Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փորձագետ. Շփման գծում լարվածությունը կարող է լինել առճակատման սկիզբը


«Քաղաքական խաղաղ կարգավորման հնարավորություններ այսօր չեն ուրվագծվում», - ասում է Պավել Ֆելգենգաուերը։

Ռուսաստանցի հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերի կարծիքով, հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին օրերի լարվածությունը կարող է լինել առճակատման սկիզբը, որը, ըստ փորձագետի, կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի։

«Պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ կողմերից մեկը ենթադրում է, որ լայնածավալ գործողությունները կարող են օգուտ բերել։ Պատճառները տարբեր են լինում՝ ներքաղաքական, արտաքին... Առավել հնարավոր է դառնում պատերազմը, երբ երկու կողմն էլ ենթադրում է, որ այն կարող է օգուտ տալ ոչ թե երկրներին, այլ ղեկավարներին՝ ռեժիմներին։ Արդյոք հիմա նման վիճակ է, թե՝ ոչ, ես այստեղից՝ Մոսկվայից, վստահ ասել չեմ կարող, բայց ընդհանրապես հնարավոր է, քանի որ քաղաքական խաղաղ կարգավորման հնարավորություններ այսօր չեն ուրվագծվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը։

Ըստ Ֆելգենգաուերի, սոսկ տեսականորեն պատերազմն անխուսափելի է, «բայց երբ կլինի՝ հայտնի չէ. գուցե՝ այսօր, գուցե՝ ոչ»։

Նրա խոսքով, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը խաղաղապահներ տեղակայելու ցանկություն չունեն։ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար չէ, հարկ է գիտակցել, որ ՀԱՊԿ-ը Միջին Ասիայի համար է, և Պուտինը Դուշանբեում հենց այդ մասին է խոսել՝ «Իսլամական պետությամբ» վախեցնելով միջինասիական հանրապետությունների ղեկավարներին, համոզելով, որ նրանք պետք է ապավինեն Ռուսաստանին։ Հայաստանը չի ընդգրկվում այդ խնդիրների շրջանակում», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանը, իհարկե, Ռուսաստանի դաշնակիցն է, Ռուսաստանը Հայաստանին անվտանգության երաշխիքներ է տվել, թեպետ դրանք ոչ մի անգամ դեռ գործնականում չեն փորձարկվել։

«Ամեն անգամ, երբ սահմանին հնչում են կրակոցներ, իսկ վերջերս նաև ռմբակոծություններ, զինվորներ և խաղաղաղ բնակիչներ են սպանվում, Երևանը սրտատրոփ սպասում է իր ռազմական դաշնակից՝ Հայաստանի անվտանգությունը ստանձնած Մոսկվայի արձագանքին։ Եվ սովորաբար, գոնե վերջին տարիներին արձագանք չի լինում, կամ լավագույն դեպքում չափազանց կոմպլեմենտար է լինելու, որ հանկարծ Բաքուն չնեղանա», - ասաց փորձագետը՝ նշելով, թե այսօր Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի կարևոր գործընկեր է տարածաշրջանում, քան Հայաստանը։

«Ադրբեջանից Ռուսաստանն ունի նյութական օգուտ։ Միայն զենք վաճառելով՝ Մոսկվան միլիարդավոր դոլարների օգուտ է քաղում, էլ չեմ ասում, թե ինչ կարևոր է Ռուսաստանի համար Ադրբեջանի վարած քաղաքականությունը էներգակիրների հարցում։ Եվ ստացվում է, որ անվտանգության երաշխիք ասվածը տարածվում է միայն Թուրքիայի վրա։ Այսինքն՝ Ռուսաստանը ռազմական օգնություն կցուցաբերի Հայաստանին միայն այն դեպքում, եթե տեսականորեն պատերազմին միջամտի Թուրքիան», - ասաց փորձագետը։

Ֆելգենգաուերը չի բացառում, որ թուրք հասարակության ուշադրությունը շեղելու համար Անկարան որոշի միջամտել Ղարաբաղի շուրջ ընթացող գործողություններին։

«Պատերազմական գործողությունների պատվեր դրսից այսօր չկա, փոխարենը կա ռազմական գործողություններ սկսելուն նպաստող ներքին իրավիճակ՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։ Ներքին հարցերը լուծելու համար արտաքին հակամարտություն են սկսում։ Իրավիճակը թե՛ Բաքվում, թե՛ Երևանում չափազանց վտանգավոր է այս առումով», - ասաց ռուսաստանցի փորձագետը՝ նշելով, որ արտաքին աշխարհն այսօր այնքան խնդիր ունի, որ մոռացել է հայ - ադրբեջանական հակամարտության մասին՝ թողնելով հայերին ու ադրբեջանցիներին մենակ։

Փորձագետի խոսքով, եթե միջազգային ուշադրությունից հեռու մնացած տարածաշրջանում այսօր լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, կողմերից ոչ մեկին չի հաջողվի միանշանակ հաջողության հասնել։ «Այսօր հայկական և ադրբեջանական բանակները հավասար ներուժ ունեն, եթե նախկինում ավելի ուժեղ և մարտունակ էր համարվում հայկական բանակը, այսօր իրավիճակը փոխվել է, և ուժերը հավասար են։ Այսինքն՝ առանց արտաքին ուժերի միջամտության այդ պատերազմը կարող է երկար տևել՝ առանց լուրջ հաջողությունների հակամարտող կողմերի համար, և դժվար թե սա չեն հասկանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները», - ասաց Ֆելգենգաուերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG