Կառավարությունն այսօր հավաստիացրեց, որ դրամի փոխարժեքն ու գներն այլևս կայունացել են, սակայն գործադիրն այսքանով չի բավարարվելու և պատրաստում է «ավելի երկարատև ժամկետին ուղղված միջոցառումներ»:
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն անցած օրերին ուսումնասիրել է իրավիճակը ֆինանսական շուկայում, և խոսքը փոխանցեց Գաբրիելյանին:
«Փոխարժեքը կայունացել է: Այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ, որը մեր փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է», - հայտարարեց փոխվարչապետը:
«94 խանութ ամսի 16,17-ին չէին գործում, որովհետև սպասումներ կային: Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են գործունեության», - շարունակեց նա: - «Անգամ բոլոր բաց խանութներում մի պահ կար, որ ապրանքները կային, բայց գինը հստակ նշված չէր: Դա ևս վերացել է: Բոլոր տեղերում այդ ապրանքները վաճառվում են հստակ գներով և տատանման ենթակա չեն»:
Կառավարությունում այսօր նաև հայտարարեցին, որ մտադիր չեն բավարարվել առկա իրավիճակով: Վաչե Գաբրիելյան․ - «Մասնավորապես, Կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգ արդեն փոխանակման կետերի կարգավորման վերաբերյալ, որպեսզի տատանումները հնարավորին դառնան փոքր: Ինչպես նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կներկայացնի հնարավոր անելիքները՝ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների պարագայում ինչպիսին է լինելու իրենց վերաբերմունքը: Եվ այս կանոնակարգումների միջոցով ավելի երկարաժամկետ հատվածով մենք արդեն կներկայացնենք վարչապետին և կառավարությանը առավելի երկարատև ժամկետին ուղղված միջոցառումներ»:
Կառավարության նիստից հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողներին ասաց, որ հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է մի քանի խոշոր ընկերությունների գործունեությունը, որոնք զբաղված են շաքարավազի, կարագի, ալյուրի, ձեթի, կաթնամթերքի, ձվի, բենզինի և մի շարք այլ ապրանքների վաճառքով:
«Այնուհանդերձ, նախնական ուսումնասիրության արդյունքներով, հետևյալը կարող եմ ներկայացնել․ դրամի կտրուկ արժեզրկումը շատ լուրջ ազդեցություն էր թողել գների մակարդակի վրա: Եվ փոխարժեքի կայունացումից հետո գները մեծ չափով իջել են», - նշեց նա:
Լրագրողներին հետարքրքեց, թե ինչու չեն իջնում բենզինի գները, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, չէ՞ որ նավթի միջազգային գինը անցած երեք ամիսներին միայն իջել է և իջել է գրեթե կիսով չափ:
Շաբոյանը նախ ասաց, որ դրամի արժեզրկումը իր ազդեցությունն է ունեցել, որ բենզինի գները չեն իջել և շարունակեց․ - «Նավթի արժեքը փոքր տեսակարար կշիռ է կազմում բենզինի գնի մեջ․ դրա տեսակարար կշիռը կազմում է մինչև տասը տոկոս: Եվ նավթի վերամշակման վրա բավականին մեծ ծախսեր են կազմում, որը մեծացնում է բենզինի արժեքը: Բացի այդ, մեր երկրում բենզինի գներում բավականին մեծ կշիռ են կազմում հարկերը»:
Շաբոյանը հավելեց, որ իրենք նաև պարզել են, որ հայաստանյան ընկերությունները բենզին ներմուծում են Ռուսաստանից, ունեն կնքված երկարատև պայմանագրեր, որտեղ գինը արդեն ֆիքսված է, և այդ հանգամանքը նույնպես թույլ չի տալիս իջեցնել գները:
Լրատվամիջոցները բազմիցս են գրել, որ Հայաստան բենզինի ներկրումը մոնոպոլիզացված է, և այլ ընկերությունները պարզապես չեն կարողանում մուտք գործել այդ ոլորտ:
Հավանաբար, լրագրողներից մեկը հենց սա ի նկատի ուներ, երբ Շաբոյանին հարցրեց՝ իսկ այլ ընկերությունները, որոնք կապված չեն երկարաժամկետ պայմանագրերով, ինչո՞ւ բենզին չեն ներկրում, չէ՞ որ այդ դեպքում բենզինի գինը կիջնի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը անպատասխան թողեց հարցը: