Այսօր բավականին բուռն մթնոլորտում տեղի ունեցած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Հայ ազգային կոնգրեսի և «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության միջնորդությունները։
ՀԱԿ-ը միջնորդություն էր ներկայացրել ԿՀԸ՝ պատահական սկզբունքով բացել այն տեղամասերի քվեատուփերը, որտեղ քվեարկողների մասնակցությունը 60 տոկոսից ավելի է եղել։ ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը պնդում է, որ բարձր մասնակցություն ունեցած տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկը կբացահայտեր բազմաթիվ ընտրակեղծիքներ։
Լևոն Զուրաբյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իրենց հաշվարկները, որոնք, ըստ ընդդիմադիրների, ցույց են տալիս, որ իրականում հանրաքվեին մասնակցողների թիվը ԿԸՀ տվյալներից կես միլիոնով ավելի քիչ է եղել, «ոչ»-ն էլ՝ կրկնակի շատ ձայն ստացել։
Լևոն Զուրաբյանի ելույթի ժամանակ ծափահարություններ հնչեցին, ինչի պատճառով ԿԸՀ նախագահը դուրս հրավիրեց ծափահարած կնոջը։ Սա իր հերթին զայրացրեց ներկաներին, որոնք ևս սկսեցին ծափահարել, ու աղմուկ բարձրացավ։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մերժեց ՀԱԿ-ի միջնորդությունը՝ նշելով, որ ընդդիմությունը ժամանակ ուներ վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու, և այդ հնարավորությունը արդեն սպառված է։
ԿԸՀ-ն մերժեց նաև «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության միջնորդությունը, որը խնդրում էր հետաձգել հանրաքվեի վերջնական արդյունքների հրապարակումը, որպեսզի կարողանան հավելյալ տեղեկություններ ներկայացնել ԿԸՀ-ին ընտրախախտումների վերաբերյալ։ ԿԸՀ նախագահը նշեց՝ օրենքով սահմանված է, որ ընտրությունների, այդ թվում հանրաքվեի վերջնական արդյունքները պիտի հրապարակվեն ընտրություններից 7 օր հետո, և իրենք չեն կարող խախտել օրենքը։
Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին ՀԱԿ-ի դիմումը ԿԸՀ-ն կքննարկի վաղը։