Մատչելիության հղումներ

ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը չի բացառում, որ հետագայում կարող է Հայաստան տեղափոխվել


ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը չի բացառում, որ հետագայում կարող է Հայաստան տեղափոխվել
please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ հետագայում ծառայությունը կարող է շարունակել Հայաստանում՝ միաժամանակ հայտնելով, որ առայժմ որևէ առաջարկ չի ստացել:

«Ես զինվորական մարդ եմ, հրաժարականը ո՞րն է, իմ պաշտոնը զինվորական պաշտոն է։ Որտեղ անհրաժեշտ եմ, ղեկավարս իմանալու է: Որևէ բան չի բացառվում զինվորականի կյանքում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է քննարկվում նրան Հայաստան տեղափոխելու հարցը, պատասխանեց, թե վերլուծաբան չէ, չի կարող կռահել: Թե ով կփոխարինի իրեն տեղափոխվելու դեպքում, ասաց՝ թեկնածուներ շատ կան, բայց անուններ չնշեց:

Նախկինում ևս ղարաբաղցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Ստեփանակերտում պաշտոնանկ լինելուց հետո դարձել են հայաստանյան քաղաքական կամ հասարակական էլիտայի ներկայացուցիչներ: Նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը 2007-ի նախագահական ընտրություններին պաշտոնից հրաժարական տալուց անմիջապես հետո Երևանում նշանակվեց «Արդշինինվեստբանկի» խորհրդի անդամ: Ազգային ժողովի նախկին նախագահ ու նախկին վարչապետ Օլեգ Եսայանն էլ դեռ 2005-ին Երևանում ստանձնել է Հայաստանի Արժեթղթերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այնուհետև իր գործունեությունը շարունակել դիվանագիտության մեջ՝ աշխատելով որպես Հայաստանի դեսպան Բելառուսում, այնուհետև Ռուսաստանում:

Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ևս տեղափոխվել է Երևան ու առաջիկայում պաշտոն է ստանալու: Վերջերս Ղուկասյանը հերքել էր Երևան տեղափոխվելու մասին տեղեկությունները՝ հայտարարելով, թե «ավելի շատ լինում է Ղարաբաղում, քան Հայաստանում»:

«Ես զբաղված եմ Լեռնային Ղարաբաղի հարցով, և այն մարդիկ, ովքեր խոսում են, որ Ղուկասյանը Ղարաբաղում չէ, սխալվում են, որովհետև Ղուկասյանը միշտ Ղարաբաղում է, իմ ընտանիքը այստեղ է, ես Հայաստանում և Ղարաբաղում զբաղվում եմ Ղարաբաղի հարցով»,- ասել է նա։

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Վիտալի Բալասանյանի համոզմամբ, նախկին պաշտոնյաների՝ Ղարաբաղից հեռանալն ու երկրի հասարակական կյանքին չմասնակցելը խոչընդոտում է երկրի կայացմանը:

«Էքս նախագահների ինստիտուտները պետք է ցանկացած երկրում լինեն, ցավոք, մեր երկրում չկա թե՛ էքս նախագահի, թե՛ էքս վարչապետի, թե՛ էքս պաշտպանության նախարարի ինստիտուտ, որը շատ վտանգավոր եմ համարում։ Ղարաբաղում մարդ զբաղեցնում է պաշտոն, ինքը ամենից հայրենասերն է, երբ պաշտոն չունի՝ իր համար Ղարաբաղը՝ այնքանով որքանով, երբ կուզի վերադառնա, նորից պաշտոն զբաղեցնի»,- ասաց Բալասանյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ևս պնդում է՝ նախկին պաշտոնյաներն ունեն օգտակար կապեր, սոցիալական կապիտալ, որը կարող են ծառայեցնել Ղարաբաղի հասարակական կյանքի զարգացմանը:

«Նախկին պաշտոնյաներն ունեն ավելի հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն, ինչպես, ասենք, որևէ հիմնադրամ ստեղծելը, ինչով սովորաբար զբաղվում են զարգացած երկրների նախկին պաշտոնյաները: Երբ այլևս չեն ընտրվում իրենց պաշտոնում կամ թողնում են իրենց պաշտոնը, սովորաբար ստեղծում են որևէ թանգարան, գրադարան, հիմնադրամ և զբաղվում են հասարակական գործունեությամբ, կարծում եմ՝ մեր նախկին պաշտոնյաները նույնպես կարող են այս ամենով զբաղվել»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG