Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Խոսել Հայաստանի արժույթի երկարատև կայունացման մասին՝ դեռ վաղ է


Փորձագետ․ Խոսել Հայաստանի արժույթի երկարատև կայունացման մասին՝ դեռ վաղ է
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00

Լոնդոնում գործող ֆինանսական խորհրդատու, Keipr խորհրդատվական ընկերության հիմնադիր Արմեն Փափազյանի խոսքով, 2015թ․-ին Հայաստանի տնտեսությանը դժվար ժամանակներ են սպասում:

«Դա իրականությունն է և Ռուսաստանի տնտեսության հետ կապված տարբեր իրականությունները մեր վրա ուղղակիորեն ազդելու են անկասկած», - ասում է Փափազյանը ու հավելում․ - «Իշխանությունների հստակ կամքի կարիքը կա՝ տնտեսությունում առկա մոնոպոլիզացված վիճակը, ներդրումային պատկերը փոխելու համար»:

«Ազատության» հետ զրուցում Փափազյանը անցնող 2014թ․-ը բնորոշեց որպես բաց թողնված լուրջ հնարավորությունների տարի:

«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս կգնահատի իշխանությունների քայլերի արդյունավետությունը՝ Հայաստանում իրապես ազատ, մրցակցային, մոնոպոլիաներից զերծ տնտեսություն կառուցելու առումով, մեր զրուցակիցը արձագանքեց, որ պետք է տարբերել ազատ տնտեսության մասին հայտարարությունները և «իրականության մեջ աշխատող պետական հաստատությունների մտայնությունը և աշխատելաոճը»:

«Պետք է կամք ցուցաբերել, որ այդ մոնոպոլիզացված իրականությունը փոխվի: Սա հնարավոր կլինի անել միայն այն ժամանակ, երբ բոլորը օրենքի առջև հավասար լինեն»,- ասաց Արմեն Փափազյանը:

Նա անդրադարձավ նաև նախորդ մի քանի շաբաթներին տեղի ունեցած դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներին: Ըստ Փափազյանի, Հայաստանի Կենտրոնական բանկի քայլերը այդ օրերին, մասնավորապես՝ սակարկությունների ճանապարհով սահմանափակ քանակությամբ դոլար վաճառելը՝ «խուճապի տարածման մեջ բավականին լուրջ դեր խաղացին»:

«Կարելի էր անել շատ հստակ քայլեր, որ այդ խուճապը տեղի չունենա: Ես կարծում եմ, որ այդ շաբաթվա ընթացքում, եթե դոլարի, արտարժույթի խնդիր չունենք, պետք էր հստակ գնով շուկային մատակարարել այն դոլարը և այն քանակությամբ, որ պետք էր, որպեսզի բանկերը և ժողովուրդը այդ խուճապին չմատնվեր: Բայց սա ասելու ժամանակ պետք է նաև ավելացնեմ, որ Կենտրոնական բանկի համախառն պահուստները 2013-ի սեպտեմբերից մինչև 2014-ի սեպտեմբերը արդեն մոտ 30 տոկոսով պակասել են», - հավելեց նա:

Արմեն Փափազյանի կարծիքով, քանի դեռ վերացած չեն դրամի արժեզրկման հիմնարար պատճառները՝ քաղաքական լարվածությունը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, նավթի գների հետագա նվազման հեռանկարը, խոսել Հայաստանի արժույթի երկարատև կայունացման մասին՝ դեռ վաղ է:

XS
SM
MD
LG