Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է՝ արդեն հաջորդ երկուշաբթի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ կքվեարկի սահմանադրական բարեփոխումների նախագծին, նույնը կանեն նաև ընտրողները՝ հանրաքվեի օրը:
«Մի չորս-հինգ օր առաջ ես ասում էի, որ մենք կոնսենսուսի ճանապարհին ենք, բայց այսօր կարող եմ ասել, որ այդ կոնսենսուսը կայացած է», - ասում է Վահրամ Բաղդասարյանը:
Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն, ըստ Բաղդասարյանի, այժմ ամփոփում է ներկայացված առաջարկները: Ավելի քան 300-ը իշխող ուժի պատգամավորներից են ստացել: Դրանցից մեկով առաջարկում են ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու դրույթը Սահմանադրությունից Ընտրական օրենսգիրք տեղափոխել: Մինչև վերջերս Հանրապետականն ընդդիմանում էր ձևակերպմանը․ - «Հետաքրքիր ձևակերպում է մշակվել, որ եթե առաջին փուլում ձևավորվում է կայուն մեծամասնություն, բնականաբար, այդտեղ չկա երկրորդ փուլի անհրաժեշտություն: Հակառակ դեպքում կարող է լինել երկրորդ փուլ, որը թողել ենք Ընտրական օրենսգրքին և Ընտրական օրենսգրքի ժամանակ քաղաքական ուժերի հետ կաշխատենք և կունենանք այնպիսի տեսք, որը, ինձ թվում է, կբավարարի բոլոր քաղաքական ուժերին»:
Վահրամ Բաղդասարյանն ասում էր՝ բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել նաև ընդդիմադիրները․ - «Աստիճանաբար, երբ քաղաքական բոլոր ուժերը գիտակցեցին, որ մայր օրենքի փոփոխություններին չմասնակցելով՝ իրենք կորցնում են իրենց տեղը քաղաքական դաշտում, սկսեցին ուսումնասիրել նրանք բոլորը: Ի ուրախություն մեր քաղաքական ոչ իշխանական ուժերին, պետք է ասեմ, որ բոլորը մտան բուռն քննարկման մեջ»:
Մասնագիտական հանձնաժողովին գրավոր առաջարկներ ներկայացնողներից է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, բայց քվեարկության հարցում չի կողմնորոշվել:
«Ամեն ինչ կախված է լինելու այն վերջին տեքստից, որը մեզ կբաժանվի, կնայենք», - ասում է նա:
Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է «Ժառանգության» կարծիքը․ դեմ են սահմանադրական փոփոխություններին:
Այն, որ խորհրդարանում է հայտնվել հենց «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով՝ Պողոսյանին չի կաշկանդում քվեարկության հարցում․ - «Որովհետև այդ նույն համամասնական ցուցակի նախընտրական ծրագրում հենց գրված է, որ սահմանադրական բարեփոխումներ պետք է լինեն, և այդ պահանջով ենք մենք 2012 թվականին մասնակցել նախընտրական պայքարին, ստացել դրա համար քվե»:
Խորհրդարանի 5 ընդդիմադիր խմբակցություններից միայն «Օրինաց երկիրը» տեսակետ չի հայտնել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Հովհաննես Մարգարյանն ասաց՝ մոտ 40 առաջարկ են ներկայացրել, «այո»-ն կամ «ոչ»-ը դրանց ընդունմամբ պայմանավորեց:
ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները հայտարարել են՝ կողմ են Սերժ Սարգսյանի ձեռնարկին, «Ժառանգության» և ՀԱԿ-ի ներկայացուցիչները՝ դեմ:
ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը համոզված է՝ խաղին մասնակցել պետք չէ․ - «Սահմանների այս լարված վիճակի համար, ես կարծում եմ, աննորմալություն է այդպիսի փոփոխության գնալ: Ուղղակի չեմ ընդունում բոլոր այն տեսակետները, որ կարելի է այդ փաստաթղթի մեջ ինչ-որ բան շտկել: Եթե ինչ-որ 100 բան կարելի է շտկել, բայց հիմնական խնդիրը, ինչն է՝ Հանրապետականի և Սերժ Սարգսյանի իշխանության շարունակությունը, մնում է, այդ դեպքում դու մասնակցում ես խաղի, բլեֆի»:
Առաջիկա ուրբաթ օրը սահմանադրության փոփոխություններին ընդդիմացող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հրավերով ՀԱԿ-ը կմասնակցի երևանյան հանրահավաքին: Հանրապետականի համար, կարծում է Մանուկյանը, կարող է զսպող լինել միայն ժողովրդի ընդվզումը․ - «Այլ ճնշման միջոց, այդպես մեծամեծ խոսողներին, պոռոտախոսներին զսպող՝ չկա: Միայն ժողովուրդը կարող է․․․ մենք ներսում, միգուցե, և ժողովուրդը դրսում կարող է իրենց մեծ ախորժակները փակել»: