Ընդդիմության համոզմամբ Սերժ Սարգսյանն ուղղորդել է ՍԴ-ին

Ընդդիմության համոզմամբ Սերժ Սարգսյանը հրահանգ է տվել Սահմանադրական դատարանին, պարզ ասելով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքը չի փոխվելու:

Հիշեցնենք ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ նույնիսկ եթե որոշ իրավական ձևակերպումներ փոխվեն, միևնույն է՝ որոշումը չի փոխվելու․ - «Ես չեմ բացառում, միգուցե, այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ կամ որոշ բառեր պետք է փոխվեն: Կարող են լինել անհաջող ձևակերպումներ. մենք պատրաստ ենք այդ անհաջող ձևակերպումներն ուղղել: Իմաստը, վստահ եմ, որ չի փոխվելու, և ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը»:

Կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչը կասեցնելու միջնորդությամբ Սահմանադրական դատարան դիմած ուժերից մեկի՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո բոլորի համար էլ պարզ է, թե դատարանը ինչպիսի որոշում կկայացնի:

«Հիմա եթե Սահմանադրական դատարանը, այսպիսի մի հրաշալի բան մտածենք՝ ասենք որոշում ընդունի, որ այս օրենքը հակասահմանադրական է: Ի՞նչ է լինում Սերժ Սարգսյանի հեղինակության հետ՝ այն հավասարվում է զրոյի: Ինքը շատ լավ գիտի դրա մասին: Եթե նա նման բան ասում է, ինքը վստահ է, որ ինքը պարտադրելու է Սահմանադրական դատարանին ընդունել այն որոշումը, որը իրեն պետք է: Ուստի սա արհամարհանք է Սահմանադրության նկատմամբ, սա ակնհայտ ճնշում է Սահմանադրական դատարանի վրա», - ասում է Զուրաբյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նույնպես համոզված է, որ Սերժ Սարգսյանը բացահայտ ուղղորդել է Սահմանադրական դատարանին, բոլորին հասկացնելով, որ համակարգը միևնույն է՝ ներդրվելու է:

Քաղաքական ուժերի հետ համամիտ են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր տարածած հայտարարության մեջ նշում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթը և արտահայտած դիրքորոշումը բացահայտ ճնշում է սահմանադրական դատարանի վրա:

«Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձևակերպումներ և դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, մենք գնահատում ենք որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ և ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա», - ասված է «Դեմ եմ» նախաձեռնության հայտարարության մեջ:

Դատարանին ուղղորդելուց և անարգելուց բացի, քաղաքական ուժերը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը ուշադրություն է հրավիրում Սերժ Սարգսյանի այն հայտարարության վրա, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային համակարգին, բայց միևնույն է՝ ինքը սատարում է:

«Որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում: Մարդիկ մեզնից դժգոհ են, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեռք չենք բերում: Ռեսուրս ենք մաշում՝ 20 տարվա հետոյի համար, մեր երեխաների համար», - մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գործող նախագահի այս հայտարարությունը ակնհայտ ցինիզմ է որակում:

«Եթե ինքը՝ իշխանությունը, ընդունում է, որ 80 տոկոսը ժողովրդի դեմ է դրան, դա նշանակում է, որ այդ ռեֆորմը իրականացվում է բռնաբարելով ժողովրդի կամքը: Ուղղակի բոլորին դեմ», - ասում է Զուրաբյանը:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն էլ այսօր տարածած հայտարարության մեջ անդրադառնալով գործող նախագահի այդ հայտարարությանը նշում է․ - «Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80 տոկոսը: Նախագահի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում: Կառավարությունն ու նախագահը, մեղմ ասած, արհամարհում են ժողովրդի մեծամասնության կարծիքն ու պարտադրում իշխող նեղ խմբակի որոշումները՝ մոռանալով, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին», - ընդգծում են նախաձեռնության անդամները:

Ի դեպ, նախաձեռնության անդամներից Արտաշես Արաբաջյանը, այսօր «Ազատության» հետ զրույցում նախագահի հայտարարությունը մեջբերելով, հիշեցնում է Սահմանադրության 2-րդ հոդվածը, որտեղ հստակ նշված է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Իսկ եթե 80 տոկոսը դեմ, արդեն երևի դուք ինքներդ պատասխանը կտեսնեք», - ասում է ակտիվիստը:

Այն, որ գործող նախագահը, լավ իմանալով, որ ժողովրդի 80 տոկոսը դժգոհ է պարտադիր կուտակային համակարգից, միևնույն է՝ սատարում է մարդկանց աշխատավարձերից պարտադիր պահումներ անելու որոշումը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրբայանի համոզմամբ ցույց է տալիս, որ իշխանություններին շտապ փող է պետք:

«Իրենք հիմա գտնվում են ֆինանսական կառավարման ծանր ճգնաժամի մեջ: Այսօր, կոպիտ ասած, փող չկա», - ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Զուրաբյանի փոխանցմամբ, հաշվի առնելով այս իրավիճակը, երբ իշխանությունը, արհամարհելով ժողովրդի 80 տոկոսին, փորձում է պարտադրել իր ցանկությունը, այլ ելք չի մնում, քան պարտադրել այդ իշխանությանը գնալ զիջումների․ - «Այդ 80 տոկոսին այլ բան չի մնում, քան ակտիվ գործողություններով հրապարակում պարտադրել սեփական կամքը մի մարդու, որը փորձում է իր կամքը փաթաթել ժողովրդի վզին: Շրջադարձ կարող է լինել, այս իշխանությունները կարող են նահանջել միայն այն դեպքում, եթե տեսնեն տասնյակ հազարավոր մարդկանց հավաքված հրապարակում և բողոքող այս որոշման դեմ: Իսկ ավելի լավ առիթ, քան մարտի 1-ի հանրահավաքը՝ չի լինելու»:

Դե իսկ «Դեմ եմ» նախաձեռնության անդամների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթը ցույց տվեց, որ իրենք ճիշտ ուղղությամբ են գնում և հետևաբար ճնշումները իշխանության վրա շարունակվելու են:

«Կարևորը՝ գործադրել ճնշում: Իսկ ժողովրդի՝ փողոց դուրս գալը դա գործիքներից մեկն է: Պետք է մենք ուղակի ճիշտ կերպով ճնշենք», - ասում է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը: