Ռուսաստանի արտգործնախարարի՝ չքաղաքականացնելու կոչը գյումրեցիներին դուր չի եկել

Your browser doesn’t support HTML5

Գյումրիի ողբերգությունը չքաղաքականացնելու՝ Ռուսաստանի արտգործնախարարի կոչը գյումրեցիներին դուր չի եկել։ Նրանց համար անհասկանալի է, թե ի՞նչն է իրենց պահանջներում քաղաքական։

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով իրենց պահանջը հստակ է՝ ռուս զինծառայողը պետք է կանգնի Հայաստանի դատարանի առաջ, և ըստ նրա Ռուսաստանը փոխանակ կատարի այդ պահանջը և մեղմի Գյումրիում առկա հակառուսական տրամադրությունները, հայտարարում է, որ համոզված է՝ «հայ ժողովուրդը պրովոկացիաների չի տրվի»։

«Արդար պահանջը գյումրեցիների հիմա սարքել, որ քաղաքականացնում են, սա անընդունելի է, որովհետև իրենք մինչև հիմա իրենց կատարած հանցագործությունների համար արժանի պատիվ չեն կրել: Եվ հիմա, երբ որ գյումրեցին պահանջատեր է, սա արդեն նրանց դուրը չի գալիս: Սա արդեն պարզվում է, որ մենք՝ քաղաքի բնակչությունը, քաղաքականացնում ենք», - ասում է քաղաքագետը:

Համբարյանն ասում է՝ եթե Լավրովը գիտի, թե ով է հարցը քաղաքականացնում, ապա պետք է անուններ հրապարակի։ Քաղաքագետի խոսքով, հենց ռուսական կողմին է ձեռնտու հարցը քաղաքականացնել, քանի որ այդ ձևով հնարավոր կլինի թաքցնել ռազմաբազայում առկա բացթողումները։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով էլ Ռուսաստանը հայ հասարակությանը դրել է այնպիսի իրավիճակում, երբ Հայաստանի իշխանություններից ինչ-որ բան պահանջելը իմաստ չունի, քանի որ զինծառայողը ռուսական ռազմաբազայում է պահվում, իսկ ռուսական կառույցների դեմ ցույցերը որակվում են որպես քաղաքական։

«Ռուսաստանի արտգործնախարարը և Ռուսաստանի իշխանությունները իրենք են սկսել շահարկել խնդիրը, և դրանք փորձում են ծառայեցնել այս կամ այն ձայնը խլացնելու համար», - ասում է նա:

Սաֆարյանի կարծիքով այժմ խնդրի լուծումները Ռուսաստանի դաշտում են, և այդ երկիրը պետք է հիշի, որ ստեղծված իրավիճակը լուրջ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Քաղաքագետի խոսքով Ռուսաստանի արտգործնախարարը չպետք է դասեր տա հայ հասարակությանը, թե ինչի մասին կարելի է խոսել, ինչի մասին լռել․ - «Սա վիրավորանք է, որովհետև հայ հասարակությունը, Գյումրիում բողոքող հասարակությունը իր պահանջներն էր դնում և ոչ թե խնդիր էր շահարկում կամ սպասարկում էր ինչ-որ աշխարհաքաղաքական պրոցեսներ: Ռուսաստանն է, որ կարող է իրեն թույլ տալ մտածել աշխարհաքաղաքական խաղերի մասին: Գյումրվա հասարակությունը աշխարհաքաղաքական խաղեր խաղալու ոչ սիրտ, ոչ ցանկություն, ոչ էլ անհրաժեշտությունը ունի»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով էլ Ռուսաստանի արտգործնախարարը պետք է բացատրի, թե ինչ նկատի ունի քաղաքականացնել ասելով, քանի որ ըստ նրա՝ քաղաքական հանգամանքները այս հարցում չքննարկելը անհնար է։

«Ենթադրվում է, որ սպանությունը իրականացվել է այլ երկրի զինծառայողի կողմից, այն իրականացվել է այն բանից հետո, երբ նա լքել է այլ երկրի ռազմական կայանը, սպանությունը կատարվել է այլ երկրի պատկանող զենքով, այնպես որ քաղաքական բաղադրիչները ուզենք մենք, թե չուզենք, անկախ դրդապատճառներից, ինքը ունի քաղաքական կողմ», - ասում է Նավասարդյանը:

Փորձագետների կարծիքով, իհարկե, կարող էին լինել անհատներ, ովքեր կփորձեին հարցը քաղաքականացնել, մինչդեռ այստեղ կարևորը գյումրեցիների պահանջն է։