Մատչելիության հղումներ

Իշխող ուժին «Ոչ»-ի հանրահավաքները չեն մտահոգում


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ինչ վերաբերում է պնդումներին, թե հնարավոր է՝ «Ոչ»- ի շարժումը վերաճի իշխանափոխության պայքարի, ՀՀԿ խոսնակը հիշեցնում է` 1995թ․ այդ բանի անթույլատրելիության մասին խոսում էր հենց առաջին նախագահը:

Իշխող կուսակցությունում անհանգստացած չեն Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ուժերի՝ այսօր մեկնարկող հանրահավաքներից։ Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, ՀՀԿ գործադիր մարմնի՝ նախօրեին կայացած նիստում այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկվել։

«Որևէ մտավախություն չունենք, մենք բազմիցս ասել ենք՝ քաղաքական բազմակարծության կողմնակից ենք և երբեք նման ակնկալիք չենք ունեցել, որ բոլորը պետք է «այո» ասեն սահմանադրական բարեփոխումներին»,- ասաց Շարմազանովը։

Հանրապետականները ծիծաղելի են համարում «Ոչ»-ի ճակատի այն հայտարարությունները, թե հնարավոր է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը վերածեն իշխանափոխության պայքարի։ ՀՀԿ խոսնակն այդ պայքարը գլխավորող ուժերից մեկի՝ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին հիշեցնում է իր իսկ երբեմնի հայտարարությունները:

«Աչքովս ընկավ 1995թ․ Սահմանադրության հանրաքվեից առաջ իր արած հայտարարությունը, որպես առաջին նախագահի: Այդ հայտարարության մեջ առաջին նախագահը նշում էր՝ անընդունելի է սահմանադրական բարեփոխումները վերածել իշխանափոխության պայքարի։ Հայաստանում իշխանությունները պետք է ձևավորվեն միայն ու միայն ընտրությունների միջոցով»։

Այս շաբաթվա սկզբին էլ, խոսելով մայր օրենքի փոփոխության մասին, առաջին նախագահը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները քանդում են պետության հիմքերը։ Էդուարդ Շարմազանովը չմեկնաբանեց Տեր-Պետրոսյանի այդ խոսքերը, փոխարենը նշեց՝ կայուն չեն հենց առաջին նախագահի ձևավորած խմբակցության հիմքերը։

«Տարիներ առաջ, երբ առաջին նախագահը ձևավորեց ՀԱԿ խմբակցությունը և ցուցակ գրեց, յոթ հոգանոց խմբակցություն էր, բայց այս հարցազրույցի մեջ էդ յոթ հոգուց ընդամենը չորսի անունն էր տալիս, այսինքն՝ ինքն արդեն իսկ ընդունում է, որ այս յոթ հոգանոց թիմից երեքն արդեն իր հետ չեն, իսկ դա քաղաքական բառապաշարով կոչվում է ֆիասկո»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Իշխող կուսակցությունը «Այո»-ի քարոզարշավը կսկսի այն բանից հետո, երբ խորհրդարանում կընդունվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

XS
SM
MD
LG