Մատչելիության հղումներ

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին հուղարկավորեցին


Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին հուղարկավորեցին
please wait

No media source currently available

0:00 0:02:41 0:00

Երեխայի մարմինը հողին հանձնեցին հունվարի 12-ին սպանված ընտանիքի վեց անդամների կողքին։

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին հուղարկավորեցին։ Երեխայի մարմինը հողին հանձնեցին Գյումրիի «Շիրակ» քաղաքային գերեզմանատանը՝ հունվարի 12-ին սպանված ընտանիքի 6 անդամների կողքին։

Բազմամարդ թափորում էին Շիրակի մարզպետարանի, Գյումրի քաղաքի ղեկավարությունը, պատգամավորներ, արտասահամանից ժամանած հյուրեր, հասարակական գործիչներ, զոհվածների հարազատները, պարզապես քաղաքացիներ։

​Սերյոժա Ավետիսյանի աճյունը դուրս էր բերվել Սուրբ Նշան եկեղեցուց, որտեղ երեկ կայացել էր հոգեհանգստյան արարողությունը։

Վեց ամսական երեխան միակն էր, ով կենդանի էր մնացել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո։ Իրավապահները նրան հայտնաբերել էին վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Փոքրիկը մահացավ յոթ օր անց։ Ընտանիքի մյուս վեց անդամները սպանվել են հունվարի 12-ին։

Այս ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը։

Հատուկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը լրատվամիջոցներին ասել էր, որ մեղադրյալը 6-ամսական Սերյոժային AK-74 ինքնաձիգի սվինով է հարվածել, քանի որ ինքնաձիգը արգելակվել է: Արդեն իսկ հայտնի է, որ հայ քննիչները հարցաքննել են Պերմյակովին և մեղադրանք առաջադրել: Գյումրեցիները պահանջում են, որպեսզի հանցագործության մեջ մեղադրվող Պերմյակովին հանձնել Հայաստանի արդարադատությունը: Սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամները ևս միացան այդ պահանջին: Գյումրիում իրավիճակը այժմ հարաբերականորեն հանգիստ է:

Գյումրիի ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քաղաքն ու երկիրը գործողության են սպասում իշխանությունից, քաղաքը նստած է երկու ռումբերի վրա, հետևանքների ամբողջ պատասխանատվությունը Գ.Կոստանյանի և Ս.Սարգսյանի վրա է: Եթե լրացուցիչ պատասխանատվության կարիք առաջացավ, մարդիկ խաղաղ հավաքներով չեն պահանջելու դա՝ իմ կռահելով»:

Գյումրիում առայժմ սպասում են, որ գլխավոր դատախազ Կոստանյանը կատարի իր տված «տղամարդու» խոստումը ու կդիմի Ռուսաստանի գլխավոր դատախազին՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցով: Գյումրիում ոստիկանական ուժերը հսկողություն են իրականանցնում ռուսական հաստատությունների մոտ, նաև քաղաքում են շրջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG