Մատչելիության հղումներ

Դրամն արժեվորվել է


Ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի հարցով երեկ մինչև ուշ գիշեր ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստից հետո դրամը զգալիորեն արժեվորվել է։

Եթե երեկ դոլարը որոշ փոխանակման կետերում հասել էր 665 դրամի, ապա այսօր միջինացված գինը 495 դրամն է։

Ուշագրավ է, որ Կենտրոնական բանկը այսօր հերթական անգամ հերթական անգամ 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ է հայտարարել։ Մինչդեռ, առևտրային բանկերի կողմից դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել։

Խորհրդարանում արտահերթ նիստը, որն ընթանում էր փակ ընթացակարգով, ուղիղ 6 ժամ է տևել՝ առանց ընդմիջումների։ Միայն կենտրոնական բանկի նախագահին պատգամավորները մոտ 40 հարց են ցանկացել ուղղել։ Շուրջ 4 ժամ հարցերին պատասխանելուց հետո նրան փոխարինել է տեղակալը։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով նիստի նպատակը պատգամավորներին իրավիճակի մասին տեղեկատվություն տալն էր: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե մանրամասն քննարկել են ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը, նաև կարծիք հայտնեց, որ առաջիկայում դոլարի գինը կիջնի:

«Ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ բավականին լուրջ զսպվածություն կառաջանա այս ուղղությամբ», - ասաց ԱԺ նախագահը:

Նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը նիստի կեսից լքեց դահլիճը։ Ի տարբերություն ԱԺ նախագահի, Բագրատյանը լավատեսորեն չէր տրամադրված։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ մարդկանց կենսամակարդակը կտրուկ անկում է ապրել, Բագրատյանի հաշվարկներով, 2013-14 թվականների մակարդակին մենք կկարողանանք հասնել միայն 2017 թվականին։

«Ունենք Հայաստան, որը ապրում է մոտ մի 30 տոկոսով ավելի վատ քան ապրում էր երեկ, և արդեն 2015-ը էդ տեսակետից ծանր տարի է լինելու: Ինձ համար սա արդեն պարզ է և կարծում եմ, աստիճանաբար դա դառնում է դառը իրողություն: Բոլորին թվում է, որ դոլար-դրամ հարաբերակցությունը կդառնա 410 դրամ, չի դառնա: Գուցե դրամը մի փոքր արժեվորվի, բայց երկրի տնտեսությունը չի կարող բավարարել այդ պահանջները, և ուրեմն, պետք է վատ ապրենք», - նշեց պատգամավորը:

Հրանտ Բագրատյանի տպավորությամբ փակ նիստում Կենտրոնական բանկի ներկայացուցիչը խոսում է կոնկրետ բաների մասին, մինչդեռ՝ թե ինչու է շուկան հայտնվել ներկա վիճակում, պատասխաններից չի երևում։

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նիստից տպավորություն էր ստացել, որ Կենտրոնական բանկում ստեղծված իրավիճակի պատճառը չգիտեն, իսկ ֆինանսական շուկան կոլապսի մեջ է։

«Ամենակարևոր խնդիրը, որ այսօր բերել է հաշվեկշռի մեջ այս դիսբալանսին, դա կապված է նրա հետ, որ կապիտալը Հայաստանից փախնում է, ընդ որում երկար ժամանակ է փախնում: Հայաստանում չկան օտարերկրյա ներդրումներ: Ոչ միայն օտարերկրյա ներդրումներ չկան, այլ նաև հայ գործարարը ինքը ներդրումներ չի կատարում, այլ տեղափոխում է կապիտալը հարևան երկրներ կամ ավելի հեռու տեղեր», - ընդգծեց Լևոն Զուրաբյանը:

Փակ նիստի ընթացքում պատգամավորները պարբերաբար դուրս ու ներս էին անում։ Դահլիճից դուրս եկավ նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե դժվար է ասել ստեղծված իրավիճակը ինչքան կտևի, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է։

«Մենք կարող ենք գործողություններ անենք՝ կոնկրետ էս իրավիճակը կարգավորելու, բայց մենք հակված ենք երկարատև հատվածի համար կայունացնելու վիճակը, որ տնտեսվարողները այդ դոլար-դրամ-եվրո հարաբերությունները հստակ տիրապետեն, թե ինչ է կատարվում», - նշեց ֆինանսների նախարարը:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համար «ամեն ինչ վերահսկողության տակ է» արտահայտությունը տարօրինակ է: Ըստ նրա վիճակը արդեն վատ է, հիմա պետք է ամեն ինչ անել, որ ավելի չվատանա։

Երեկվա փակ նիստում պատգամավորների հարցերին պատասխանել է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո խորհրդարանի շենքից արագորեն հեռացող Շաբոյանին հաջողվեց մի քանի հարց ուղղել։ Ի պատասխան նա ասաց, որ ստեղծված իրավիճակի արդյունքում խանութներ չեն փակվել, իսկ գնաճի հիմնավորված լինելու մասին հարցին խուսափողական պատասխան տվեց։

«Փոխարժեքը իր ուղղակի և անմիջական ազդեցությունն է թողել շատ ապրանքատեսակների վրա: Ուսումնասիրությունները ընթացքի մեջ են: Ցտեսություն ձեզ», - ասաց Շաբոյանը:

Ի դեպ, երեկ ֆինանսների նախարարը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում տնտեսական աճի հետ կապված ռիսկեր կան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG