Հայաստանյան համայնքները հնարավոր է առաջիկայում ղեկավարեն օտարազգիները։ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը թույլատրում է օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց ոչ միայն ընտրել, այլ անգամ ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում։
Ընդդիմադիրները փաստաթղթի այս հոդվածն անընդունելի և խիստ վտանգավոր են համարում՝ մատնանշելով գյուղերում արտագաղթի բարձր ցուցանիշներն ու սոցիալական վատ վիճակը։
«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նկատում է՝ Հայաստանին սահմանակից Իրանում բազմահազարանոց ադրբեջանական համայնքներ կան․ - «Կարող են հեշտությամբ, նույն ադրբեջանցիները, ներթափանցել Հայաստան, լինելով Իրանի քաղաքացի: Եվ այստեղ բավականին բարդություն կստեղծվի, և մեր այն սահմանամերձ համայնքները, որտեղ բնակչություն չի մնացել, կարող են, մի քանի ընտանիք տեղափոխելով, այդ պահանջները բավարարել մշտական բնակչության և հնարավորություն ստանալ, ժողովրդական լեզվով ասած, այդ գյուղը, այդ համայնքը իրենցով անել»:
Նախագծում, այնուամենայնիվ, ՏԻՄ ղեկավարի պաշտոնում ընտրվելու սահմանափակում ամրագրված է․ անձը մշտապես պետք է բնակված լինի տվյալ համայնքում։ Ընդդիմադիրները, սակայն, սա հարցի լուծում չեն համարում՝ պնդելով, թե մշտական բնակության վայրը պարզելու մեխանիզմները թույլ են։
«Առաջ կար հաշվառում: Հիմա բավականին դժվար է ինձ, ձեզ՝ կարողանալ այնպիսի չափորոշիչներ ներդնել, որի արդյունքում կերևա՝ մենք մշտապես բնակվել ենք տվյալ տարածքում, թե ոչ», - ասում է Հովհաննես Մարգարյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անմիջական վտանգ չի տեսնում, սակայն նշում է․ - «Ժամանակի կտրվածքով եթե նայում ենք, տեսնում ենք՝ տարածաշրջանում շատ փոփոխվող իրավիճակ է և չի բացառվում, օրինակ, մի երկիր որոշի այստեղ շատ մեծ ներդրումներ անել, այստեղ կամաց-կամաց համայնք ձևավորվի, հողեր առնեն կամ շինություններ առնեն և այդպես փորձեն արմատավորվել»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը վստահ է՝ օտարերկրացիներին ՏԻՄ ընտրություններում արտոնություններ տալով՝ իշխանությունները կեղծ ժողովրդավարություն են խաղում միջազգային հանրության առաջ․ - «Օտարերկրացիների համար, քանի որ ինքնակառավարման մարմինները շատ մեծ նշանակություն ունեն և բավականին մեծ լիազորություններ, ուստի իրենց համար դա շատ լավ է՝ ականջ կշոյի»:
Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնած իշխող Հանրապետականում չեն թաքցնում՝ հոդվածն ամրագրվել է Վենետիկի հանձնաժողովի առաջարկով: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, մտավախության առիթ չի տեսնում, հույսը դնում է ազգային մենթալիտետի վրա․ - «Մեր մենթալիտետը այնպիսին է, որ մեր ժողովուրդը ընտրում է իր ծոցում մեծացած, իր գրկում մեծացած թեկնածուներին»:
«Օրինաց երկիրն» առաջարկել է ՏԻՄ ընտրությունների մասին գործող Սահմանադրության հոդվածը չփոխել, տեղյակ չեն՝ մասնագիտական հանձնաժողովն այն ընդունել է, թե ոչ։
«Ժառանգությունը», մինչդեռ, մտահոգված լինելով հանդերձ՝ մասնագիտական հանձնաժողովին չի դիմի․ սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը կուսակցության համար մերժելի է ամբողջությամբ։