Մատչելիության հղումներ

Կուտակայինին ընդդիմացող 4 ուժերը կոչ են անում շարունակել պայքարը


Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչին ընդդիմացող քաղաքական 4 ուժերն այսօր հայտարարություն են տարածել, որով ակտիվ պայքարող, գիտակից քաղաքացիներին, երիտասարդներին կոչ են անում ավելի լայն թափով ու կազմակերպվածությամբ շարունակել պայքարը:

«Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգությունը» վստահեցնում, որ պատրաստ են անմիջական մասնակցությամբ շարունակել պայքարը մինչև հաղթանակ:

«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, էլեկտրական ցանցերի աշխատակիցների՝ վերջին օրերի բողոքը սեփական շահերը պաշտպանելու մեր քաղաքացիների վճռականության դրսևորումն են», - ասված է հայտարարությունում:

Այսօր, սակայն, պարզ դարձավ, որ այդ պայքարի պատճառով մետրոյի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ հեռախոսազրույցում դատապարտեց այս երևույթն ու հավելեց, որ 4 ուժերը թերևս առաջիկայում «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության հետ կքննարկեն ստեղծված իրավիճակը՝ հասկանալու, թե ինչպես պետք է աջակցել այն մարդկանց, ովքեր, փաստորեն, այսօր արդեն ճնշումների են ենթարկվում բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառով:

«Սա անթույլատրելի է և ես ակնկալում եմ, որ առաջին հերթին Սահմանադրական դատարանը պիտի արձագանքի սրան», - ասում է Զոհրաբյանը:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, մինչդեռ, չի տեսնում ոչ մի դրամատիզմ նրանում, որ մարդիկ 30-40 տարի չեն կարողանալու ոչ մի կերպ հանել բարեկեցիկ ծերության համար պարտադիր կուտակված փողերը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ընդունեց, որ այսօր մարդկանց սոցիալական վիճակը վատթարանում է: Այդուհանդերձ, լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ մարդուն թույլ չեն տալիս ազատ տնօրինել իր գումարները, Նիկոյանը արձագանքեց․ - «Կա՛, նման մոտեցումն էլ կա: Եթե նա քաղաքացիությունը փոխում է, նա անմիջապես ստանում է իր ողջ կուտակված գումարը: Երկրորդը, ենթադրենք նա կորցնում է իր աշխատունակությունը, նա կարող է այդ գումարը ստանալ: Աստված ոչ անի՝ նրա մահի պարագայում, նոր համակարգում ժառանգելու իրավունքը կա»:

Եվ, ի վերջո, ըստ Հանրապետական պատգամավորի, իշխանությունները չեն գնացել այս ոչ պոպուլյար քայլին, որ այսօրվա խնդիր լուծեն: Ավելին, ըստ նրա՝ պետությունը այս գումարն օգտագործելու այլ հնարավորություն չունի: Մինչդեռ, Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ ասել էր, թե այս «գումարները կներդրվեն երկրում, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, գումարները կծախսվեն երկրում՝ տնտեսությունը զարգացնելու համար»: Հակոբյանը նաև խոստովանել էր, որ այս համակարգի ներդրմամբ խուսափել են հարկերը բարձրացնելուց:

«Ես ճիշտն ասած չգիտեմ՝ Հակոբ Հակոբյանը ուղիղ այդպես է ասել, թե չէ, բայց սա բացարձակապես կապ չունի հարկ հավաքելու խնդիրների հետ, որովհետև այս գումարը չի տնօրինում պետությունը», - այս առնչությամբ մեկնաբանեց Նիկոյանը, - «Սա ոչ պետական բյուջե է գնում, ոչ գնում է որևիցե ձևով պետությանը: Իշխանությունը իրավունք չունի չունի որևիցե գործառույթ կատարել այս գումարի հետ: Ուրիշ, այլ օգտագործման հնարավորություն այս գումարի հետ չկա, այնպես որ ձեր ասածը իմ համար տարօրինակ է»:

Հանրապետական պատգամավորը նաև ասաց, թե հասկանում է, որ պետության նկատմամբ անվստահություն է նաև օրենքի շուրջ ստեղծված բողոքի ալիքի պատճառը: Իսկ բողոքը շղթայական է դարձել և այսօր արդեն 5 խոշոր ընկերությունների աշխատակիցներ գործադուլով են սպառնում, եթե ղեկավարությունը չվերադարձնի աշխատավարձերից պարտադիր կուտակայինի համար արված պահումները:

Նիկոյանը հասկանում է, որ պետության նկատմամբ անվստահություն է նաև օրենքի շուրջ ստեղծված բողոքի ալիքի պատճառը: Իսկ բողոքն օր օրի ոչ միայն թեժանում է, այլ ավելին՝ ստեղծագործական բնույթ է կրում: «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությունից իմացանք, որ արդեն պատրաստվում են հեռախոսների համար կպչուն ժապավեններ, քննարկվում է առաջիկայում հերթական հանրահավաքը կազմակերպելու հարցը: Ավելանում է նաև աշխատավարձներից պահումներ չկատարող գործատուների թիվը: Այսօր էլ հերթական դիմում են ուղղել Պետեկամուտների կոմիտեին՝ պահանջելով էլեկտրոնային հաշվետվությունում ապաակտիվացնել պարտադիր կուտակային վճարների հաշվարկների դաշտը

Ի դեպ, մի քանի օր է շրջանառության մեջ են մտել «Դեմ եմ պարտադիրին» գրությամբ թղթադրամները: Մտահաղացման հեղինակ Ալեն Սիմոնյանն ասում է, որ ոչ մի օրենք չի խախտում, դրամը չի փչացնում, ընդամենը հայտնում է իր բողոքը: Կենտրոնական բանկը, մինչդեռ, հորդորում է զերծ մնալ ազգային արժույթը միտումնավոր վնասելուց և վնասելու կոչերից:

«Դրամը մնում է դրամ: Ես պատրաստ եմ, եթե Կենտրոնական բանկը պատրաստ չէ այդ դրամները ընդունել, բոլոր այդ դրամները ես կընդունեմ», - հակադարձում է Ալեն Սիմոնյանը:
XS
SM
MD
LG