Մատչելիության հղումներ

Հաղթած «Այո»-ի կողմնակիցների պահանջով վերահաշվարկները հերթ չեն տալիս «Ոչ»-ի վերահաշվարկներին


Քվեաթերթիկների վերահաշվարկ
Քվեաթերթիկների վերահաշվարկ

ՀԱԿ-ը դրա մեջ միտում են տեսնում։

Երևանի 4/20 ընտրատեղամասում, ըստ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի, ընտրական հանձնաժողովի նախագահը «այո»-ի ձայները ավելացրել է 800-ով։ Սակայն այդպես է եղել, թե՝ ոչ, ամենայն հավանականությամբ չի պարզվի, վերահաշվարկն ավարտվում է ուրբաթ կեսօրից հետո, մինչ այդ հանձնաժողովը պետք է նախ քննի դիմում-բողոքներ «Այո»-ի ճամբարից, որը ավելի քան 60 տոկոսով հաղթանակ է տարել։

Հանձնաժողովի անդամ, Արաբկիրի թաղապետարանի աշխատակից Գեղամ Կարապետյանը չի էլ թաքցնում՝ աղմկահարույց քվեատուփը ստուգելուն հնարավոր է ժամանակը չբավականացնի։

«Իմ կարծիքով, 14։00-ից կանցնի, և մենք հնարավորություն չենք ունենա դա վերահաշվելու»,- ասաց Կարապետյանը։

Ժամանակի սղությունից խոսող Գեղամ Կարապետյանի հանձնաժողովական գործընկերները մինչդեռ այսօր աշխատանքից մոտ երկու ժամ ուշացել էին։ Ասացին՝ երկուսի բարեկամներն առողջական խնդիր էին ունեցել, մեկը թունավորվել էր, մեկը հեռախոսազանգին չէր պատասխանում։ Քոլեջի տնօրեն, հանձնաժողովի անդամ Ռիտա Գյուլանվարյանը էլ էր ուշացել։ Պնդեց սովորաբար ինքը պունկտուալ է։

«Ճանապարհին միանգամից անջատվեց մեքենան։ Ես սկսնակ ավտովարող եմ, միանգամից աջ քաշեցի, կանգնեցի, ակումլյատորի հետ խնդիր է եղել, ես դա եմ կարծում, ձյուն օրերին չեմ հանել մեքենան։ Հետո կարգավորեցին, չգիտեմ ինչ բացեցին, կարգավորվեց, ես եկա, ընդամենը րոպեներ եմ ուշացել, չեմ կարծում, որ դա ընդհանուր աշխատանքի վրա կազդի, որովհետև արագ եմ աշխատում»,- արդարացավ նա։

ՀԱԿ-ում նիստերը ձգձգելու մեջ միտում են տեսնում։ Պատգամավոր Արամ Մանուկյանը պնդում է՝ ամեն ինչ արվում է, որ իրենց բողոքին այդպես էլ հերթ չհասնի։

«Օրենքի համաձայն, մենք դիմում ենք գրել։, որ եթե վերահաշվարկի դիմումները, բողոքները շատ են, մասնավորապես այստեղ 21 դիմում է, որոնք արհեստական են, Հանրապետականը հետո հետին ամսաթվով գրել, բերել է և քննում են իրենց գործերը։ Էս դեպքում հանձնաժողովն իրավունք ունի ութ հոգուց ձևավորի երկու խումբ երեքական հոգուց, և երկու խումբ զուգահեռ աշխատի։ Իրենք, որպեսզի էս օրենքի էդ կետը չաշխատի, որպեսզի երկու խումբ վերահաշվարկ չանի, բացի պարկերը և ստուգի քվեաթերթիկների իրականությունը, դիտավորյալ կազմակերպել են, հանձնաժողովի անդամները չեն գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Հանրապետականների և ԿԸՀ ներկայացուցիչների դիմումները առաջինն են ստուգվում նաև 8-րդ, 7-րդ և 2-րդ ընտրատարածքներում։ Վերջինի հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հույս հայտնեց, որ գոնե մեկ դիմում ՀԱԿ-ից կուսումնասիրեն։

«Ոնց դուրս ա եկել, նենց ենք արել, իմ համար մեկ ա»,- ասաց նա։

8-րդ ընտրատարածքում ևս երկրորդ օրն է՝ ընթացք է տրվում «այո»-ի կողմակիցների դիմումներին։ Հանձնաժողովի նախագահը վստահեցնում է ՀԱԿ-ի պահանջով առաջին վերահաշվարկը կսկսեն վաղն առավոտյան, մյուս երկուսին կանդրադառնան, եթե ժամանակը բավարարի։

XS
SM
MD
LG