«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հետկեսօրից բողոքի ցույց են անցկացնում Կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ցույցն անցկացրին նախ իրենց գործարանի մոտ, ապա Կառավարության շենքի մոտ:
«Ամեն օր պիտի գանք, դիվադադար անենք», - խոստացավ ցույցի մասնակիցներից մեկը:
«Նաիրիտ» գործարանի մոտից սկսված երթը՝ «Տվեք մեր աշխատավարձերը» պաստառներով, հասավ Հանրապետության հրապարակ: Ցուցարարները հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դումանյանը նրանց փոխանցեց, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է ընդունել ցուցարարների 5 հոգանոց պատվիրակությանը, սակայն նաիրիտցիները հրաժարվեցին՝ պահանջելով, որ վարչապետն անձամբ իջնի ցուցարարների մոտ:
Նրանք ասացին, թե նման հանդիպումներն ավարտվում են պաշտոնյաների խոստումներով, և իրենք մնում են խաբված ու դատարկ գրպանով: Հիշեցրին վերջին հանդիպումը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի հետ․ անցել է չորս օր, սակայն աշխատավարձերը դեռ չկան ու չկան:
«Աշխատակազմի ղեկավարը եկավ խաբեց ու գնաց: Ես այսօր ոչ մի բան չունեմ», - ասաց ցուցարարներից մեկը:
Շարունակաբար բողոքող նաիրիտցիները պահանջում են մարել աշխատավարձի պարտքերը և դադարեցնել կրճատումները: Այսօր նրանց ասում էին, որ այլևս իրենք չեն ուզում աշխատել ստեղծված պայմաններում, և հիմնական պահանջը աշխատավարձերի գծով պարտքի ամբողջական մարումն է:
«Մենակ իմ աշխատավարձը: Ուրիշ ոչ մի բան: Թող աշխատավարձս տա՝ թող ազատի», - «Ազատությանն» ասաց ցուցարարներից մեկը:
Այսօր առավոտյան Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի հսկայի մոտ 1500 աշխատակիցներ պաշտոնական ծանուցումներ են ստացել 2015 թվականի փետրվարի 6-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ:
Գործարանի աշխատակիցներն արդեն 18 ամիս (ոմանք 2 տարի) աշխատավարձ չեն ստացել: Կառավարության շենքի առջև բողոքող նաիրիտցիները հայտարարում են, եթե վարչապետը չիջնի իրենց մոտ, պատրաստ են նստացույց սկսել: