Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի աշխատակիցները կրճատման մասին ծանուցագրեր են ստանում


Իրենց հասանելիք աշխատավարձը պահանջող Նաիրիտցիները կազատվեն աշխատանքից
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Իրենց աշխատավարձը պահանջող նաիրիտցիները կազատվեն աշխատանքից։ Արդեն 6 տարի հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին ուղարկվում են ծանուցագրեր՝ փետրվարի 6-ից կրճատվելու վերաբերյալ։

Գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում հաստատելով այս տեղեկությունը՝ հավելեց, որ աշխատատեղերի կրճատումից բացի, մի քանի անգամ կկրճատվեն նաև աշխատավարձերը․ - «Գործարանի աշխատակիցներին ամբողջությամբ կրճատման ծանուցագրեր են ուղարկվում, բայց նրանցից 400-500-ն մնալու են աշխատելու։ Կրճատվել է 178 մարդու աշխատավարձ, որոնք ստանում էին 400 հազարից մինչև 2 միլիոն 600 հազար աշխատավարձ»։

Աշտատատեղերի և աշխատավարձերի կրճատումը, ըստ տնտեսագետ Վահագն Խարատրյանի, ի չիք դարձնում մինչև հիմա իշխանական ամենատարբեր օղակների կողմից տրված խոստումները, թե իրենց հաջողվելու է վերագործարկել «Նաիրիտ»-ը, փակել պարտքերն ու հետ կանչել աշխատակիցներին:

«Նաիրիտ»-ը այս տեխնոլոգիայով չի կարող աշխատել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը: - «Միջազգային շուկայում նա անելիք չունի, թեկուզ մասնագետներ կան, որ անելիք ունեն, բայց վերջին 7 տարին ցույց տվեց, որ դա այդպես է»:

Քիմիական արդյունաբերության երբեմնի հսկայի վերակենդանացման վերջին հեռանկարը կապվում էր ռուսաստանյան «Ռոսնեվտ» ընկերությանն հետ։ Կուլիսային բանակցություններից ու աուդիտորական հաշվարկներից հետո՝ այս տարվա սեպտեմբերին, Կառավարության շենքի դիմաց բողոքող նաիրիտցիներին Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, թե գործարանի ճակատագիրը դեռ մշուշոտ է․ - «Ես ափսոսում եմ, որ «Ռոսնեվտ»-ի կողմից այսօրվա դրությամբ նման առաջարկություններ չկան, և ինձ թվում է, որ «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագիրը մենք չպիտի կապենք միայն «Ռոսնեվտ»-ի հետ»:

Վերագործարկել գործարանը չհաջողվեց: Ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը վճարվեց՝ նաիրիտցիների բողոքը մեղմելու համար։

18 ամսվա աշխատավարձի սպասող Սմբատ Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե «կարճ տևած ուրախությանն անմիջապես հաջորդեց խորը հիասթափությունը»․ - «Սաղ զանգում ասում էին՝ աչքներդ լույս, տելեվիզրով լսել ենք, հեսա սաղ փողը ստանալու եք: Վերջում էլ ասին՝ չենք տալու, էտքան բան ու վերջ»։

Աշխատավարձերն ամբողջությամբ չվճարելու մասին լուրը մոտ մեկ շաբաթ առաջ նաիրիտցիներին Երվանդ Զախարյանն անձամբ է փոխանցեց՝ պատճառաբանելով, որ դրա համար իրավական հիմքեր չկան։

Իշխանության լավ խոստումների դառը փորձ ունեցող գործարանի 40 տարվա աշխատող Շահեն Պետրոսյանը իրավական հիմքերում խտրական վերաբերմունք է տեսնում և հիշեցնում տարեսկզբին մամուլում տեղ գտած հայտարարությունը, որի համաձայն գործարանի փոխտնօրենի պաշտոնից հրաժարական տված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը որպես վերջնահաշվարկ գործարանից հսկայական գումար է ստացել․ - «Վարչապետի ախպորը ո՞նց տվին 44 միլիոն»:

Վահագն Խաչատրյանը հիշեցնում է՝ որևէ արտադրանք չտվող գործարանի ղեկավար կազմը տարիներ շարունակ պետական բյուջեի հաշվին ամսեկան մինչև 3 մլն աշխատավարձ է ստացել ու կուտակել հսկայական պարտքեր․ - «Այդ աշխատավարձերը վճարվել են ի հաշիվ ատոմակայանի եկամուտների, ի հաշիվ «Որոտան» ՀԷԿ-ի եկամուտների․․․ Ի վերջո դրանք պետական պարտք են»:

2008 թվականից չաշխատող «Նաիրիտ»-ում այսօր գրանցված է մոտ 2300 աշխատող, որոնցից 1365-ը գտնվում են հարկադիր պարապուրդում։

Գործարանի ընդհանուր պարտքը կազմում է 102 մլրդ դրամ։ Վաղը «Նաիրիտ»-ի աշխատակիցներն իրենց հասանելիք գումարի պահանջով կհավաքվեն նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց։

XS
SM
MD
LG