Հայ գործարարներից շատերն այդպես էլ չեն կարողանում հաղթահարել Ռուսաստան ապրանք արտահանելու հետ կապված խնդիրները, որոնք ծագել էին դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին։ Կոնյակի, բնական հյութերի եւ պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությունների տնօերնները մեզ հետ զրույցում նշում են, որ ռուբլու ցածր տարադրամի փոխարժեքի պատճառով ստեղծված անորոշ վիճակը արդեն մի քանի ամիս է չի կարգավորվում։
«Ստացվում է, որ անցյալ տարվա նոյեմբերից, հոկտեմբերից գործարանները աշխատում են վնասով։ Ժամանակին մենք բավականին ուղարկում էինք, մոտ միլիոն, միլիոն ու կես, անցյալ տարվա հաշվարկով։ Բայց այս տարի դեռ պրոգնոզը պարզ չի, այսինքն՝ կանգնած վիճակում է։ Հիմա էն վիճակն ա, որ մենք ուզում ենք հասկանանք, եթե հնարավորություն լինի գները բարձրացնել, բայց մենք էլ ունենք պայմանագրեր, որոնք պետք է կատարենք։ Այսինքն միգուցե ինչ-որ ժամանակ շատ էժան գներով ստիպված լինենք ուղարկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրենը՝ Նաիրա Պապոյանը
«Ուղարկում ենք Վրաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա ենք արտահանում, Լեհաստան, Չեխիա։ Ռուսական շուկայի հետ կապված կա ծավալների նվազում, մնացած շուկաներում ոչ»։
Հայաստանի Գործատուների միությունը օրերս դիմել է կառավարությանը՝ Ռուսաստան արտահանում իրականացնող արտադրողների կորուստները փոխհատուցելու առաջարկով։ Կառավարությունը նամակն ուղարկել է Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից միությանը պատասխանել են, որ կփորձեն աջակցել։
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ եթե հիմա արտահանողների կուրուստները չփոխհատուցվեն, հաջորդ տարի նրանք այլևս չեն կարողանա աշխատել։
«Կառավարությունը եթե գնա դրան դա շատ մեծ ստիմուլ կլինի, որ արտահանման տեմպերը պահենք», - ասաց Մակարյանը։
Թեև ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2014 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ մոտ 1 տոկոսով աճել է, սակայն դա չի վերաբերոմ ԵՏՄ անդամ երկրների հետ կատարված առևտրին։ Այդ երկրների հետ առևտրի ծավալները կրճատվել են մոտ 5 տոկոսով։
Ըստ վիճակագրության, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումը 2013-ի համեմատ նվազել է 7.7 տոկոսով։ Դրա փոխարեն գրեթե նույնքան աճել են ներմուծման ծավալները և այսօր արդեն Ռուսաստանից Հայաստան ավելի մեծ թվով ապրանքներ են մուտք գործում:
ԱՎԾ տվյալների համաձայն, նախորդ տարի արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է եղել ավելի քան 1 տրիլիոն միլիարդ դրամի չափով: Ըստ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի, մի քանի տարի շարունակ պահպանվող բացասական ցուցանիշի պատճառն այն է, որ Հայաստանը արտահանման և ներմուծման հստակ մոդել չունի։
«Ռուսական շուկայում երաշխիքները, վճարման արագությունը, ռուբլու ինֆլյացիայի հետ կապված խնդիրները դեռևս հույս չեն ներշնչում։ Մեր բանկային համակարգը դեռևս չի խթանում ֆակտորինգի և այլ ապահովագրական մեխանիզմներ, դեռևս վատ են օգտագործվում, որ արտահանողները վստահ լինեն, որ իրենց ապրանքները կվաճառվեն և գները կստանան։ Եվ այդ առումով, բնականաբար, իրենք սպասողական վիճակում են։ Կառավարությունը, եթե գնա դրան, դա շատ մեծ ստիմուլ կլինի, որ արտահանման տեմպերը պահենք։
Ընդհանուր առմամբ, ներմուծման ցուցանիշը շարունակում է մի քանի անգամ գերազանցել արտահանմանը։ ԱՎԾ տվյալների համաձայն, նախորդ տարի արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է եղել ավելի քան 1 տրիլիոն միլիարդ դրամի չափով: Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշում է, որ մի քանի տարի շարունակ պահպանվող բացասական և այսքան բարձր ցուցանիշի պատճառն այն է, որ Հայաստանը արտահանման և ներմուծման հստակ մոդել չունի։
«Ոչ թե 4.3 միլիարդի ապրանք ներմուծենք, այլ առնվազն դրա կեսը, որոնք սնունդ են և տարբեր այլ ապրանքներ են, մենք կարող ենք ներսում արտադրել։ Օրինակ, մենք կարող ենք շատ լավ խթանել տեղական կենցաղային սարքավորումների խնդիրը՝ հավաքման արտադրություններ դնելով, կամ գոնե բերենք բաղադրիչները, բայց ապրանքները պատրաստի չբերենք։ Մենք կարող ենք շատ լավ խթանել մեր սննդամթերքի արտադրությունը և նույնիսկ շատ թարմ մրգեր-բանջարեղեններ կամ այլ բաներ չբերենք, ինքներս ապահովենք։ Մենք կարող ենք շատ լավ, կարի ոլորտում, մեր տեղական արտադրանքը, մեր դիզայնը և այլն վերցնել։ Մեզ մոտ պրոբլեմը գիտե՞ք ինչն է՝ շատ քիչ ոլորտներ կան, որ ինդուստրիա հասկացության մեջ են տեղավորվում», - ասաց Մակարյանը: