Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ գնաճը զսպելու նախազգուշացումներն ու հորդորները դեռ Սյունիք չեն հասել: Շաբաթներ առաջ սկսված թանկացումների ալիքը դեռ շարունակվում է՝ օր-օրի ավելի դժվարին դրության մեջ դնելով կապանցիներին:
Գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում տոնական տրամադրությունը գրեթե չի զգացվում: «Ազատության» հետ զրույցներում կապանցիներն անկեղծանում են՝ թանկացումների հետևից չեն հասցնում, Նոր տարին նշելու մասին նույնիսկ չեն մտածում:
Երևանից 320 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կապանում գները միշտ ավելի բարձր են եղել, քան մայրաքաղաքում՝ պայմանավորված տրանսպորտային ծախսերով: Այսօր, սակայն, դրանք գերազանցել են բոլոր ցուցանիշները:
Կապանցիները պնդում են, թե նախկինում նման թանկացումներ չեն եղել: Նրանք չեն հավատում, թե թանկացած ապրանքների գները ապագայում կարող են նվազել:
«Չեմ պատկերացնում, որ բրինձը դառնա 800 դրամ: Ամենավատը 400 դրամ էր, հիմա 600 է», - ասաց միջին տարիքի մի կին՝ թվարկելով․ - «Բրինձը, պեսոկը, ձավարեղենը․․․ ամեն ինչը»:
Կապանցիները բողոքում են, որ, անկախ դոլարի փոխարժեքի նվազումից, խանութներում շարունակում են առաջին անհրաժեշտության ապրանքները վաճառել նախկինից բարձր գներով:
Իսկ առևտրի կետերի տերերը չեն շտապում փոխել գնապիտակները, քանի որ վստահ չեն, որ փոխարժեքը կրկին չի բարձրանա:
Մերի Սողոմոնյան, Կապան