Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին «Ոչ» ասող ուժերի կողմից երեկ Գյումրիում անցկացված առաջին հանրահավաքը իշխող հանրապետականների կարծիքով հանրահավաք չի կարելի համարել: Խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, դա պարզապես դժգոհ խմբերի հավաք էր: Անգամ պայքար բառը, ըստ նրա, տեղին չէ, քանի որ «Ոչ»-ի ճակատը առաջարկվող փոփոխությունների դեմ ոչ մի հիմնավորում չունի։
«Եվ ընդհանուր առմամբ, հարկավոր է, որ լրատվամիջոցները բոլորը խորհուրդ տան այդ մարդկանց՝ վեր կանգնել այդ անձնական ամբիցիաներից և ավելի շատ մտածեն պետության, երկրի ապագայի մասին»,- «Ազատությանն» ասաց Բաղդասարյանը:
Չնայած մի շարք խոչընդոտներին, երեկ Գյումրիում նախատեսվածից մոտ կես ժամ ուշացումով, այնուամենայնիվ, մեկնարկեց սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող ուժերի առաջին հանրահավաքը։ Երբեմնի ոչ իշխանական եռյակի գործունեության ձախողումից հետո Գյումրիում առաջին անգամ միասնաբար հարթակ դուրս եկան ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները: Վերջիններս իրենց ելույթներում ոչ միայն սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու, այլև իշխանափոխության կոչեր էին հնչեցնում։
Ընդամենը մի քանի ամիս առաջ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող, իսկ հիմա արդեն «Այո»-ի կողմնակից «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով «Ոչ»-ի ճամբարը լուրջ արդյունքներ չի կարող ունենալ: Ըստ նրա, փոփոխություններին ընդդիմացող ուժերը պետք է հիմնավոր փաստարկներ ունենան․ միայն իշխանությանը դեմ լինելու պատճառով սահմանադրական բարեփոխումները մերժելը անթույլատրելի է։
«Իմ կանխատեսումներով՝ բացարձակ ուժերը անհավասար են, և «Այո»-ն կունենա լուրջ հաղթանակ»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:
«Ոչ»-ի ճակատում, սակայն, իրենց հաղթանակին հավատում են։ Գյումրու Թատերական հրապարակում մի քանի հարյուր մարդկանց ներկայությամբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս պահին հատկապես կարևոր է միասնական լինելը, և «Ոչ» ասող բոլոր ուժերին միավորվելու կոչ արեց։
«Ո՛չ՝ Սահմանադրության այս կեղծ փոփոխություններին և այո՛՝ ազատ, անկախ, առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետությանը»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ «Ոչ»-ի ճամբարի յուրաքանչյուր ուժ հաղթանակի իր տեսլականն ունի: Դա, ըստ նրա, հարստացնում է պայքարը, և բոլորը պետք է առավելագույնս օգտագործեն իրենց ռեսուրսը:
Գյումրիի Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին նա նաև հորդորեց նոր Սահմանադրությանը «Ոչ» ասելով՝ մերժել նաև «Սերժ Սարգսյանին, թալանին, արտագաղթին, օլիգարխիային, ընտրակեղծարարությանը և կերտել ժողովրդավարական Հայաստան»։
«Հայ ազգային կոնգրեսը այդ գործի համար կնվիրի իր հազարավոր համակիրներին, ովքեր արդեն բազմիցս ապացուցել են իրենց սկզբունքայնությունը։ Այո, նաև կգնանք փողոց, այո, նաև կշրջապատենք կառավարական շենքերը, մենք կանենք այն ամենը, ինչ որ թույլ կտա մեզ Սահմանադրությունը և քաղաքական իրավիճակը»,- հանրահավաքին ունեցած իր ելույթում ասաց Լևոն Զուրաբյանը:
«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն էլ «Ոչ»-ի պայքարը ազգային ազատագրական համարեց և դիմեց Հայաստանի բնակչությանը․ - «Բոլորդ ձեր բարեկամների, ընկերների, հարազատների միջոցով հիմնադրեք բջիջներ Հայաստանի բոլոր բնակավայրերում, ցանցային դիմադրությունը չի կարող խափանվել Սերժ Սարգսյանի կողմից, մենք պետք է իրենց ցույց տանք մեր դիմադրությունը և անհնազանդությունը․․․»:
Հանրահավաքի մեկնարկից առաջ մի խումբ լրագրողների և ակտիվիստների՝ Երևանից Գյումրի տեղափոխող ավտոբուսի վարորդը ճանապարհի կեսից հրաժարվել էր վարել ավտոբուսը: Ակտիվիստները պնդում էին, որ նա կոնկրետ հեռախոսազանգից հետո էր նման որոշում կայացրել ու միայն բարձրացած աղմուկից հետո է շարունակել ճանապարհը։
Հանրահավաքից առաջ կազմակերպիչները նաև հոսանքի հետ կապված խնդիր են ունեցել․ Թատերական հրապարակում գտնվող՝ Գյումրու թատրոնի շենքից հրաժարվել էին հոսանք տրամադրել։ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը քննադատեց Գյումրու քաղաքապետին և ոստիկանապետին՝ արտոնված հանրահավաքի անցկացումը խոչընդոտելու համար, և շեշտեց, որ դա իրենց չի խանգարի։
Գյումրու ավագանու անդամ, լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ հիշեցրեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտվել է, իսկ հիմա էլ, նրա խոսքով, հարցը Սարգսյանի վերարտադրությանն է վերաբերում, որին իրենք դեմ են։
«Սերժիկը մոգոնել է էս ամեն ինչը իր կլանի երկարակեցությունը ապահովելու համար, բայց խոստանում է, որ ինքը ինչ-ինչ պաշտոններ չի ստանձնելու: Քանի՞ հոգի կա Սերժիկի խոստումներին հավատացող, ձեն հանեք: 7 տարի առաջ խոստացել է, որ աղետի գոտում անօթևաններ չպիտի լինեն, հիշու՞մ եք էդ ամեն ինչը․․․»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց Լևոն Բարսեղյանը և հավելեց. - «Սերժիկ Սարգսյան, արի պատասխանի․․․»։
Ելույթներից հետո ցուցարարները երթով շարժվեցին Գյումրու կենտրոնական փողոցներով։ Ցույցի մասնակիցները հիմնականում տարեցներ էին, նրանցից մեկը «Ազատությանը» ասաց՝ երիտասարդներին ճնշել են, որ չմասնակցեն։
Գյումրու հանրահավաքի ավարտին կազմակերպիչները հայտարարեցին, որ հաջորդ ցույցը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 2-ին։