Ռուս և ղազախ դիվանագետները «մեկնաբանություն չունեն» ՀՀ-ի և ԼՂ-ի սահմանին մաքսակետ լինել-չլինելու շուրջ

Your browser doesn’t support HTML5

Մաքսային միության անդամ երկրների՝ Երևանում գործող դիվանագետները հրաժարվում են նշել, թե միությանը Հայաստանի անդամակցելուց հետո արդյոք մաքսակետ լինելու է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև:

Հայաստանի Հանրապետությունն ու չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գործում են միասնական մաքսային դաշտում, և, օրինակ, երբ դեպի Արցախ ապրանքներ են տանում կամ այնտեղից բերում, մաքս չեն վճարում: Սակայն այժմ, երբ Հայաստանում պատրաստվում են անդամակցել Մաքսային միությանը, միության անդամ-երկրներից մտահոգություններ են հնչում, թե արդյոք մաքսակետ լինելու է Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Որովհետև եթե մաքսակետ չի լինելու (ինչպես պնդում են Երևանում), դա նշանակում է, որ Մաքսային միության անդամ պետությունները պաշտոնապես ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղը այլևս Ադրբեջանի մաս չէ: Հայտնի է, մինչդեռ, որ Մաքսային միության բոլոր երեք անդամները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, շատ սերտ քաղաքական ու տնտեսական կապեր ունեն Ադրբեջանի հետ, իսկ ղարաբաղյան խնդրում սովորաբար բռնում են չեզոք դիրքորոշում:

Օրերս Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով համոզմունք է հայտնել, որ Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը ո՛չ այս տարի, ո՛չ էլ միգուցե հաջորդ տարի, քանի որ դրա համար ժամանակ է հարկավոր, հայտարարել է. - «Հայաստանն ունի չկարգավորված տարածքային խնդիր Ադրբեջանի հետ: Ինչպես հասկացա, Իլհամ Ալիևն այս հարցը իր ղազախ գործընկերոջն արդեն տվել է: Մենք պետք է հաշվի նստենք Ադրբեջանի կարծիքի հետ»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզջիգիթովը, ի պատասխան հարցին, թե այնուամենայնիվ, ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Աստանան այս հարցում, ասաց. - «Ղազախստանը որևէ դիրքորոշում չունի այս հարցում, որովհետև այդպիսի հարց չկա: Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ և հետագայում էլ համագործակցելու ենք»:

Իսկ հարցին, թե արդյոք չի բացառում, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ է լինելու, դեսպանն արձագանքեց. - «Գիտեք․․․դա Հայաստանի իրավունքն է ինչպես այն կորոշի, որտե՞ղ է իր սահմանը»:

Նույն հարցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը պատասխանեց. - «Գիտեք ինձ այդ հարցն ուղղեցին իմ գործընկերները՝ Եվրամիությունից․․․ Նրանք ինձ հարցրեցին՝ ի՞նչ եք մտածում մաքսակետի մասին: Ես հարցրեցի, իսկ Եվրամիությունը ինչպե՞ս էր մտադիր լուծել այդ հարցը Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ առևտրի պայմանագրի շրջանակներում, և ինձ ասացին՝ մենք որևէ խնդիր չենք տեսնում այդտեղ: Ես էլ արձագանքեցի՝ եթե ԵՄ-ն որևէ խնդիր չի տեսնում, Ռուսաստանը նույնպես որևէ խնդիր չի տեսնում»:

Հարցին, թե արդյոք իր ասածը կարելի է մեկնաբանել, որ մաքսակետ չի լինելու, Իվանովը պատասխանեց. - «Կարծում եմ խնդիրներ չեն լինի... Մեկնաբանություններ դեռ չունեմ»: