Մեկուկես տարվա աշխատավարձը ստանալու ու իրենց աշխատանքից ազատող պաշտոնյաներին տեսնելու ակընկալիքով այսօր «Նաիրիտ»-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ առավոտյան փորձում էին փակել գործարանին հարակից Բագրատունյաց փողոցը։
«47 տարի ես աչքի թարթիչով ցեխ պահեմ, այսօրվա դրությամբ թևիցս բռնեն դուրս շպրտեն, ի՞նչի համար։ 18 տարեկանում ավարտել եմ տեխնիկումն ու եկել եմ գործարան աշախատանքի, ինչո՞ւ ես այսօր պետք է սոված-ծարավ ման գամ, Քանաքեռից օրը 400 դրամ տալիս եմ, հասնում եմ այստեղ, պարտք անելով՝ անօգուտ, մինչև ե՞րբ պետք է պարտք անեմ», - «Ազատության» հետ զրույցում բողոքեց ցուցարարներից մեկը։
Նաիրիտցիների ցույցը հսկելու էին եկել մեծ թվով ոստիկաններ, ովքեր ճանապարհի երկայնքով շղթա էին կազմել, նաև մեքենաներով էին սահմանափակում մարդկանց հոսքը դեպի փողոց։ Տեղում հսկողություն իրականացնող մոտ 20-ից ավելի ոստիկակական մեքենաներին ավելի ուշ օգնության եկան նաև կարմիր բերետավոր հատուկջոկատայինները։
Ճանապարհը փակելու մտադրությունից հետ պահելու փորձ արեց գործարանի արհմիության ղեկավարը։ Երթևեկությունը վերականգնվեց, սակայն պահանջների ու գործողությունների տարաձայնությունները վիճաբանության սկիզբ դարձան։
Փոխադարձ վիրավորանքներից հետո քննադատության հիմնական թիրախը կրկին դարձավ իշխանությունը։ Նաիրիտցիները հիշեցին իրականություն չդարձած խոստումներն ու ավելացող պարտքերը։
«Մարդիկ սոված են, տրանսպորտի փող չունեն, պերերիվի փող չունեն խեղճ մարդիկ, որ գործի գան», - ասաց նաիրիտցիներից մեկը։
«Ինձ թվում է, որ վարչապետն ու ղեկավարությունը չգիտի, որ «Նաիրիտ» գործարանի բանվորը 50-60 հազար փող է ստանում։ Ի՞նչ կլինի, որ իմանային, իրոք քիչ ա», - ասաց մեկ այլ ցուցարար։
Ամիսներ առաջ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի լավատեսական խոսքերը, թե կփորձեն մարել աշխատավարձերի պարտքն ամբողջությամբ, նաիրիտցիներից շատերին հույս էր տվել՝ վարկեր էին վերցրել, տուն վերանորոգել, երեխաների ուսման վարձերը վճարել։ Հիմա պետք է վարկերը փակեն, իսկ խոստացված գումարը չկա։
«Հենց հիմա ներկա պահին իմ տունը գրավի՝ տոկոսի տակ ա դրված։ Ահավոր վիճակ ա. ամուսինս ուռուցքով հիվանդ տանը պառկած է, իսկ ես հիմա ոչ մի գումար չունեմ, ի՞նչ է մտածում այս Կառավարությունը՝ չգիտեմ», - ասաց ցուցարարներից մեկը։
«Իրանք ուզում են ապրել, մենք չե՞նք ուզում։ 50 հազարն ի՞նչ փող ա, որ չեն կարողանում տալ», - ասաց մեկ այլ աշխատող։
40 տարի անընդմեջ քիմիական գործարանում աշխատող տղամարդիկ խոստովանում էին, ամոթով են տուն մտնում, դատարկ գրպանն էլ հուշում է՝ Նոր տարվա ուրախությունը այս անգամ էլ կշրջանցի իրենց բնակարանները։
Նաիրիտցիներն ասացին, որ շխատանքից ազատվելու ծանուցագրերի տակ չեն ստորագրի, կփորձեն ամենօրյա նստացույցերի ու բողոքի ակցիաների միջոցով ստանալ ամբողջ աշխատավարձն։ Եթե չստացվի՝ ոտնահարված իրավուքների ու աշխատավարձերի հարցը կհասցնեն մինչև Եվրադատարան։