Պաշտպանության բանակի նոր հրամանատարի անունը պաշտոնապես դեռ չեն հայտնում

ԼՂ պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյան, արխիվ

Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարարի տեղափոխումն է՛լ ավելի է ամրապնդում հայկական ուժերի գործակցությունը, ասում է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն առայժմ պաշտպանության նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր չի ստորագրել, այսօր «Ազատությանը» փոխանցեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված Մովսես Հակոբյանի՝ այդ պաշտոնից ազատվելն ու Հայաստանում ծառայությունը շարունակելու նրա որոշումը, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ այստեղ որևէ արտառոց բան չկա:

«Ցանկացած պաշտոնյա էլ մի օր փոփոխվում է, այստեղ որևէ տարօրինակ կամ բացասական զարգացում չկա: Ինքը զինվորական է, առաջարկ է եղել այդպիսի, և ինքը, կարծում եմ, այնտեղ նույնպես լավագույնս իրեն կդրսևորի՝ հաշվի առնելով իր փորձը, գիտելիքները», - ասաց նա:

Ավելին՝ Բաբայանը համոզված է, որ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի տեղափոխումը է՛լ ավելի է ամրապնդում հայկական ուժերի գործակցությունը և դրականորեն է ազդում Հայաստանի ու Ղարաբաղի բանակի մարտունակության վրա:

«Պետք է վերջապես հաշվի առնել մի բան, որ և՛ Արցախը, և՛ Հայաստանը տարբեր պետություններ են, ունեն իրենց բանակները, պաշտպանության նախարարությունները, բայց ի վերջո և՛ ՀՀ զինված ուժերը, և Արցախի Հանրապետության զինված ուժերը իրականացնում են նույն առաքելությունը, այսինքն՝ հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգության ապահովումը», - հավելեց Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության արդեն նախկին նախարար Մովսես Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չգիտի, թե ինչով է պայմանավորված իրեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու որոշումը, սակայն բացառեց, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ դժգոհ են իր աշխատանքից:

«Ես զինվորական եմ, ես ցանկացած պաշտոնի եմ պատրաստ ծառայել», - ասաց նա:

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով պաշտոնից ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հենց նա էլ կնշանակվի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար: Մովսես Հակոբյանն ասաց, թե դրական է վերաբերվում Մնացականյանի թեկնածությանը:

«Շատ դրական, տեղակալս է եղել նախկինում, բանիմաց սպա է», - ասաց նա:

Ստեփանակերտում առայժմ պաշտոնապես չեն հաստատում Մնացականյանի՝ նախարար նշանակվելու մասին լուրերը: