«Փոխարժեքը նույնպես կարծես թե կարգավորվել է, որովհետև երեկ 600 դրամի էր հասել, հիմա 460-480․․․ Գերարժեվորվել էր դոլարը երեկ, և արժեզրկվել էր մեր դրամը: Բայց այս երկու օրվա մեջ կկարգավորվի», - լրագրողների հետ զրույցում այսօր ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով կեսօրից հետո շրջայցով եղավ մայրաքաղաքի որոշ խանութներում:
Հարցին, թե երբ վերջնականապես կկայունանա արտարժույթի փոխարժեքը, վարչապետն արձագանքեց․ - «Դա շուկան է թելադրում: Ես համոզված եմ, որ առաջիկա շաբաթում ակնհայտ կլինի արդեն իրական կուրսը: Մենք որևէ միջամտություն չենք անում: Փորձում ենք բոլորին բերել օրենքի դաշտ: Անհիմն թանկացումներին․․․ պատկան մարմինների միջոցով նաև պատասխանատվության ենթարկել: Եվ դոլար - դրամ փոխարժեքով զբաղվող սպեկուլյանտներին նույնպես պատասխանատվության պետք է ենթարկենք: Երեկվա շոկը կարծես թե անհիմն էր, և շատ-շատ մարդիկ օգտվեցին»:
Եթե թանկացումներ լինի, պետք է լինի դոլար - դրամփոխարժեքի տատանման տոկոսադրույքին հավասար:
«Ազատության» հարցին, թե իր շրջայցից հետո ինչ կարծիք է կազմել թանկացումների չափերի մասին, Աբրահամյանը պատասխանեց․ - «Եթե թանկացումներ լինի, պետք է լինի դոլար - դրամփոխարժեքի տատանման տոկոսադրույքին հավասար: Բայց եթե դոլարը տատանվում է 10 տոկոս, 13 տոկոս, չի կարող ապրանքը 30 տոկոս թանկանալ: Հիմա նման դեպքեր մենք արձանագրեցինք, և մարդիկ նաև հասկացան, որ չի կարելի մեր ժողովրդի բախտի հետ խաղալ, այդ իրավիճակը ստեղծել, շոկի մեջ պահել: Մարդկանց մոտ տպավորություն կար, որ դոլարը դառնալու է 800-900 դրամ»:
«Ազատության» հաջորդ հարցին, թե պատժվելու են արդյոք այն գործարարները, ովքեր դիմել են անհիմն թանկացումների, վարչապետը արձագանքեց․ - «Հիմա մեր հանձնաժողովը, որ կա, անկախ հանձնաժողովը, պարոն Շաբոյանին առաջարկել ենք, հիմա իրենք նույնպես ուսումնասիրում են:Օրենքի շրջանակներում այդ բոլոր խախտողներին պետք է փորձենք պատժել․․․ Երեկ ես իմ ելույթի ժամանակ ասել եմ: Երեկ ես ընդհանուր բոլորին ասել եմ: Ասել եմ հեռուստացույցով, մամուլով, բաց: Այսօր առավոտյան Կառավարության նիստը սկսելու ժամանակ նույնպես ասել եմ: Գիտեք ինչ, մարդիկ գայթակղվում են: Պետք է չգայթակղվեն, և չի կարելի նման պահերը օգտագործել, մեր ժողովրդից ավել փողեր կորզել: Ի վերջո մեր ժողովուրդ է, մեր քաղաքացիներն են, և մենք էլ որպես իշխանություն, այո, պատասխանատվություն ենք կրում»:
Վարչապետը իրավիճակը կապեց տարածաշրջանային զարգացումների հետ․ - «Ներքին տնտեսական խնդիրներ մենք չունենք: Մեր բանկերը լիովին ունեն այդ ֆինանսական ռեսուրսները, և ես համոզված եմ, որ որևէ քաղաքացի որևէ հարցում չի վնասվելու»:
Իսկ հարցին, թե արդյո՞ք ամանորից հետո չեն շարունակվի փոխարժեքի կուրսի տատանումները, թանկացումները, Աբրահամյանը պատասխանեց․ - «Ես չեմ կարող կանխատեսել: Դրամավարկային քաղաքականությունը վարում է Կենտրոնական բանկը, մենք որպես Կառավարություն աջակցում ենք: Մենք վստահ ենք Կենտրոնական բանկի ռեսուրսների վրա և համոզված ենք, որ ապագայում նման որևէ ցնցում չի կարող լինել, ոնց որ եղավ երեկ»: