Երեկ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 19-ին մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի և հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների:
Եկեղեցու պատին դրվել են Ավետիսյանների երկու մանուկների լուսանկարները և խաղալիքներ:
Եկեղեցու սպասավոր Մանուկ քահանա Զեյնալյանը հոգեհանգստյան պաշտոնից հետո դիմել է արտասվող ժողովրդին և կոչ արել մխիթարվել Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակով ու վիշտը հաղթահարել աղոթքով:
Հայ համայնքի ներկայացուցիչները Ավետիսյան ընտանիքի բոլոր անդամների հիշատակին մեկական մոմ են վառել: Հավատացյալները աղոթք են բարձրացրել առ Աստված՝ նման ոճրագործություններից փրկելու և զոհվածների հոգու խաղաղության համար:
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից փոխանցում են նաև, որ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին հոգեհանգստյան պաշտոն և մոմավառություն է կատարվել Ջավախքի և Քվեմո Քարթլիի եկեղեցիներում, մոմեր են վառվել Բաթումիում Հայաստանի հյուպատոսարանի մոտ: