Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հանրաքվեի արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկ, 6-ը դեկտեմբերի, 2015թ․
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկ, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել հանրաքվեի արդյունքները՝ քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Հայ ազգային կոնգրեսի ու մի շարք ՀԿ-ների դիմումները՝ հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

Անդրադառնալով ընտրախախտումների ու արդյունքները կեղծելու վերաբերյալ ՀԱԿ-ի ներկայացրած փաստարկներին՝ Մուկուչյանը պնդեց՝ դա ընդամենը քաղաքական այդ ուժի կարծիքն է։

Լևոն Զուրաբյանն ու նրա գործընկերները, մինչդեռ, 4 ժամ շարունակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին էին ներկայացնում հանրաքվեի ընթացքում իրենց, ինչպես նաև լրատվամիջոցների և դիտորդական կազմակերպությունների արձանագրած ահազանգերը․ - «Մեր ունեցած տեղեկություններով՝ օրինախախտումների և ընտրակեղծարարության արձանագրված և ապացուցված ծավալը բավարար է այս հանրաքվեն և Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը լիովին կեղծված և ոտնահարված համարելու համար: Իհարկե, մենք չենք հավատում, որ ինչքան էլ համոզիչ և ճշմարիտ փաստեր էլ մենք ներկայացնենք, որ դուք կբավարարեք մեր դիմումը, որովհետև մեզ համար պարզ է, որ Սերժ Սարգսյանի կողմից հրահանգը վաղուց տրված է, և ձեր այսօրվա առաքելությունը ընդամենը կայանում է նրանում, որ այդ հրահանգը կատարվի և դուք վերջնական կնիքը դնեք հանրաքվեի արդյունքների վրա»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ, իր հերթին, հայտարարեց՝ իր դիտարկած տեղամասերում թվերը փոխվել են․ - «Ձեր ներկայացրած թվերը 20.00-ի տվյալով փոխվել են: Փոխվել են արձանագրություններում, մասնավորապես, մի քանի հատ կարող եմ ասել, որ ակնհայտ տարբերություններ են տալիս: 4/17 [ընտրատեղամասում] 586 են հրապարակել ժամը 8-ին, արձանագրության մեջ՝ 1002, 4/20 [ընտրատեղամասում] 620 են հրապարակել ժամը 20-ի տվյալներով, 977 է արձանագրության տվյալներով: Միայն մի հինգ-վեց տեղամասերի արդյունքներով 2 հազար մասնակցություն ավելացել է՝ ժամը 8-ի ամփոփիչով և բերված արձանագրություններով: Միջինը ստացվում է 500 հոգի պաշտոնապես հայտարարված թվերից հետո արձանագրություններում ավելացել է: Սա, ինձ թվում է, ոչ թե մեր, այլ ձեր՝ անմիջապես դատախազություն ուղարկելու գործը պետք է լինի»:

Ընդդիմությունն այժմ 5 օր ժամանակ ունի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար, ինչի համար ՀԱԿ-ին անհրաժեշտ է Ազգային ժողովի առնվազն 27 պատգամավորի ստորագրություն։

XS
SM
MD
LG