Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վստահ է, որ
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցած Հայաստանի անկախությունը չի սասանվի, երկրի անվտանգության հարցը կլուծվի և լուրջ տնտեսական առաջընթաց կլինի ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:
Աբրահամյանը չի ընդունում ընդդիմախոսների փաստարկները, թե Կրեմլի նախաձեռնած միությանը միանալով՝ Հայաստանը, ի վերջո, կորցնելու է ինքնիշխանությունը։
«Մեր անկախությունը ոնց որ կա, այդպես մնում է, ոչ մի վտանգ չի սպառնում։ Մենք ուղղակի մի քանի հարցերով սահմանափակվում ենք՝ միայն տնտեսական։ Ղարաբաղյան հարցով. եթե մենք ասում ենք, որ Ղարաբաղը չընդունված պետություն է, էդ ժամանակ ի՞նչ մաքսատուն, ինչի՞ մասին է խոսքը, փոփոխություն չի լինի, հակառակը՝ տնտեսական աճ կտա նույն Ղարաբաղին, որովհետև Ղարաբաղի բոլոր ապրանքները Հայաստանի միջոցով կարտահանվեն Եվրասիական միություն», - ասաց Աբրահամյանը։
Սահմանադրորեն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն համարվող Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով պարտադրվում է ենթարկվել այն որոշումներին, որոնք կայացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ Այս և մի շարք այլ հարցերում իրավապաշտպանները Սահմանադրությանը հակասող տարրեր են տեսնում:
Արա Աբրահամյանի կարծիքով, սակայն, Հայաստանը ցանկացած պահի կարող է դուրս գալ ԵՏՄ-ի կազմից` եթե համարի, որ իր երկրի շահերը ոտնահարվում են:
Նա հետևյալ ուշագրավ համեմատությունն է անում. - «Եթե վաղը մենք տեսնենք, որ Եվրամիությունը մեզ առաջարկում է է'լ ավելի լավ պայմաններ և ասում է՝ էլ Հայաստանում ոչ մեկը չպետք է աշխատի. մենք փողը կուղարկենք՝ երջանիկ կապրեք, ինչո՞ւ չէ, միանգամից հրաժարվենք [Եվրասիական տնտեսական միությունից] և գնանք Եվրամիություն»։
Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցները հիմնականում ազդում են նաև ԱՊՀ երկրների շուկաներում ներկայացված ռուսական մի շարք ֆինանսական, ռազմաարդյունաբերական և էներգետիկ ընկերությունների վրա: Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահը չի հերքում, որ դա նաև կհարվածի Հայաստանի տնտեսությանը: Բայց շտապեց ընգծել, որ ԵՏՄ-ին անդամակցելով օգուտներն ավելի մեծ կլինեն:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, Աբրահամյանը մասնավորապես ընդգծեց, թե իշխանափոխություն պահանջողները հստակ ծրագրեր ու առաջարկներ չեն ներկայացնում:
«Ազատության» դիտարկմանը, թե ոչ իշխանական քառյակը դեռևս հունիսին իշխանություններին 12 կետանոց պահանջագիր էր ներկայացրել, Աբրահամյանը հակադարձեց՝ 12-ը քիչ է, խնդիրներն ավելի շատ են: Նա ընդդիմությանը խորհուրդ տվեց պահանջներ կամ խնդիրներ ներկայացնելիս հստակ նշել նաև դրանց լուծման ուղիներն ու ժամկետները։ Օրինակ, ինքն այդպես է վարվել իր ներդրումներով եկեղեցի կառուցելու ժամանակ:
«Երևի իրենք քիչ են ասել՝ 25 հարց կա չլուծված, բայց, էլի եմ ասում, մենք բոլորս պետք է ասենք, ովքե՞ր, ի՞նչ ծրագրերով, ո՞ւմ հետ միասին, մեխանիզմը՝ ե՞րբ է սկիզբը, ե՞րբ է վերջը։ Ես ասում եմ՝ պետք է եկեղեցի կառուցենք, մենք կառուցում ենք։ Ես ներդրումներ եմ անում, եկեղեցի եմ կառուցում, դպրոցներ ենք կառուցում և այլն. ասում ենք՝ երբ ենք սկսել, երբ ենք վերջացնելու. դա օրինակ է», - ասաց Աբրահամյանը։
Ռուսաստանաբնակ հայ գործարար, ներկայումս տնային կալանքի տակ գտնվող Լևոն Հայրապետյանի մասին Ռուսաստանի հայերի միության նախագահն ասաց՝ իրենք Հայրապետյանի անմեղության հարցում երբեք կասկած չեն էլ ունեցել, բայց և հակված չեն այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնել․ - «Ես ավելի շատ կասեի տնտեսական խնդիրներ կային երկու այլ մեծ խոշոր բիզնեսմենների միջև, բայց դե էդ խնդիրը լրիվ առանձին խնդիր է»։
Իսկ «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու մտադրությանը, Աբրահամյանն արձագանքեց. - «Ծառուկյանը լավ տղա է, իմ ընկերն է, բայց այսօր մենք նախագահ ունենք: Երբ ընտրություն կլինի, հետո կասենք»: