ԵՏՄ տարածքում գործող արգելքները հիշեցնում են խորհրդային տարիների «երկաթե վարագույրի» ժամանակները, «Ազատության» հետ զրույցում ասում էին մի խումբ արվեստագետներ, իրավապաշտպաններ ու հրատարակիչներ՝ մատնանշելով որոշակի տեղեկատվություն պարունակող տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների ներմուծման, տարածման և տարհանման արգելքը ԵՏՄ-ում:
Ընդ որում, մտահոգություններն ավելի են խորանում, քանի որ իշխանությունները չեն փորձում հստակ բացատրել՝ ինչից ենք զրկվում և ինչ ենք շահում:
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, արգելքների մասին հրապարակված կոդերով լի փաստթղից դա գրեթե անհնար է կռահել:
«Դեռ պետական մարմիններն էլ խնդիր ունեն հասկանալու, որովհետև մենք այնքան արագ մտանք այդ միությունը, որը ինքն էլ այնքան հապճեպ ստեղծվեց, որ կարծում եմ, որ ինչ-որ կետեր կան, որ ոչ ոք չգիտի, և ենթադրում եմ, որ դրել են, որ հետո գլուխ հանեն իրենք», - ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Ստորագրելով ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը՝ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է այնպիսի տեղեկությունից, որը կարող է վնասել մաքսային միության անդամ պետությունների քաղաքական կամ տնտեսական շահերին, պետական անվտանգությանը, ինչպես նաև քաղաքացիների առողջությանն ու բարոյականությանը:
Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը մեզ փոխանցեց, թե դրանք միջազգային պարտավորություններ են:
«Հիմք ընդունելով ԵՏՄ-ի ցանկը՝ պետք է յուրաքանչյուր լիազոր մարմին, ըստ իր ապրանքային խմբի, որի համար պատասխանատու է, բացի իր ներքին հրամանով՝ կոնկրետ ինչին է վերաբերվում դա, որ նյութերին է վերաբերվում, ինչ կրիչների մասին է խոսքը», - ասաց Եգանյանը՝ հավելելով, որ «էլեկտրոնային այլ կրիչ» ասելով, հասկանում ենք կրիչ, որը կարող է էլեկտրոնային ինֆորմացիա կրել և որով հնարավորէ այդ ինֆորմացիան տեղափոխել հանդիսանում է այլ կրիչ:
«էլեկտրոնային այլ կրիչներ» ձևակերպումը, սակայն, դարձել է շփոթության պատճառ: Մարտիրոսյանն ասում է, որ այսօր ավելի հեշտ է թվարկել, թե ինչը կրիչ չէ․ գրիչից մինչև աներևույթ, անշոշափելի առարկաներ, օրինակ՝ օնլայն ֆայլադարանը դրոփբոքսում, կարող են այլ կրիչներ համարվել:
«Ես բաց տեղադրում եմ, ասում եմ՝ ով ուզում է, թող նայի: Կարող է Ղազախստանում մեկ էլ տարածվի: Ռուսաստանը էստեղ ինքնին ունի ներքին մեխանիզմներ: Օրինակ իրենք մեծ փորձ ունեն վերջին երկու տարվա ընթացքում արգելափակումների: Նրանք տեսականորեն կարող են այդ ծառայությունը ուղղակի արգելափակել, որ հասանելի չլինի Ռուսաստանի տարածքում: Արդյոք մենք էլ ենք ենթադրում էդ ճանապարհով գնալ, թե մենք գնում ենք այն ճանապարհով, որ այդ «այլ»-ը անուշադրության մատնենք», - նշեց տեղեկատվության անվտանգության փորձագետը:
Համացանցում տեղադրված արգելված նյութերը արդյոք կրիչ կհամարվե՞ն, և, ասենք, այդ կոնկրետ կայքը կարգելափակվի՞:՚ Պաշտոնյան այս հարցին հստակ պատասխան չի տալիս՝ հորդորելով պատասխանները փնտրել կոդերով լի գրքում:
«Այսինքն մաքսային մարմնի ցանկացած աշխատակից ինքը կարող է բացել և ասել, թե կոնկրետ այդ կրիչը ընկնում է արգելվածների տակ, թե ոչ»:
Այդուահնդերձ, նախարարության աշխատակիցը չի կարծում, որ այսպես վերադառնում ենք տեղեկատվության սահմանափակման կամ գրաքննության ժամանակներ: Խոսքը վերաբերում է միայն ահաբեկչական, էքստրեմիստական, պոռնոգրաֆիկ նյութերին, ասում է պաշտոնյա Եգանյանը՝ չհստակեցնելով, այդուհանդերձ, թե որտեղ է հատվում թույլատրելիի և անթույլատրելիի սահմանը:
Հստակ է, սակայն, որ արգելվող տեղեկատվության սահմանը կվերահսկիԱզգային անվտանգության ծառայությունը:
Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը պնդում է՝ տնտեսական այս կառույցում բարոյադաստիարակչական արգելքները տեղ չպետք է ունենան: Եթե իշխանոթյունները չեն կարողանում մինչև օրս հստակեցնել՝ ինչ ասել է «այլ կրիչ», մնում է միայն ենթադրել, որ յուրաքանչյուր անձ, ով վերոնշյալ տեղեկությամբ՝ հեռախոսներով, ժամացույցներով կամ նորագույն տեխնոլոգիաներովսահման կհատի, կենթարկվի մանրազնին ստուգման:
«Եթե տենց տառացիորեն օրենքը ընկալվի, պետք է ամբողջությամբ հանվեցնեն, ստուգեն՝ ինչն է կրիչը, ինչը կրիչ չէ և այլն: Այնպես որ էստեղ հստակեցումը հաստատ պետք է», - ընդգծեց Մարտիրոսյանը: