Մատչելիության հղումներ

Աբրահամյան․ Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր ժողովրդի պահանջը ի կատար ածի


Աբրահամյան․ Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր ժողովրդի պահանջը ի կատար ածի
please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00

Վարչապետը, սակայն, չի հստակեցրել՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը Ռուսաստանի իշխանություններից պահանջում է հանցագործության մեջ մեղադրվող զինվորականին փոխանցել հայկական կողմին:

«Հանրապետության նախագահի գլխավորությամբ ամեն ինչ արվում է և դուք տեսնում եք դրական տեղաշարժը», - երեկ Գյումրիում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մատնանշելով Վլադիմիր Պուտինի զանգը, Ռուսաստանի իշխանությունների ցավակցությունը, ինչպես նաև այն փաստը, որ այսօր Հայաստանում է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահը և հիմա քննություն է իրականացնում:

«Քաղաքական իշխանությունը նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որպեսզի մեր ժողովրդի պահանջը, մեր ժողովրդի խնդրանքը ի կատար ածի», - հավելել է վարչապետը:

Ոճրագործության հաջորդ օրը Հայաստանի գլխավոր դատախազությանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, թե Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի սահմանադրության այն դրույթը, որն արգելում է Ռուսաստանի քաղաքացուն հանձնել այլ պետության:

Սպանդի 7-րդ զոհի՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը շրջանցել է այս հարցը՝ ասելով․ - «Դա իրոք մեզ համար մեծ կորուստ էր, դժբախտություն է, և այդ ոճրագործությունը իրականացվել է Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ: Դա մեր ժողովրդի համար իրոք մեծ կորուստ է այն առումով, որ փորձվեց նաև այստեղ գնահատականներ տալ, բայց մենք ուղղակի կցանկանայինք ասել, որ մենք ցավակցում ենք, մենք սգում ենք կորուստը Ավետիսյանների ընտանիքի»:

Ընդդիմադիրները տարակուսած են «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հակադարձում է՝ եթե իշխանությունները ջանքեր գործադրած լինեին Պերմյակովն ի սկզբանե չէր հայտնվի ռուսների մոտ:

«Նույնիսկ եթե տեսականորեն ընդունենք, որ իսկապես սահմանապահներն են նրան վերցրել, միևնույնն է՝ սահմանապահները ենթարկվում են Ազգային անվտանգության ծառայությանը Հայաստանի Հանրապետության և ցանկացած սահմանախախտ, անկախ ազգությունից, տրվում է հայ իրավապահներին: Ուստի միանշանակ է, որ այդ կամքը իշխանությունների կողմից՝ չկա», - ասում է Մարտիրոսյանը:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, նույնիսկ Պուտինի հեռախոսազանգը չի կարելի վերագրել Սերժ Սարգսյանի գործադրած ջանքերին: Արմեն Մարտիրոսյանի խոսքով, միայն ժողովրդի ցույց տված կամքի շնորհիվ Ռուսաստանի իշխանությունները սկսեցին քայլեր ձեռնարկել՝ հասկանալով, որ կորցնում են բարեկամական երկիր: Բարեկամությունը առավել ևս վտանգված էր, եթե մարդիկ ոտքի էին ելել հազարավոր ռուսների բնակավայր Գյումրիում․ - «Մենք ցույց տվեցինք, որ, այնուամենայնիվ, անկախ նրանից ղեկավարությունը ինչպիսի գործելաոճ է որդեգրել, միևնույնն է՝ ժողովուրդը իր արժանապատվության տերն է: Այսօր, փաստորեն, դուրս է գալիս, որ Հայաստանը ավելի կախված է որոշումներ կայացնելու խնդրում Մոսկվայից, քան նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ: Փաստորեն այսօր Հայաստանի իշխանությունները այնքան են թուլացած վիճակում գտնվում, որ նույնիսկ մեկ շաբաթ առանց Պուտինի զանգի չեն կարողանում ցավակցական խոսք հայտնել ժողովրդին»:

Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը հակադրում է հայ-ռուսական վերջին օրերի շփումների մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունները: Որքան էլ ինֆորմացիան չոր և սուղ է, այդուհանդերձ, հստակ ներկայացվում է քննարկված հարցերի շրջանակը, որոնցում պատգամավորը չի գտել որևէ ակնարկ, վկայություն այն մասին, որ պաշտոնական Երևանի օրակարգում Պերմյակովին ստանալու խնդիր առհասարակ կա․ - «Չկա այդպիսի հարց ուղղակի: Եվ նաև այն, որ Գևորգ Կոստանյանը նախորդ հինգշաբթի օրը Գյումրիում մարդկանց առաջ խոստացավ, որ ինքը այդ հարցով պաշտոնապես դիմելու է Ռուսաստանին և մինչև օրս չի դիմել, դրանք արդեն խոսուն փաստեր են: Այսինքն, մի կողմից փորձում են մարդկանց մոլորեցնել հերթական անգամ, իսկ իրականում պրոցես չկա, մյուս կողմից էլ մարդկանց անընդհատ կոչ են անում հանգստության, հանդարտության: Փաստն այն է՝ մինչև քաղաքացիական ակտիվություն չի լինում իշխանությունները իրենց կամքով որևէ քայլ, որևէ նախաձեռնություն չեն ձեռնարկում»:

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բարձրացրած բողոքի ալիքով հանրությունը հստակ ցույց տվեց, որ մի քանի օր սգալով չեն մոռանալու այս խնդիրը, Փաշինյանը պնդում է, որ այժմ շատ կարևոր է մի շարք դրվագների պարզաբանումը․ - «Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրավաչափ եղել այն, որ Պերմյակովը Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալվելով՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարվել է ռուսական 102-րդ ռազմաբազա: Սա սկզբունքային կարևոր նշանակություն ունի և այս դրվագի իրավական պարզաբանումն է, կարծում եմ, որ պետք է հիմք տա հետագա պրոցեսների գնահատականը ավելի ճշգրիտ ձևակերպել»:

XS
SM
MD
LG