Մատչելիության հղումներ

ԱՄՀ. Հայաստանի տնտեսությունը ավելի զգայուն է դառնալու Ռուսաստանի տնտեսության նկատմամբ


ԱՄՀ. Հայաստանի տնտեսությունը ավելի զգայուն է դառնալու Ռուսաստանի տնտեսության նկատմամբ
please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00

ԱՄՀ պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանը հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ հիմնական առևտրային գործընկերներն արագ աճ չեն ապահովում։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը չցանկացավ դրական կամ բացասական գնահատել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Մինչդեռ տարբեր փորձագետների գնահատականներով, ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում բարձր մաքսատուրքերի պատճառով Հայաստանյան տնտեսությունը վնասներ կկրի։

ԱՄՀ-ի պաշտոնյան ներկայացրեց ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում, իր գնահատմամբ, դրական ու նպաստավոր գործոնները։

«Ընդհանուր մաքսատուրքի հետ կապված, իմ կարծիքով, կարևոր բացառություն է նախատեսված Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանում մաքսատուրքերը շատ բարձր են, իսկ Հայաստանը հնարավորություն կունենա ներկրել որոշ ապրանքներ ավելի ցածր մաքսատուրքով: Խոսքը շուրջ 750 ապրանքատեսակների համար սահմանված մաքսատուրքերի մասին է», - հայտարարեց Թերեզա Սանչեսը։

Մյուս կարևոր գործոնը, ըստ պաշտոնյայի, այն է, որ կվերանան մաքսակետերը միության անդամ երկրների միջև։

«Դա շատ ավելի կդյուրացնի ու կարագացնի Ռուսաստանի հետ առևտուրը, ինչպես նաև, ավելի մեծ հնարավորություններ կընձեռվի Հայաստանին ներթափանցել ռուսական շուկա։ Մյուս հանգամանքն էլ այն է, որ Հայաստանը միության համար ապահովվող մաքսային մուտքերից որոշակի եկամուտներ է ստանալու։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, 25 միլիարդ դոլարի 1.13 տոկոսը, կամ տարեկան շուրջ 200 միլիոն դոլար», - ասաց ԱՄՀ պաշտոնյան։

Ըստ Թերեզա Սանչեսի, կան նաև այլ կարևոր կետեր, որոնք միգուցե տեղ չեն գտել փաստաթղթում, սակայն բանակցությունների մաս են կազմել։

«Օրինակ՝ գազի սակագնի վերաբերյալ հինգ տարվա կտրվածքով ձեռք բերված համաձայնությունը, որը ապագայի համար որոշակի կայունություն է ապահովում էներգակիրների գների մասով և հնարավորություն տալիս մտածել հետագա ռազմավարության մասին», - ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը։

«Ազատության» հարցին, թե որն է ԵՏՄ-ին անդամակցելու բացասական կողմը, Թերեզա Սանչեսը պատասխանեց, որ ամեն ինչ հարաբերական է։

«Ռիսկային է այն, որ Հայաստանի տնտեսությունը կարծես ավելի զգայուն է դառնալու Ռուսաստանի տնտեսության նկատմամբ։ Մի կողմից մենք կտեսնենք դրական ազդեցությունը, մյուս կողմից էլ կմեծանա կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից։ Եվ հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարվածությունը, դրան գումարած ռուսաստանյան տնտեսության կառուցվածքային խնդիրները, մեր կանխատեսումների համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը կարձանագրի զրոյական աճ։ Ուստի, Հայաստանը հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ հիմնական առևտրային գործընկերներն արագ աճ չեն ապահովում», - ընդգծեց Թերեզա Սանչեսը՝ հավելելով, որ սա այն մարտահրավերն է, որին պետք է քաջատեղյակ լինել։

ԱՄՀ-ի պաշտոնյան թվարկեց այն գործիքները, որոնցով Հայաստանի կառավարությունը կարող է զերծ պահել տնտեսությունը ցնցումներից. - «Դրանք են հարկաբյուջետային հնարավորությունները, ծախսերի ավելացման միջոցով տնտեսության խթանումը։ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները բավականին լավ մակարդակի վրա են։ Դա նշանակում է, որ Կենտրոնական բանկը կկարողանա դոլար ապահովել տնտեսության համար՝ հնարավոր ցնցումների դեպքում։

Պատասխանելով ստվերի դեմ Կառավարության պայքարի վերաբերյալ «Ազատության» հարցին, Թերեզա Սանչեսն ասաց, որ ողջունում են Կառավարության և մասնավորապես վարչապետի վճռականությունն ու հաստատակամությունը խաղի հավասար պայմաններ ստեղծելու համար։

«Այդ վճռականությունը մենք նկատեցինք այն ժամանակ, երբ նոր Կառավարությունը մայիսին սկսեց իր պաշտոնավարումը, և, դա, իհարկե, պայմանավորված չէր միայն նրանց հրապարակային հայտարարություններով, մենք նաև ուղղակի երկխոսության մեջ ենք նրանց հետ», - ասաց ԱՄՀ-ի պաշտոնյան։

Սանչեսի խոսքով, խոշոր հարկատուների կողմից հարկերը տարբեր ճանապարհներով թաքցնելն աշխարհում համատարած է։

«Հայաստանի կառավարությանը խրախուսում ենք տարբեր գործիքներով հարկել խոշորներին»,- նշեց Սանչեսը։

Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներում սեպտեմբերից մինչև օրս ոչինչ չի փոխվել։ Դեռ մեկ ամիս առաջ հիմնադրամը կանխատեսել էր 2.6 տոկոս տնտեսական աճ։ Մինչդեռ Հայաստանի Կառավարությունն այս տարվա համար ակնկալում է 4 տոկոս տնտեսական աճ։

Հարցին, թե ո՞ւմ կանխատեսումն է ավելի ճիշտ, պաշտոնյան կես լուրջ, կես կատակ, պատասխանեց.- «Մենք մերն ենք պնդելու, Կառավարությունն՝ իրենը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG