Մատչելիության հղումներ

Հորթոն. «ԱՄՀ-ն պատրաստ է լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը»


ԱՄՀ պատվիրակությունը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, Երևան, 30-ը սեպտեմբերի, 2014թ․
ԱՄՀ պատվիրակությունը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, Երևան, 30-ը սեպտեմբերի, 2014թ․

Հայաստանի կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը, այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումները, ինչը տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից է։

Մարկ Հորթոնը գոհունակություն է հայտնել ԱՄՀ-ի կողմից Հայաստանի համար հաստատված եռամյա նոր ծրագրի առաջին փուլի կատարողականի վերաբերյալ և ընդգծել, որ նախանշված աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, առանց որևէ խոչընդոտի, ասված է հաղորդագրությունում։

Միաժամանակ, Հորթոնն ընդգծել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու և նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ գործակցությանն առնչվող այլ հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG