Մատչելիության հղումներ

Միջնորդները կողմերին կոչ են անում «աշխատել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ուղղությամբ»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, արխիվ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, արխիվ

Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, թե «ի վիճակի չեն հաստատապես պարզել, թե ինչպես է սկիզբ առել բռնությունը»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը այսօր Նյու Յորքում հայտարարությամբ են հանդես եկել՝ իրենց լուրջ մտահոգությունն արտահայտելով «հայկական և ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական տարածքներում և դրանց շուրջ ականանետներ ու ծանր զենքեր օգտագործելու կապակցությամբ»:

«Նման զենքերի կիրառումը իրենից ներկայացնում է հակամարտության անընդունելի ահագնացում: Մեր ամենախորին ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին», - հայտարարում են միջնորդները՝ հավելելով, որ զոհեր կան «միջազգային սահմանի և Շփման գծի երկու կողմում էլ»: Համանախագահները կողմերին խստագույնս կոչ են անում խուսափել զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում և հիշեցնում, որ նրանք Ժնևի կոնվենցիայով պարտավորություն ունեն պաշտպանելու քաղաքացիական անձանց ապահովությունը և անվտանգությունը:

«Ցավում ենք, որ այս միջադեպերը տեղի ունեցան Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ արդեն համաձայնեցված հանդիպման նախաշեմին: Ակնկալում ենք, որ նախարարները լուրջ քննարկում կունենան բռնության աճի և բանակցությունների միջոցով կարգավորման շուրջ հարցերի վերաբերյալ», - հայտարարում են Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Անդրիոն, Իգոր Պոպովը և Անջեյ Կասպշիկը:

Պնդելով, որ իրենք «ի վիճակի չեն հաստատապես պարզել, թե ինչպես է սկիզբ առել բռնությունը, քանի որ կողմերը մեղադրում են միմյանց», միջնորդները շեշտում են, որ «կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմի ուղղությամբ, ինչպես քննարկվել է նախագահների միջև»:

«Մենք կշարունակենք կողմերի հետ մեր աշխատանքը ամենաբարձր մակարդակներով՝ նվազեցնելու լարվածությունը և առաջ մղելու երկարատև և խաղաղ կարգավորումը», - հայտարարում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG