Մատչելիության հղումներ

Ռուսաստանից էժան ալյուրի ներկրումը հարվածում է տեղի արտադրողներին


Ռուսաստանից էժան ալյուրի ներկրումը հարվածում է տեղի արտադրողներին
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

ԵՏՄ անդամ դառնալուց մեկ ամիս անց հայ արտադրողները մտահոգված են ներքին շուկան կորցնելու հանգամանքով:

Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության ճանապարհին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները տնտեսական լուրջ հաջողություններ էին ակնկալում, մինչդեռ անդամակցելուց ընդամենը մեկ ամիս անց հայ արտադրողներն արդեն մտահոգված են ներքին շուկան կորցնելու հանգամանքով:

Մասնավորապես, խնդիրներ են առաջացել ալրաղացներում․ Ռուսաստանից ներմուծվող էժան ալյուրը հարվածել է հայ արտադրողների գրպանին՝ ստեղծելով մրցակցության անհավասար պայմաններ: Պատճառը ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումն էր, ինչի արդյունքում Ռուսաստանից ապրանքներ արտահանելը դարձավ էականորեն շահավետ, «Ազատությանը» փոխանցեց հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ շարունակում է ահազանգեր ստանալ ալյուր արտադրող խոշոր ընկերություններից:

«Խնդիրը նրանում է, որ Եվրասիական տնտեսական միության մեջ ժամանակի ընթացքում պետք է համահարթեցնող քաղաքականություն տարվի, որպեսզի և Հայաստանում արտադրված ապրանքները, և Ռուսաստանում արտադրվածը այնպիսի էլեմենտներից գոյանա դրանց գնագոյացումը, որ գները մոտավորապես հավասար լինեն», - ասաց Վազգեն Սաֆարյանը:

Ռուսական արտադրանքը ավտոճանապարհով շատ ավելի էժան է հասնում Հայաստան, քան արտադրության ինքնարժեքն է տեղում:

«Ալրաղացների գործերը շատ վատ են»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Մանանա Գրեյն» ալյուր արտադրող խոշոր ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:

«Կան որ շատ վատ վիճակում են, որովհետև ցորենի ջրային տրանսպորտով տեղափոխման կանոնակարգ չունենք ստացած ԵՏՄ անդամ լինելով հանդերձ, որովհետև Ռուսաստանը 35 եվրո կամ 45 դոլարը չգերազանցող մաքսատուրք է կիրառել մեկ տոննայի վրա: Ավտոճանապարհով գալիս է ռուսական արտադրանքը, որը շատ ավելի էժան է, քանի մենք կարող ենք արտադրել: Հիմա վնասներ ենք կրում: 1 տոննայից 30 հազար դրամ, ոչ պակաս», - ասաց «Մանանա Գրեյն»-ի տնօրենը:

Հայ արտադրողները հասկանում են՝ անդամակցելով ԵՏՄ-ին Հայաստանը պարտավորվել է սահմանափակումներ չկիրառել դաշնակիցների նկատմամբ: Այդուհանդերձ, միջազգային պայմանավորվածությունները նաև որոշակի պաշտպանական միջոցներ են ենթադրում: Այդ մասին փաստում է հենց կառավարության անդամը՝ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը:

«Կարող են կիրառվել որոշակի սահմանափակումներ տեղական արտադրողներին պաշտպանելու համար, սահմանափակումներ դրվել այս կամ այն ապրանքի համար, որը կարող է ներքին շուկայում լուրջ ազդեցություն և տեղական արտադրողներին դուրս մղել մրցակցությունից», - նշեց Եգանյանը:

Իմանալով իր հնարավորությունների մասին՝ Հայաստանի կառավարությունը, այդուհանդերձ, չի շտապում հայ արտադրողին պաշտպանել: Մինչդեռ նույն ԵՏՄ անդամ Ղազախստանում, օրինակ, կառավարությունը քննարկում է Ռուսաստանից ներմուծվող ալյուրի, ձվի, հավի մսի, հյութերի և այլ ապրանքների նկատմամբ ամբողջական կամ մասնակի արգելանք սահմանելու հարցը: Բելառուսն էլ չի հանդուրժում «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումները:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը սպասում է, որ Հայաստանի կառավարությունը ևս, ի վերջո, ձեռք կմեկնի տեղական արտադրողներին:

«Պիտի կառավարությունը այս ժամանակավոր բարդությունների համար որոշակի մեխանիզմներ մշակի խրախուսելու նրանց գործառույթները, պաշտպանելու: Մենք էսօր 150 հազար հեկտար հողատարածություններ ունենք, որոնք չեն մշակվում: Այ էդ հողատարածությունները հագեցնել ցորենի արտերով և մենք ունենանք ցորենի գոնե 70 տոկոսի տեղական արտադրություն, այս դեպքում տեղական հումք կունենանք, և բերելու տրանսպորտային ծախսերը չեն ավելանա նրանց ինքնարժեքի վրա», - ասաց Վազգեն Սաֆարյանը:

ԵՏՄ-ում Հայաստանը դեռ չի կարող խաղի իր կանոները թելադրել, ասում է կառավարության ներկայացուցիչ Եգանյանը՝ վստահեցնելով, սակայն, որ առաջիկայում այդ հնարավորությունը կընձեռվի:

«Մինչդեռ բիզնեսում մարդիկ ամեն օր են փող կորցնում», - ասաց ալյուր արտադրող ընկերության տնօրեն Նիկողոսյանը՝ հույս չունենալով, որ կառավարությունը օգնության ձեռք կմեկնի․ - «Խնդրի լուծումը՝ եթե մեծ հսկան սուզվում է, կողքից նավակին էլ հետն է քաշում․ հիմա ինչքան խուսանավենք, այնքան լավ կլինի»:

Ռուս-հայկական այս մրցակցությունից գուցե շահի սպառողը․ էժան ալյուր գնելու հնարավորություն կունենա: Այդուհանդերձ, չպաշտպանելով տեղական արտադրողին, կառավարությունը գյուղացիների խոսքով, հարվածի տակ կդնի 4 տարի շարունակ իր իսկ կողմից իրականացված ծրագիրը, որի արդյունքում Հայաստանում ցորենի ինքնաբավությունը հասցվել է արդեն ավելի քան 50 տոկոսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG