Մատչելիության հղումներ

Կոմանդոսը կարծում է՝ Ադրբեջանը ռազմական գործողությունները համաձայնեցնում է Թուրքիայի հետ


Արկադի Տեր-Թադևոսյան
Արկադի Տեր-Թադևոսյան

Հայաստանի և Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողությունները Ադրբեջանը մշտապես համաձայնեցնում է Թուրքիայի հետ, կարծում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

Կոմանդոսը վստահ է՝ անցած շաբաթ Ղարաբաղի զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրթիռակոծման գործում Թուրքիան կրկին անմասն չի մնացել։ Արկակոծման հետևանքով բեկորային վնասվածքներից զոհվեցին 4 հայ զինծառայողներ, 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Տեր-Թադևոսյանը համոզված է՝ հրթիռակոծումը կատարվել է Թուրքիայի կողմից իրականացված հետախուզական տվյալների հիման վրա:

«Իրենք ամեն շաբաթ անպայման թռնում են ու նայում են՝ ինչ փոփոխություններ կան։ Այդ փոփոխությունները մեր զորամասերի ռազվեդկան է, իրենք հասկանում են, որ մենք ունենք բանակ, մենք ծառայում ենք, մենք կրակում ենք։ Ու իրենք տեղյակ են ինչ է կատարվում, տվյալները արդեն ունեին։ Հիմա, ասենք, մի գործողություն է ուզում Ադրբեջանը անել, իրենք իրար հետ կապի մեջ են լինում։ Իմ կարծիքով՝ Թուրքիան ինֆորմացիան տվել է Ադրբեջանին [մեր զինվորների տեղակայման մասին]»,- «Ազատությանը» ասաց Տեր-Թադևոսյանը։

Արձագանքելով մեր հարցին՝ որքանո՞վ են ճիշտ տեղեկություններն այն մասին, թե ի պատասխան ադրբեջանական զինուժի այս գործողությունների` հայկական կողմը թշնամու երկու հենակետ է վերացրել, գեներալ-մայորն ասաց՝ նման լուրեր ինքն էլ լսել, բայց պաշտոնական հաստատում դեռևս չի ստացել: Նշենք, սակայն, որ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, թե «ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ»։

Չնայած վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է ավելի ծանր զինատեսակներ կիրառել՝ նռնականետեր, ականանետեր և հրթիռահրենտային կայանքներ, Կոմանդոսը վստահ է՝ Ադրբեջանը պատերազմական գործողությունների չի գնա: Նախ դա թույլ չի տա Արևմուտքը՝ հաշվի առնելով նավթային շահերը, և հետո Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես հասկանում է, որ պատերազմի դեպքում կզրկվի հսկայական կարողություններից: Հետևաբար, Կոմանդոսի կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը մեկ նպատակ ունի՝ լարվածության մեջ պահել հայկական կողմին և, տարբեր աստիճանի կորուստներ պատճառելով, ցույց տալ սեփական ժողովրդին, թե ամեն ինչ անում են՝ Ղարաբաղը ետ բերելու համար:

«Այ, այս նավթամուղը տեսնում ենք, մենք կարող ենք խփել էստեղ ու ամբողջ Ադրբեջանը կվառվի։ Բայց էստեղ ավելի ուժեղ բան կա, սրա տասը տոկոսն է Ադրբեջանինը, մնացածը Ամերիկայինն է, Անգլիայինը, իրենց իրավունք չեն տա էդ կռիվը սկսել։ Իրենք կսպասեն, իրենց գումարը կվերցնեն, հետո էստեղ նավթ չի լինի, ու հետո կասեն՝ ինչ ուզում եք, արեք»,- ասաց Տեր-Թադևոսյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կիրառվող զինատեսակներին՝ գեներալ-մայորը նշեց, թե դրանց 90 տոկոսը ռուսական զենք է, մնացածը թուրքական և իսրայելական արտադրության են: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն խնդրին, որ հայ զինվորներն ու խաղաղ բնակչությունը սպանվում են ռազմավարական դաշնակցի զենքից, Տեր-Թադևոսյանը նշեց, թե Ադրբեջանը դեռևս կիրառում է Խորհրդային Միության ժամանակ արտադրված զինատեսակները, որոնք ձեռք է բերում նաև այլ երկրներից։

Ինչ վերաբերում է ձեռք բերված նորագույն ռուսական տեխնիկային, ապա, ըստ Կոմանդոսի, դրանք առայժմ չեն կիրառվում՝ ռուսական կողմի պահանջով.- «Իրենք էդ զենքերը մի կողմ են դնում, հին զենքերով են կրակում, հո չառա՞ն Ռուսաստանից ու մեզ վրա կրակեցին։ Մի ուրիշ օր կարող է կրակեն, դա ուրիշ հաշիվ է, բայց հիմա զենքերից որ կրակում են, վաղուցվանից՝ սովետական ժամանակից իրենց մոտ մնացել է, իրենք ուրիշ երկրներից են առնում։ Ռուսներին ասում են՝ հա, շատ լավ, մենք չենք կրակի»։

Հարցին, թե արդյոք գործո՞ւմ է ռուսների պահանջը, որը իրենց վաճառած զենքից չկրակեն, Կոմանդոսը պատասխանեց՝ «մենք՝ զինվորականներս, էդպես հասկացանք»։

Մինչդեռ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պնդում է՝ տարբեր պատճառաբանություններով չպետք է լեգիտիմացնել Ռուսաստանի արյունոտ բիզնեսը։ Հարցին՝ ռեալ համարո՞ւմ է, որ Ռուսաստանը զենք վաճառի ու պահանջի դա չօգտագործել Հայաստանի դեմ, փորձագետը պատասխանեց.- «Ադրբեջանն այլ նպատակով զենք չի առնելու։ Ընդհանրապես Ադրբեջանը զինվում է միայն և բացառապես Հայաստանի հետ պատերազմին պատրաստվելու տրամաբանության մեջ։ Ուրիշ նպատակ չունի Ադրբեջանը՝ այդքան զենք ձեռք բերելով։ Այսինքն հայկական դիվանագիտությունը պետք է հասնի նրան, որպեսզի դելեգիտիմացնի ռուսական բոլոր ռազմական մատակարարումներն Ադրբեջանին։ Ռուսաստանը պետք է իր ընտրությունը կատարի՝ պատերազմի հրահրո՞ղ է տարածաշրջանում, թե՞ խաղաղության հասնելու ճանապարհին միջնորդ»։

XS
SM
MD
LG