Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցությամբ, ինչի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվեց հոկտեմբերի 10-ին Մինսկում, Հայաստանի համար բացվում են նոր հեռանկարներ, այսօր հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Մեր առաջիկա խնդիրն է ոչ միայն ավելացնել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան, այլ նաև ամրապնդել գյուղատնտեսության ոլորտում առկա կապերը ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ», - ասել է Կարապետյանը իր ղեկավարած գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ:
Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարարը հանձնարարականներ է տվել այսօրվանից բացատրական և խորհրդատվական աշխատանքներ կատարել երկրի գյուղացիական տնտեսությունների հետ, որպեսզի 2015 թվականին ավելանան բանջարեղենային և բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, ինչպես նաև խաղողի սեղանի սորտի և պտղատու այգիների հիմնման ուղղությամբ: