Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցության պայմանագիրը Հայաստանի խորհրդարանը կքննարկի արտահերթ նիստում, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 17-18-ին:
Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ եթե մինչև այդ Սահմանադրական դատարանը ներկայացնի պայմանագրի վերաբերյալ իր եզրակացությունը, ապա պայմանագիրը քննարկվի արտահերթ նիստում:
Խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը, ընդհանուր առմամբ, կողմ են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը` բացառությամբ «Ժառանգության»: Ընդդիմադիր կուսակցությանը մտահոգում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետի տեղակայման հնարավորությունը: «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով` պայմանագրում չկա որևէ ձևակերպում, որը թույլ կտա բացառել դա, իսկ մեր իշխանությունների հավաստիացումները, թե ռուս պաշտոնյաները ներքին զրույցներում խոստացել են, թե մաքսակետ չի լինելու, պարզապես լուրջ չեն:
«Արցախը այսօր դե յուրե Ադրբեջանի տարածքում է, դե ֆակտո` մեզ մոտ է: Այս փաստաթղթի հիմքում դե յուրե սահմաններն են և պայմանագրերը: Եթե վաղը կողմերից մեկը ցանկանա մաքսային կետ ունենալ Հայաստան - Արցախ սահմանագծում, դու չես կարող մերժել», «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ սկզբունքորեն դեմ լինելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը` «Ժառանգություն»-ը, այնուամենայնիվ, հնարավոր է համարում այդ հարցի քննարկումը` եթե վերանա Լեռնային Ղարաբաղի հետ կապված մտահոգությունը:
Հարցին, թե արդյոք իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու պայմանագրի վավերացմանը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. - «Սկզբունքորեն կարող եմ ասել, որ մենք կողմ չենք այս պայմանագրին, բայց պայմանագիրը վերջնական տեսքի որ գա, մինչև հիմա էլ աշխատում են այդ պայմանագրի վրա… Վերջնական տեսքի որ գա, բոլոր դեպքերում մենք ունենք նախագիծ, այդ նախագծում կա, որպեսզի հատուկ որոշում ընդունվի, որպեսզի մաքսակետ չդրվի: Եթե Արցախի տնտեսական անվտանգության հարցը ապահովվի, կարելի է քննարկել»:
ՀՅԴ-ի համոզմամբ` անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է Հայաստանի կենսական շահերից: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործընթացը պաշտպանել են` հաշվի առնելով անվտանգությանն առնչվող հարցերը: Դաշնակցությունը, սակայն, կարևոր է համարում, որ Հայաստանը այդ միությունում ունենա հավասար իրավունքներ: Մինչդեռ, ԵՏՄ հանձնաժողովում որոշումներ կայացնելիս անդամակցության առաջին տարում Հայաստանը ունենալու մեկ ձայն, իսկ մյուս անդամ երկրները` երեքական:
«Սա կլինի այն հարցերից մեկը, որը մեզ համար կլինի լուրջ խնդիր. մենք ինչո՞ւ պիտի հավասար պայմաններում պարտնյորական նույն դիրքերում չլինենք: Եթե այդպիսի բան արձանագրվի, մենք դրա հետ կապված մեր տեսակետները կներկայացնենք», - ասաց Ռուստամյանը` հավելելով, թե քննարկումների ընթացքում պետք է աշխատեն փոխել որևէ դրույթ, որը իրենց համար անընդունելի է. - «Եվ դա հնարավոր է կատարել: Ազգային ժողովը ունի այդ իրավունքը»:
Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի հարցում Դաշնակցության մտահոգությունները փարատված չեն. - «Մնում են: Բայց ես չեմ կարծում, որ այս գործընթացը կբերի նրան, որ Ղարաբաղը դուրս կմղվի ամբողջությամբ կամ կդիտվի այնպես, ինչպես դա փորձում է անել Ղազախստանը` Ադրբեջանի թելադրանքով»:
ԵՏՄ-ին երկրի անդամակցությանը դեմ չէ նաև Հայ ազգային կոնգրեսը: Վերջին հանրահավաքում, հիշեցնենք, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, թե ճշմարտությանը բացարձակապես չեն համապատասխանում այն պնդումները, թե ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը. - «Եվրասիական միությունում Հայսատանը այնքան ինքնիշխան է լինելու, որքան Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղըզստանը»:
Պայմանագրի վավերացմանը կողմ կքվեարկի նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը: Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես երբևէ դեմ չի արտահայտվել դրան:
Ուստի, կարելի է ասել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը առանց լուրջ խոչընդոտների կվավերացվի Ազգային ժողովի կողմից:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով` քաղաքական որոշումն արդեն կայացված է, և խորհրդարանում պայմանագիրը կարող է ենթարկվել սոսկ կոսմետիկ փոփոխությունների:
«Ղարաբաղի հետ կապված եթե որևէ խնդիր կլինի, որը նույնիսկ մտահոգիչ կլինի ապագայի հետ կապված, համոզված եղեք, որ այդպիսի դեպքում մենք որևէ քվեարկություն չենք կարող կազմակերպել», - եզրափակեց նա: