Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտել է ԵՏՄ-ի պայմանագրի ստորագրումը


Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտել է ԵՏՄ-ի պայմանագրի ստորագրումը
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որտեղ դատապարտում է Սերժ Սարգսյանի կողմից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը։

Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի այդ որոշումը որակում է ապօրինի, միանձնյա և հապճեպ՝ այն ճանաչելով հակասահմանադրական քայլ ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության:

«Ակներև է, որ ԵՏՄ-ում Հայաստանն իրականում հանդիսանում է ոչ այնքան որպես իրավահավասար գործընկեր, որքան ընդամենը «աղքատ ազգական» կամ գործիք՝ ուրիշների վրա ներգործելու համար։ Իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող նվազագույն գինը Արցախն է՝ Աստանայում հնչած երկակի ձևակերպումները վկա»,- ընդգծում է «Ժառանգության» ղեկավարը՝ հորդորելով խորհրդարանում չվավերացնել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը կամ դա անել մի նախապայմանով։

«Հակապետական սույն պայմանագիրը՝ իր առոչինչ ստորագրությամբ հանդերձ, չպետք է վավերացվի Ազգային ժողովում, իսկ վավերացման դեպքում՝ միմիայն Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման պարտադիր նախապայմանով»,- իր հայտարարության մեջ նշում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին և ներքին քաղաքականությունները միտված են սոսկ ընտրությունների կեղծման արդյունքում ձեռք բերած անձնական իշխանություն երկարաձգելուն:

«Ակնհայտ է, որ այս և ածանցյալ բոլոր խնդիրների լուծման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհն այսօրվա իշխանությունների շուտափույթ ու ամբողջական հեռացումն է, ինչը թե՛ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության և թե՛ Սահմանադրության հրամայական պահանջն է»,- եզրափակում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում եռյակի ուժերը միմյանց հակասող դիրքորոշումներ ունեն: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրը համարում է հակասահմանադրական քայլ ընդդեմ Հայաստանի և Ղարաբաղի ինքնիշխանության, ապա Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը դա համարում է անշրջելի իրողություն։ Ավելին, ինչպես նա էր ձևակերպել հանրահավաքում, Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր գոյություն էլ չունի, իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն էլ զավեշտալի են:

Հաշվի առնելով ԵՏՄ-ի անդամակցության հարցում եռյակում գոյություն ունեցող տարաձայնությունները և Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա սուր հայտարարությունը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հարցրեցինք, թե հնարավոր որ «Ժառանգությունը» այս խնդրի պատճառով դուրս գա եռյակից:

«Ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, ովքեր իրենց լուրջ են ընդունում, պարտադիր պետք է անդրադարձ կատարել ԵՏՄ-ի այս ապօրինի ստորագրությանը վերջ դնելուն։ Եթե մենք այս ամենին վերջ չենք դնում, կորցնում ենք մեր երկու հայկական պետությունները, այստեղ միանշանակ գաղութացում է տեղի ունենալու՝ կրկին Ռուսաստանի կողմից, և դեռ չեմ ասում, որ այդ միության մեկ այլ պետություն թուրքական ալյանսի մաս է կազմում»,- ասաց Փոստանջյանը։

«Հետևաբար այստեղ արդեն խնդիրը իրոք ներքաղաքական է, իրոք ազգային է, և այս ազգային շահը պետք է սպասարկեն բոլոր լուրջ քաղաքական ուժերը»,- հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչը։

«Ազատության» հարցին՝ եթե այս հարցում միասնական դիրքորոշում չլինի, «Ժառանգությունը» դուրս կգա՞ եռյակից, Փոստանջյանը արձագանքեց.- ««Ժառանգությունը» ոչ մի տեղից չպետք է դուրս գա, «Ժառանգությունը» ինքն է այդ դրոշակակիրը թե համակարգային փոփոխության, թե մեր երկու պետությունների ինքնիշխանությունը պահելու, պաշտպանելու համատեքստում։ Հետևաբար իրենք պետք է լքեն հարթակը։ Ես համամիտ չեմ պարոն Տեր-Պետրոսյանի հետ, որովհետև եթե դա համաժողովրդական շարժում է, ապա չի կարող այդ շարժումը համաձայնել, որ Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային անցակետ լինի։ Հետևաբար սա ժողովրդական շարժում չէ, սա ուղղակի մի խմբակի շարժում է»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Ժառանգությունը» պատրա՞ստ է միայնակ պայքար սկսելու, Փոստանջյանը ասաց.- «Եթե եռյակը չի սպասարկելու ազգային շահը, իհարկե, իրենք արդեն ինքնըստինքյան դուրս կմնան այս պայքարից, և «Ժառանգությունը» իր ճանապարհը նորից հարթելու է»։

XS
SM
MD
LG