ԱԳ փոխնախարարն արդարացնում է Աստանայի հանդիպմանը Հայաստանի չմասնակցելը

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով, հայկական կողմը չի մասնակցի Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ մարտի 12-ին և 13-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը, քանի որ որևէ տարաձայնություն չունի այդ երկրների հետ։

«Այդ երեք պետությունները փոխադարձ խնդիրներ ունեն, որը չեն թաքցնում, և իրենք փորձում են այդ՝ իրենց միջև եղած տարաձայնությունները հարթել: Մենք տարաձայնություն չունենք, մենք նոր ենք [ԵՏՄ] անդամ, մենք խնդիրներ չունենք այդ պետություններից որևէ մեկի հետ կապված Եվրասիական տնտեսական միության հետ կամ այլ», - «Ազատության» հետ զրույցում այսօր պարզաբանեց փոխարտգործնախարարը:

Թեև որևէ հաղորդագրություն չի եղել այն մասին որ երեք նախագահների հանդիպումը կայանալու է ԵՏՄ ձևաչափի շրջանակում, այդուհանդերձ Կրեմլի պաշտոնական կայքէջը ընդգծում է, որ այդ հանդիպմանը կքննարկեն նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վիճակի և հեռանկարների հետ կապված հարցեր։

Այդ հարցերի քննարկմանը ԵՏՄ լիիրավ անդամ հանդիսացող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բացակայության փաստը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով արտառոց չէ։ Ըստ նրա, այս կերպ ԵՏՄ հիմնադիր եռյակը շատ սիրալիր ու քաղաքակիրթ «տերն ու ծառայի» տարբերակով Հայաստանին հասկացնել է տալիս՝ որոշողն իրենք են, իսկ մենք այնտեղ որևէ անելիք պարզապես չունենք։

«Ըստ երևույթին, Ռուսաստանը բավական բարեկամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, և փորձում է ամեն կերպ հասկացնել, որ այդքան բթամիտ լինել չի կարելի: Դուք մեզանից որևէ լավ բան ստանալ չեք կարող, դուք մեզանից որևէ սպասելիք մի ունեցեք», - ասում է ԱԻՄ առաջնորդը:

Հավաքի հյուրընկալ երկրի՝ Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքէջում էլ նշվում է, որ հանդիպման օրակարգում լինելու են նաև երեք երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ ԵՏՄ անդամակցությունից հետո, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի տնտեսության մեջ բացասական միտումներ են արձանագրվել՝ կրճատվել է արտահանումը, նվազել են Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտները, պակասել են ներդրումները։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, տնտեսական ցուցանիշները կշարունակեն նվազել: Ստեղծված իրավիճակից ելքերը Ասատրյանը տեսնում է նոր ներդրումների ու արտահանման ծավալների ավելացման մեջ։ Նրա խոսքով ԵՏՄ նախագահների հանդիպման քննարկման թեմաները առնչվում են դրանց, սակայն Հայաստանը այդ կառույցում ուղղակի կցորդ է․ - «Վաղուց արդեն քո տեղը վճիռներ են կայացնում, քեզ էլ չեն հարցնում: Մենք այսօր ունենք կոնկրետ խնդիրներ, հենց տնտեսության մեջ խնդիրներ ունենք, որ քո տեղը վճիռներ են կայացնում»: