Ռուսաստանից Հայաստան եկող դրամական փոխանցումների ծավալը նվազել է

Your browser doesn’t support HTML5

Կտրուկ կերպով նվազել է Ռուսաստանից Հայաստան եկող դրամական փոխանցումների ծավալը։

Հայաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, այս օգոստոսին՝ նախորդ օգոստոսի հետ համեմատ ֆիզիկական անձանց՝ բանկերի միջոցով դրամական փոխանցումները կրճատվել են ավելի քան 9 տոկոսով (2014թ․ օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ․ օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց):

Ընդ որում, դրամական փոխանցումների կրճատվելը աստիճանաբար ահագնացող բնույթ է ստանում․ եթե այս մայիսին՝ նախորդ մայիսի հետ համեմատած, քիչ էր փոխանցվել ընդամենը 1.1 տոկոս հուլիսին՝ նախորդ հուլիսի հետ համեմատած, 3.9 տոկոս, ապա օգոստոսին անկումը արդեն կազմել է ավելի քան 9 տոկոս։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար և դրանց կրճատումը բացասական հսկայական ազդեցություն կունենա հայաստանյան տնտեսության, մարդկանց կենսամակարդակի վրա:

«Տնտեսական աճի դանդաղեցում, կենսամակարդակի անկում»,- թվարկում է Բագրատյանը.- «Միակ լավ բանը, որ կարող է տեղի ունենալ, կարող են մի փոքր գներն անկում ապրեն, բայց գնանկումը շատ վատ բան է տնտեսության համար։ Ավելի լավ է գներն աճեն»։

Ցույց տալու համար, թե որքան է Հայաստանի տնտեսությունը կախված դրամական փոխանցումներից, բերենք այս թվերը. Վիճակագրական ծառայության համաձայն, 2013-ին Հայաստանից ողջ արտահանումը կազմել է 1․4 միլիարդ դոլար, իսկ ըստ Կենտրոնական բանկի՝ նույն տարում ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են փոխանցել 1․8 միլիարդ:

«Կառավարությունը դժվար թե կարողանա ապահովել այս տարի իր խոստացած 4 տոկոս տնտեսական աճը: Բացի այդ, տարեվերջին մենք լուրջ խնդիր կունենանք բյուջեն կատարելու առումով»,- ասաց Բագրատյանը:

«Ցավոք սրտի, իրականանում է վատագույն սցենարը։ Մենք տեսնում ենք, որ աճի տեմպը մնում է 3 տոկոսի շրջանակներում՝ փոքր ինչ փոփոխություններով, և այո, պետք է համաձայնել այս դեպքում և Արժույթի միջազգային հիմնադրամի, և Համաշխարհային բանկի հետ, որ տնտեսությունը դանդաղում է»,- ասաց նախկին վարչապետը։

Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի հայաստանյան պատասխանատուները զգալիորեն նվազեցրեցին Հայաստանի այս տարվա տնտեսական աճի իրենց կանխատեսումները՝ հայտարարելով, որ աճը կլինի 2.5-2.7 տոկոսի շրջանակում:

«Հայաստանի տնտեսությանը սպասվում են դժվարին ժամանակներ»,- անգամ հրապարակավ խոստովանեց ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Բագրատյանը հերթական անկումը պայմանավորում է երեք հիմնական գործոններով.- «Ներքին՝ ռեֆորմների իսպառ բացակայությունն է, արտաքին՝ մենք ինտեգրվում ենք մի տնտեսական տարածքի՝ Եվրասիական տնտեսական միությանը, որտեղ կան որոշակի առավելություններ, բայց թերություններն ավելի շատ են։ Երրորդ՝ իհարկե, եվրաինտեգրումից հրաժարվելու դեպքում, Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու պարագայում Եվրամիությունը, որը մեր հիմնական արտահանման շուկան էր, աստիճանաբար սկսում է սառել»։