Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ - «Ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ»:
Պաշտոնական Բաքուն առայժմ հաստատում է միայն երեք ադրբեջանցի զինծառայողի մահվան լուրը։ Կիրակի օրվա ընթացքում և անցած գիշեր «ռազմաճակատի տարբեր հատվածներում ծանր մարտերում» զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ռաուֆ Վելիևը, Նեման Ահմեդզադեն և Զոհրաբ Մուստաֆազադեն, հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նաև հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը՝ յոթ հայ զինծառայողի մահվան մասին։
Ի տարբերություն Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծի, գիշերն ավելի հանգիստ է անցել Հայաստան-Ադրբեջան սահմանագծում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրերի համեմատ կրակահերթերի ինտենսիվությունը նվազել է։ Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հերքում է թերթերից մեկում հայտնված տեղեկությունը, թե երեկ երեկոյան գյուղի կենտրոնը գնդակոծվել է խոշոր տրամաչափի գնդացիրներից:
«Գնդակոծություն ասելը մի քիչ ճիշտ չի լինում: Հենակետի վրա կրակված գնդակներ գյուղում էլ են հայտնվել, ու դա, էլի եմ ասում՝ ամեն օր է լինում: Ուղղակի շատը մենք կամ նկատում ենք, կամ չենք նկատում: Կամ լռում ենք, կամ մեկ էլ բարձրաձայնում են ավելի մեծ, քան իրականում կա», - մեզ հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
Ոսկեվանի բնակիչ Արմեն Թոմոյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ կրակոցները բնակիչների համար սովորական են դարձել․ - «Համարյա ամեն օր լինում ա իրիկվա ժամերին: Գիշերը 11-ին 12-ին․․․ էդ ժամերին»:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ նշեց, որ հակառակորդը երեկ միայն մեկ անգամ է կրակել՝ ճանապարհով անցնող մեքենայի վրա, սակայն վնաս չի պատճառել։ Այս օրերին սահմանամերձ գյուղերին հասցված նյութական վնասը, սակայն, մեծ է։ Կառավարության ներկայացուցիչները դրանք հաշվարկել ու խոստացել են փոխհատուցել։
«114 տուն ա վնասվել, տարբեր չափի են: Մենք ուղղակի վնասը նյութականն ենք ներկայացրել, որ պիտի կառավարություն գնա», - նշեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
Անցած շաբաթավերջին հակառակորդի գործողությունների հետևանքով երեք խաղաղ բնակիչ էր զոհվել և չորս զինծառայող, 16-ը` ստացել էին մարմնական վնասվածքներ: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից այսօր փոխանցեցին, որ Երևան տեղափոխված վիրավորներից երեքի վիճակն այժմ կայուն ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության։