Մատչելիության հղումներ

Ծառուկյանը հայտարարում է բարեփոխումների նոր հիմքի մասին


«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ
Իրեն այլընտրանք համարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հերթական 7-րդ համագումարում իր ելույթում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է բարեփոխումների նոր հիմքի մասին։ Այն, ըստ կուսակցության առաջնորդի, պետք է լուծում տա Հայաստանի առջև ծառացած խնդիրներին։

Ստեղծված իրավիճակից Հայաստանը դուրս բերելու համար քաղաքական ուժերին, հասարակական շրջանակներին Ծառուկյանն առաջարկել է կազմել «հստակ քաղաքական-հասարակական սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ և դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ»:

Նա իր ելույթում անդրադարձել է երկրում տիրող խնդիրներին՝ արտագաղթին, հարկային ոլորտին, սահմանամերձ գյուղերին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների վիճակին, կուտակային կենսաթոշակի մասին օրենքին և այլ հարցերի։

Կենսաթոշակային բարեփոխման մասին Ծառուկյանն ասել է՝ «սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»։

Նա շարունակել է․ - «Մենք ունենք լուրջ տնտեսական խնդիրներ, մենք ունենք արտադրության խնդիր, և որ ամենավտանգավորն է՝ մարդկանց մոտ պակասում է հույսը, որ այդ խնդիրները կլուծվեն»։

Ծառուկյանը վերհիշել է 2000-2007 թվականներին Հայաստանում կատարվող շինարարությունը՝ նշելով, թե «առ այսօր հնարավոր չի լինում գտնել տնտեսության վերակենդանացման և զարգացման այնպիսի բանալի, ինչպիսին այդ թվականների շինարարությունն էր»։ Նա վստահություն է հայտնել, որ այդ խնդիրները լուծելի են։

ԲՀԿ-ի առաջնորդը խոսել է կուսակցության՝ իշխանական կոալիցիայից դուրս գալու ու նոր կարգավիճակով հանդես գալու մասին, նշել այլընտրանք լինելու մասին․ - «ԲՀԿ-ն պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք»։

Համագումարի մասին տեղեկությունները՝ համագումարից հետո


Համագումարը լրագրողների համար փակ էր, կուսակցության ներկայացուցիչները դրանից հետո միայն տեղեկություններ հաղորդեցին համագումարի մանրամասների մասին։

Կուսակցության ղեկավար անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեցին տարբեր հարցերի։

ԲՀԿ-ի ներկայացուցիչները անդրադարձան նաև Մաքսային միություն Հայաստանի մտնելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ Վարդան Օսկանյանը քննադատել էր այն՝ միևնույն ժամանակ նշելով, որ Մաքսային միությունը և Ռուսաստանի հետ հարաբերությունները երկու տարբեր հարթությունների վրա պետք է դիտարկել։ Նա նկատել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է բարձր մակարդակի վրա լինեն։ Իսկ ԲՀԿ-ն դրանից հետո հայտարարել էր
իր դիրքորոշման մասին՝ նշելով, թե պաշտոնական տեսակետ կհայտնեն, երբ իշխանությունները այդ միության մեջ Հայաստանի շահի վերաբերյալ հստակ տեղեկություններ հաղորդեն։

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ Օսկանյանը ԲՀԿ-ի գաղափարախոսությանը, ծրագրերին հակասող հայտարարություններ չի արել․ - «Պարոն Օսկանյանը հստակ ասել է՝ երբ որ մեզ համար պարզ կլինի Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական առավելությունները, շահերը, այդ ժամանակ դիրքորոշում կլինի: Դա այն է, ինչ ասում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ որևէ հակասություն այստեղ չկա»:

Այսօր էլ Վարդան Օսկանյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները մինչև հիմա որևէ հստակ բան Մաքսային միության կազմում Հայաստանի ապագայի, շահի վերաբերյալ չեն հաղորդել․ - «Մաքսային միության հետ կապված երբ ասել եմ, որ մենք վռազել ենք, համենայն դեպս, Եվրամիության առաջարկը մերժելը պետք չէ համատեղվեր մեր՝ անմիջապես Մաքսային միությանն անդամակցության, բացարձակապես չի հակասում այն տեսակետներին, որոնք արտահայտվել են կուսակցության ղեկավարի կողմից, ուղղակի այնտեղ հակասություն չկա»:

Զոհրաբյանն անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, որտեղ նա բացառել է կտրուկ գնաճը Մաքսային միություն մտնելու արդյունքում։ «Ուզում եմ հիշեցնել, որ առաջինը նման պաշտոնական հայտարարություն խորհրդարանում արել է կառավարության անդամ էկոնոմիկայի նախարարը՝ հաստատելով, որ, այո, մոտավորապես 600 անուն ապրանք թանկանալու է, և, այո, չի հերքել, որ այդ 600 անուն ապրանքների մեջ լինելու են նաև առաջին կենսաապահովման անհրաժեշտ ապրանքներ», - ասաց նա՝ շարունակելով․ - «Երբ որ «Բարգավաճ Հայաստան»-ի համար պարզ կլինի տնտեսական օգուտները այս միությանը անդամակցելուց, մենք մեր վերջնական որոշումը կասենք»:

«Կառավարությունը իրավունք չուներ նման ռեֆորմի գնալ»


«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները նաև անդրադարձան Սերժ Սարգսյանի՝ կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ դիտարկումներին։

«Մենք մնում ենք մեր հստակ և վստահ դիրքորոշմանը, որ պարտադիր բաղադրիչի կիրառումը բերել է և շարունակելու է բերել սոցիալական լարվածության, ինչը անթույլատրելի է: Նման ցավագին ռեֆորմի կարող էր գնալ այն կառավարությունը, որը ունի վստահության ռեսուրս: Նման ռեֆորմի կարող էր գնալ այն կառավարությունը, որը չի տապալել իր նախորդ տարիների խոստումները, իր նախորդ տարիների ծրագրերը: Նման ռեֆորմի կարող էր գնալ այն կառավարությունը, որը ունի կանխատեսելիության գոնե ինչ-որ բարձր տոկոս», - հայտարարեց Զոհրաբյանը՝ հավելելով․ - «Այս կառավարությունը բարոյական և պրոֆեսիոնալ իրավունք չուներ նման ռեֆորմի գնալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ըստ էության զրկելով իր եկամուտի մի որոշ մասից՝ անորոշ, անհասցե, անհեռանկար ապագայի համար»:

Ինչու չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը


ԲՀԿ-ի ներկայացուցիչները խոսեցին նաև կառավարության հրաժարականի հարցի վերաբերյալ։ Չորս ոչ իշխանական ուժերը կառավարությանը անվստահություն հայտնելու հարց են քննարկում։ «Ինչո՞ւ չեք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը», - «Ազատության» այս հարցին Օսկանյանի հետևյալ պատասխանը հնչեց․ - «Մեր օրակարգում կառավարության հրաժարականի խնդիրն է, և որովհետև այն խնդիրները, որոնք ենթադրում են լուծումներ, կառավարությա՛ն շրջանակների, աշխատանքի ծիրի մեջ են, առավել ևս, որ սա խորհրդարանական գործընթաց է, վարչապետի նշանակումը դա մեծամասնության պրերոգատիվան է, դա խորհրդարանական դերատվություն է, և մենք ուզում ենք այդ ծիրի մեջ մնալ: Բայց մենք ոչինչ չենք բացառում, մենք գիտենք, թե երկրի իրավիճակի գլխավոր պատասխանատուները ովքեր են, այդ բոլորը մենք շատ լավ ենք հասկանում, բայց ըստ իրավիճակի, ըստ թելադրանքի, ես կարծում եմ, որ մենք համապատասխան դիրքորոշումներ կորդեգրենք»:

Զոհրաբյանը, իր հերթին, հայտարարեց․ - «Վստահ եղեք, որ չկա որևէ հարց, որը քննարկելի չլինի չորս քաղաքական ուժերի օրակարգում, տաբու լինի, այդ թվում նաև ձեր բարձրացրած հարցը: Որովհետև չկա որևէ պաշտոնյա Հայաստանի Հանրապետությունում, որը մտածի, որ ժառանգաբար ինքը այդ պաշտոնը ստացել է և դա ժառանգաբար կցված է իրեն»:

ԲՀԿ-ի համագումարում իր ելույթը Ծառուկյանն ամփոփել է՝ ասելով, թե երբ երկիրը զարգանա ճիշտ ուղղությամբ, մեծ սիրով ինքը կհեռանա քաղաքականությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG