխանությանը չհաջողվեց ընտրական այնպիսի գործընթաց կազմակերպել, որի նկատմամբ հասարակության վստահությունը մի փոքր գոնե կբարձրանա, ՀՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Հարցը թարս տեղից եք տալիս: Դուք պետք է ասեք՝ իսկ ինչո՞ւ ընդդիմությանը չհաջողվեց փաստարկներ ներկայացնել: Ասելով չի՝ չի կարելի այդքան անլրջացնել ամեն ինչ: Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, երբ որ ասում էին՝ պոլի փայտ լինի, բայց ՀՀՇ-ից լինի, երբ որ կարևոր էր ոչ թե ով է ընտրում, այլ ինչպես են հաշվում, նույնիսկ այն ժամանակ չեմ կարծում, որ 500 հազար քվե է կեղծվել: Հանրության մոտ լուրջ կասկածներ չկան արդյունքի հետ կապված: Բոլոր խախտումներով հանդերձ՝ մենք պետք է նշենք, որ այս հանրաքվեն համապատասխանում էր Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:

Մինչ Շարմազանովը պնդում է, թե հանրությունը կասկածի տակ չի դնում հանրաքվեի արդյունքները, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է Հայաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկել ընտրախախտումների պատասխանատուներին, որպեսզի Հայաստանի ժողովրդի մոտ վստահություն լինի ընտրական գործընթացի անաչառության նկատմամբ: Ամերիկյան դեսպանատունը այսօր նաև նոր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ զգուշացնում է՝ «հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:

«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ դեսպանատան այս զգուշացումը, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց․ - «Կարծում եմ՝ ոչ թե զգուշացնում, այլ տեղեկացնում է, որովհետև օտար երկրի դեսպանությունը ինքնիշխան երկրի կարող է տեղեկացնել, որովհետև մենք գործընկերային հարաբերություններ ունենք, և կարող եմ նշել, որ իշխանությունը ունի քաղաքական կամք՝ ցանկացած փոքր ու մեծ խախտման հետևից գնա, և դա է վկայում գլխավոր դատախազի հայտարարությունը»:

«Ազատության» հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ն, որ հնարավոր է ինչ-որ ծրագրեր վերանայվեն Միացյալ Նահանգների կողմից կամ ինչ-որ անձանց մասնակցությունը այդ ծրագրերին, ՀՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Ես տեղյակ չեմ ինչ անձանց մասին է խոսքը: Կա գլխավոր դատախազություն, հիմա նախաքննություն է գնում և այդ դեպքերի հետ կապված կավարտվի նախաքննությունը, դատախազությունը կիրականացնի: Ես կարծում եմ, որ դուք գույները խտացնում եք: Չեմ կարծում, որ դա կապ ունի: Կապրենք՝ կտեսնենք»:

Էդուարդ Շարմազանովն ընդգծում է՝ եթե նույնիսկ մի պահ ընդունենք, թե դիտորդների ու լրատվամիջոցների կողմից ներկայացված ընտրախախտումները համապատասխանում են իրականությանը, ապա անգամ այդ դեպքում այդ խախտումները չեն կարող ազդել հանրաքվեի արդյունքների վրա, քանի որ «այո»-ն ավելի քան 400 հազար ձայնի առավելությամբ է հաղթել, իսկ ընտրախախտումների մասին «աղաղակող» ուժերին Շարմազանովը հորդորում է փաստեր ներկայացնել:

«Գոնե մի քանի ընտրատարածքներում, տեղամասերում, որտեղ եղել է վերահաշվարկ՝ «այո»-ն ավելացել է, «ոչ»-ը՝ պակասել: Դա էլ փաստ է», - հայտարարեց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Մեր դիտարկմանը, թե ընդդիմադիրների պնդմամբ՝ քվեաթերթիկներով պարկեր են փոխվել, Շարմազանովը հակադարձեց․ - «Ես էլ կարող եմ պնդել, որ իրենք են փոխել: Ախր պնդելով չի: Ո՞վ է պնդում: Այդ պնդողը 6 ամսվա մեջ 9 անգամ կարծիք է փոխել: Այսօր հաճախորդ են հանում մի կուսակցության, որի ղեկավարի հետևից հերթ էին կանգնել, որ գնան: Հիմա ասում են՝ «Բարգավաճ Հայաստան»-ը և Դաշնակցությունը հաճախորդ են: Բա եթե հաճախորդ էր, ինչո՞ւ էիք Ծառուկյան Գագիկի հետևից հերթ կանգնել, որ գնաք բարևեք: Մի մասդ էլ Դաշնակցության հետ հրաշալի եռյակ կամ քառյակ էիք ասում: Իրենք էին ասում, չէ՞, իրենց շեֆն էր ասում՝ հրաշալի քառյակ: Բա էդ հրաշալի քառյակի հետ ի՞նչ եղավ, հիմա արդեն դառան հաճախորդական երկյա՞կ: Չի լինում այդպես: Չի կարելի սեփական ձախողումները փաթաթել ուրիշի վզին: Ես նորմալ, ռացիոնալ մտածող մարդ եմ: Ես չեմ ասում՝ եղել է իդեալական հանրաքվե: Ասում եմ՝ այո, միգուցե եղել են խախտումներ, ես չեմ բացառում, բայց այդ խախտումների քանակը չի կարող ազդել հանրաքվեի արդյունքների վրա»:

XS
SM
MD
LG