Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը «ևս մեկ անգամ բացահայտ ուղղորդել է ՍԴ-ին»


Բողոքի ակցիա Երևանում՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, արխիվ
Բողոքի ակցիա Երևանում՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, արխիվ
Ոչ իշխանական ուժերն անդրադառնում են շաբաթ օրը Հայաստանի նախագահի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին արած հայտարարությանը։

Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարի ժամանակ նախագահ Սարգսյանը կրկին դրական արտահայտվեց բողոքի ցույցերի առիթ դարձած վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումների մասին։

«Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ, և ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որովհետև սա, իրոք, անհրաժեշտ լուծում է»,- ասել է Հայաստանի նախագահը.- «..որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք»։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը նկատում է, որ Սերժ Սարգսյանը բացահայտ ուղղորդել է Սահմանադրական դատարանին։ Նա հասկացրել է, որ համակարգը ներդրվելու է, ու իր համար էական չէ, թե ընդդիմախոսներն ինչ են ասում, կարծում է Սաֆարյանը։

«Ես Հայաստանը չեմ համարի այնպիսի մի երկիր, որտեղ Սահմանադրական դատարանի համար առաջնային լինի ոչ թե նախագահի խոսքը, հայտարարությունը կամ կարծիքը, այլ օրենքը։ Հետևաբար ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ բացահայտ ուղղորդել է ՍԴ-ին կամ ավելի ստույգ հանրությանը ասել է, թե ինչ է լինելու»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը։

Սաֆարյանը նկատում է, որ այս իրավիճակը բնորոշ չէ ժողովրդավարական երկրին.- «Եթե այսօր հասարակությունը, կամ իր ասած, 80 տոկոսը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ապա դեմ է նաև այն պատճառով, որ վստահ չէ՝ իրենից պարտադիր կողոպտված գումարը հենց իրեն վերադարձվելո՞ւ է, ինչպես եղավ ավանդների պարագայում»։

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասում է՝ ճիշտ կլիներ, որ նախագահը չանդրադառնար այդ հարցին։

«Նախագահին սխալ են ներկայացրել այդ օրենքը։ Նա չպետք է նման կտրուկ հայտարարություններ անի, առավել ևս, որ գործը գտնվում է Սահմանադրական դատարանում, և ինքն էլ նշում է, որ, միգուցե, օրենքում կան անհաջող, անհարթ իրավաբանական ձևակերպումներ»,- ասաց դաշնակցական պատգամավորը.- «Եթե նախագահը փորձել է իսկապես մխրճվել այս փոփոխությունների էության մեջ, ապա առնվազն պետք է համոզված լինի, որ այն երկրներում, որտեղ համակարգը՝ որպես բարեփոխում, ներդրվել է, հակառակը՝ բնակչության առնվազն 80 տոկոսը համաձայն է եղել փոփոխությունների հետ։ Եվ դրա համար այն հասարակություններում, որտեղ պարտադիր բաղադրիչը թեկուզ փոքր ծավալներով եղել է, այդ հասարակարգերում կոնսենսուս է ձևավորվել քաղաքական ուժերի և հասարակության մեջ դերակատարություն ունեցող մասնագիտական շրջանակների միջև»։

Մինասյանը ուշադրություն է հրավիրում հեռուստատեսությամբ օրենքի վերաբերյալ հանրության շրջանում դրական տպավորություն ստեղծող հեռուստատեսային հաղորդումների, այդ մասին դրական արտահայտվող պաշտոնյաների պահվածքի վրա՝ նկատելով, որ նրանք դրանով անպատասխանատվության մթնոլորտ են ստեղծում, քանի որ «աղավաղումներով են ներկայացնում համակարգը»։

«Սա անպատասխանատվության միջավայր և մթնոլորտ է առաջացնում, և ես շատ կուզենայի, որ մեր երկրի նախագահը չդառնար այդ անպատասխանատվության առաջացման հիմնական դրդիչը»,- ասաց պատգամավորը։

Պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրմանը ընդդիմացող «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամների համար նախագահի դիրքորոշումը նորություն չէր։ Այն ևս մեկ անգամ փաստեց, որ նախագահը փորձում է ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա, նկատում է ակտիվիստ Դավիթ Մանուկյանը։

«Ես դա կարող եմ նաև գնահատել այսպես՝ «ոչ բոլորդ սխալ եք, չեք հասկանում, մենք խելացի ենք և մենք ձեզ կպարտադրենք այս լավ բանը»»,- ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով նախագահի այն դիտարկմանը, թե հանրության 80 տոկոսը դժգոհ է սրանից, Մանուկյանը ասաց.- «Մեր ուժը այն է, որ արդեն իրենք են ընդունում, որ հանրության մեծ մասը մեզ հետ է, դեմ է այս օրենքին։ Ես ուզում եմ ՀՀԿ-ի ներկայացուցիչներին, ովքեր պնդում են, թե մեծամասնությունը իրենց կարծիքին է, ասել՝ նախագահը փաստորեն փաստել է, որ մեծամասնությունը դեմ է այս օրենքին»։
XS
SM
MD
LG