Գիշերը ժամը 1։30-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության չորս անդամներ՝ Արթուր Մինասյանը, Հրայր Մանուկյանը, Կարպիս Փաշոյանը և Հայկ Ավետիքյանը։
Մոտ երկու ժամ ոստիկանության Կենտրոնականի բաժնում մնալուց հետո ակտիվիստներն ազատ են արձակվել։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ չորսի նկատմամբ էլ արձանագրություն է կազմվել հասարակական վայրերը օգտագործելու կանոնները խախտելու հոդվածով։ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը պատմեց՝ գիշերը իրենք փորձել են «Ոչ»-ի գրաֆիտիներ անել: Ընդ որում, ակտիվիստների մոտ տպավորություն է ստեղծվել, որ ոստիկանությունը նախապես տեղյակ է եղել իրենց այդ ծրագրերին։
«Տեղամասում տեքստերը, որ շատ արագ նրանք գրում էին, ակնհայտորեն զգացվում էր, որ նախապես ինստրուկտաժ արված են, գիտեն ինչ են գրելու», - պատմում է Մանուկյանը:
Ակտիվիստները խմբերով քաղաքի տարբեր հատվածներում են եղել, մի քանի գրաֆիտի հասցրել են անել, սակայն արդեն այսօր դրանք մաքրված էին։ Հրայր Մանուկյանը կարծում է, որ հատուկ ծառայությունները հետևում են իրենց տեղաշարժին՝ գաղտնալսելով հեռախոսազրույցները։
«Նրանք այսպիսով ցույց են տալիս, թե ինչ աստիճանի մեծ կարևորություն ունի Սահմանադրությունը ամեն գնով անցկացնելու իրենց որոշումը», - ասում է նա։
Ակտիվիստները վստահ են, որ իրենց ապօրինի են բերման ենթարկել, քանի որ հանրային նշանակության վայրերում գրաֆիտի անելը արգելված չէ։ Արդեն այսօր երեկոյան «Չե՛ք անցկացնի»-ն փողոց է դուրս գալու, մի խումբ ակտիվիստներ մայրաքաղաքի կենտրոնում նորից «Ոչ»-ի գրաֆիտիներ կանեն։
«Թող գան և բերման ենթարկեն, տանեն բաժին նորից», - ասում է Հրայր Մանուկյանը։
Հոկտեմբերի 2-ին նախաձեռնությունը Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի, որին հաջորդելու է երթ Երևանի կենտրոնական փողոցներով։ Քաղաքային իշխանությունները իրազեկումն ի գիտություն են ընդունել, բայց նշել, որ երթը չպետք է խանգարի երթևեկությանը։ Այսօր դատարանում նախաձեռնությունը վիճարկում էր սա, պնդելով, որ այս դեպքում հնարավոր է՝ ոստիկանությունը չթողնի իրենց փողոցով քայլել, ինչի իրավունքը ունեն։ Դատարանը մերժեց հայցը։
«Ամեն ինչ շատ պարզ է, և հավաքների, երթերի իրավունքը գերակա է: Ունենք նաև Եվրոպական դատարանի նախադեպերը: Ես դա գնահատում եմ որպես իշխանության կողմից քաղաքական հետապնդում մեր նկատմամբ: Իշխանությունները ազդեցություն են ունենում դատարանների վրա, դատավորների վրա, և դատարանները չեն կարողանում արձանագրել, որ մեր իրավունքները գերակա են», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունից Արշակ Մուսախանյանը: